2 նոյեմբեր, 2016 12:43

Ինչպես կազմակերպել հանրային արշավները․ ուկրաինացի մասնագետի խորհուրդները

Օրերս Երևանում` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում («Ինտերնյուզ») ուկրաինացի մեդիա փորձագետ Անդրեյ Կուլակովը ներկայացրեց, թե ինչպես պետք է կազմակերպել հանրային արշավները: Անդրեյ Կուլակովն աշխատում է Ուկրաինայի առաջատար մեդիա ՀԿ-ներից մեկում՝ «Ինտերնյուզ»-ում՝ որպես մեդիա ծրագրերի ղեկավար։ Երևանում նա անցկացրեց դասընթաց «Շահերի պաշտպանություն» թեմայով՝ ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ։ ՍիվիլՆեթը ներկա էր դասընթացին և առանձնացրել է Անդրեյ Կուլակովի որոշ մտքեր։ 

Խոսելով տարբեր արշավների, դրանց ճիշտ կազմակերպման ու իրականացման մասին՝ պարոն Կուլակովը ներկայացրեց խորհուրդներ, թե ինչպես կարելի է արշավները  հաջողությամբ իրականացնել:

Ըստ փորձագետի՝ շահերի պաշտպանության արշավի ընթացքում առաջնային և ամենակարևոր հարցը խնդրի ճիշտ ձևակերպումն է:

«Իրավիճակի դիտարկումը, խնդրի և դրա առաջացման պատճառների հստակեցումն առաջին հայացքից կարող է շատ ակնհայտ թվալ, սակայն ավելի կարևոր է վերլուծել առկա փաստերը, իրավիճակը, լուծումներ գտնել, ապա ձևակերպել առանձնահատուկ խնդրահարույց իրավիճակները:

Հաջորդ կարևոր քայլը պետք է լինի խնդրի ձևափոխումը ընթացակարգային խնդրի: Պետք է հասկանալ, թե ով է  այն պատասխանատու անձը կամ կազմակերպությունը, որ պարտավոր է բոլոր հնարավոր մակարդակներում` օրենսդրական կամ այլ,  համապատասխան լուծումներ գտնել առկա խնդիրներին: 

Մեկ այլ կարևոր խնդիր է թիրախային խմբի որոշակիացումը: Ավելի լայն լսարանին հասնելու համար պետք է մշակել արշավն ըստ թիրախային խմբի կարիքների և արժեքների: Շահերի պաշտպանության արշավի ընթացքում խմբին ուղղված հիմնական ուղերձը պետք է լինի պարզ, իսկ առաջարկվող լուծումներում պետք է  հաշվի առնել դրանց համապատասխանությունը շահառուների կարիքներին,  որոնք իրենց հերթին պետք է լինեն օրինական և նպատակահարմար»:

Տեղեկատվական արշավում պարոն Կուլակովը կրկին ընդգծում է հետևյալ ասպեկտների կարևորությունը. «Ամեն ինչ պետք է կառուցված լինի լսարանի շուրջ: Մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է թիրախային խումբը և դրանից հետո միայն աշխատենք բովանդակության վրա»:

Համաձայն պարոն Կուլակովի` խոսնակների ընտրությունն անմիջականորեն կախված է թիրախային խմբի կարիքներից և հետարքրքություններից:

«Հաջող տեղեկատվական արշավի իրականացման գործում խոսնակների դերը չափազանց կարևոր է: Նրանց աշխատանքը լսարանի կարիքները հայտնաբերելն է և դրանցով առաջնորդվելը: Համոզված լինելու համար, որ Ձեր հաղորդագրությունը կհասնի լսարանին, կարելի է արշավում ընդգրկել հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների և փորձագետների: Միևնույն ժամանակ, ընտրված թիրախային խումբը պետք է  բացառիկ լինի: Որքան բացառիկ լինի, այնքան ավելի հեշտ կլինի խմբի հետ աշխատանքը: Այս դեպքում ավելի հեշտ է դառնում խմբի նպատակների վերլուծումը, ապա՝ այն հաղորդման ձևակերպումը, որն անհրաժեշտ է մատուցել նրանց»:

Խոսելով արշավների ընթացքում հնարավոր գործողությունների մասին, որոնք  հսկայական միջոցներ չեն պահանջում` պարոն Կուլակովը ներկայացրեց մի քանի օրինակ. Այն է, լրագրողների համար մամլո-շրջայցեր կազմակերպելը: «Տեղեկատվական արշավի ընթացքում շատ կարևոր է համախմբել մի շարք լրագրողների և նրանց տանել առանձնահատուկ մի դաշտ, որը ինչ-որ ձևով առնչվում է նախագծին: Եթե ենթադրենք, որ Դուք մշակութային նախագիծ եք իրականացնում, ապա կարող եք խմբին տանել թանգարաններ կամ  պատկերասրահներ և ներկայացնել արվեստին առնչվող նոր դասընթացներ»:

Մամլո հանդիպումները ճաշի սեղանի շուրջ  մեկ այլ լավ օրինակ են: Դուք  կարող եք որոշակի նախագծի վերաբերյալ ոչ պաշտոնական զրույց կազմակերպել` հրավիրելով արտասահմանյան փորձագետի կամ քաղաքական գործչի և ընտրված մամուլի գլխավոր խմբագրերի: Նման միջոցով Դուք խմբագրերին և նրանց լրատվամիջոցներին տալիս եք բացառիկ հնարավորություն ստանալ այն տեղեկատվությունը, ինչ  նրանք ցանկանում ն ստանալ:

Արվեստի և ԶԼՄ-ների համակցմամբ միջոցառումները շատ արդյունավետ են. ցուցադրությունները, ներկայացումները, շքերթները կօգնեն նախագծի վերաբերյալ ավելի լայն լսարանի ուշադրությունը գրավել: Ամենահեշտ տարբերակը նախագծի մեկնարկի առիթով մամլո ասուլիս հրավիրելն է: Այն կարող է ձանձրալի լինել, սակայն եթե ներգրավեք կարևոր խոսնակների և/կամ փորձագետների՝  կարող եք հասնել Ձեր նպատակին և արժանանալ պահանջվող ուշադրությանը:

Զրույցի վերջում պարոն Կուլակովը ընդգծեց դրամահավաքների և այլ մեթոդների՝ ընկերների, անհատների, ընտանիքի անդամների օգնությամբ ծրագրի իրականացման համար պահանջվող միջոցների հավաքագրման կարևորությունը:

«Ինձ համար շատ զարմանալի է տեսնել, որ հետխորհրդային երկրներում դրամահավաքները հաջողություն ունեն, և մարդիկ կամավոր ներգրավվում են տարբեր ծրագրերի իրականացման գործում: Այս տիպի հարթակները օգտագործում են ցանցերը՝ նախագծի ավելի մեծ հասանելիության և ճանաչելիության համար, ինչպես նաև հնարավոր են դարձնում նմանատիպ նախագծերում անհատների ներդրումները»:

Այլ կերպ ասած՝ «Եթե կարողանաք Ձեր խնդիրները ճիշտ ձևակերպել և ներկայացնել դրանց կարևորությունը, վստահ եմ, որ մարդիկ կցանկանան ներդրում ունենալ լուծումներ գտնելու գործում»:

 

Մանե Գևորգյան