2 նոյեմբեր, 2016 21:37

Սերժ Սարգսյան․ թարս շնորհակալության ասպետը

Սերժ Սարգսյանը  պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ Այս մարդն իր քավորությամբ մեր կյանք մտած «Սեքյուրիթի դրիմին» և «Փարկինգ սիթի սերվիզին» հանձնարարել է 10 օրվա ընթացքում իրենց ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը հանձնել պետությանը և համայքներին։ Այսինքն, փողը, որ մտնում էր այս կազմակերպությունների գրպանը, մտնի պետության գրպանը։

Լա՞վ է։ Այն էլ ոնց։ Բայց հարցեր կան։ Եթե ի վերջո դրանք պետք է անցնեին պետությանը, ինչի՞ հենց սկզբից պետությունը չէր տնօրինում կարմիր գծերից ու արագաչափերից եկող գումարները։ Որովհետև հենց սկզբից այս կազմակերպությունները կապ ունեին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ։ Հենց նրա գրպանն էլ գնում էին փողերը։ Եթե Սերժ Սարգսյանն այս քայլով աղքատացնում է հռչակավոր «Միստր Կես»-ին, ուրեմն էլի մեր քթից է բերելու, մտածելու է կամ արդեն մտածել է մի բան, որն Ալեքսանդր Սարգսյանին վերադարձնելու է վնասը։ Սա մեկ։ Երկրորդ, էս մարդն ասում է, որ «տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ կանխարգելիչ բնույթ ունեն»։

Ցավում եմ, որ օրիգինալ չեմ լինի, բայց՝ յա, իրո՞ք։ Էդ ո՞ր օրվանից։ Խի մենք չգիտե՞նք, որ էդպես է։ Դուք դա ու՞մ եք ասում՝ ոստիկանների՞ն, օրենսդիրների՞ն, հարկադիրի՞ն։ Օրենքները հենց սկզբից էն տեսքով ընդունեք, որ տարընթերցումների տեղիք չլինի։ Հենց նույն սկզբունքով էլ օլիգարխներ եք աճեցրել։ Մի փոքր երկրում տասը հոգի չի կարող շաքար ներկրել, բայց տուգանքները վարորդներից փող կորզելու միջոց չե՞ն։ Հենց միջոց են եղել և հենց դա էլ եղել է ձեր՝ իշխանությունների նպատակը։ Որովհետև դուք,-այստեղ կարելի է փաստել առանց ձևականությունների,- հենց այդպես եք ընկալել իշխանությունը։ Մարդը ձեր միջոցն է։

Մենք հազարավոր ոստիկանների կրթող հաստատություններ ենք պահել և պահում, հազարավոր անօրինականությունների միջով ենք անցել և անցնում, հարյուրավոր օրենսդիրներ ենք բուծել և բուծում, երեք նախագահ ենք փոխել, որ դուք էդ 5-րդ դասարանցուն սազական նախադասությունն ասեք Հայաստանի անկախության 26-րդ տարու՞մ։ Բա հաջորդ 25 տարում ի՞նչ պիտի լսենք՝ որ զենքը ոչ թե մարդասպանության միջոց է, այլ ինքնապաշտպանությա՞ն։ Կամ՝ դպրոցը ոչ թե երեխային ծեծելու վայր է, այլ կրթելու՞։ Կամ, որ ավելի տրամաբանական է, հաջորդ 25 տարվա համար՝ խաղալիքով խաղում են, ոչ թե փորձում ուտե՞լ։ Դուք տպավորություն չունե՞ք, որ մեր պետությունը միանգամից հենց այսօր մի 25 նախագահի հաստիք պիտի բացի, որ էս բոլոր հիմարություններն էս երկու օրը ասեն, վերջացնեն։

Հենց ինչու՞ խորհրդարանական ընտրությունների շեմին հասկացաք, որ «Սեքյուրիթի դրիմի» և «Փարկինգ սիթի սերվիզի» աշխատած գումարներն ամենևին էլ իրենք չպետք է աշխատեին։ Որովհետև կարմիր գծերի անհեթեթությունը գոնե պետք է պետությունը վայելեր, որ մեզ լավ զգայինք։ Գիտե՞ք ինչու պետությունը չվայելեց՝ որովհետև դուք՝ Սերժ Սարգսյանդ, երբեք էլ ձեզ պետության ղեկավար չեք զգացել։ Դուք նման եք բանկի այն աշխատակցին, որը «վայելել» է իր օտար հիմնադիրների բարեհաճությունը և ամեն օր թալանել այդ բանկը։ Դուք այս պետության քաղաքացիների՝ ձեզ հանդուրժելու նկատմամբ թարս շնորհակալությունն եք։ Հիմա կանգնել և բանկի բոլոր շահառուներին ու աշխատակիցներին ասում եք՝ բանկի փողերը չպետք է գողանալ։ Մյուսներն ախր չեն գողացել, այլ  սպասարկել են ձեզ՝ որպես օտար մարմնի։

Եթե մարդն իր սեփական տունն է թալանում, ուրեմն նա ամենայն հավանականությամբ նարկոտիկի փող չունի։ Եթե՝ ուրիշներինը, ուրեմն ավելի լուրջ պլանների է ձգտում։ Ըստ ամենայնի, Հայաստանը ձեր և ձեր թիմի տունը չէ, դուք բոլորդ, ներառյալ այսօրվա խորհրդակցության ներկաները, դրսերում դղյակներ ունեք։ Գոնե դուք՝ նախագահի աթոռին տիրացածդ, ձևերը գտեք շնորհակալ լինելու, եթե վերագտել եք պետության կամ բանկի իրական գործառույթների ընկալումը։

Ճշմարտությունն այն է, որ դուք արդեն այսօր գիտեք, որ կեղծելու եք խորհրդարանի առաջիկա ընտրությունները։ Կեղծելու եք նույնքան անմարդկայնորեն, ինչպես կեղծում էիք, երբ ԸՕ-ի շուրջ ոչ մի կոնսենսուս չկար։ Ձեզ համար ոչինչ չի փոխվել։ ՊՊԾ գնդի գրավումից հետո դուք առավել անկառավարելի եք դարձել, քան դրանից առաջ։ Դուք հիմա հիմքեր եք «հավաքագրում» կեղծված քվեների պատճառաբանական հասցեները մատնանշելու համար։ Դուք բոլոր կասկածողներին ուղղորդելու եք այս օրը՝ բա ո՞վ կարմիր գծերը վերցրեց իր եղբայրից կամ հովանավորյալից և տվեց պետությանը։ Ո՞վ էս արեց էսինչ օրը, ո՞վ էն արեց էնինչ օրը։ Ես վարորդ չեմ։ Չեմ էլ պատրաստվում լինել։ Բայց երբ նույն բանի մասին դժգոհում են բոլոր վարորդները և օդը կանգնեցնում այդ դժգոհություններով, ուրեմն մինչև հիմա ձեր արածը հանցագործություն էր։ Ընկեր, մեզ ծաղրելով չէ։ Առավելևս դա մի արա այնպիսի հակաինտելեկտուալ տիտանի ներկայությամբ, ինչպիսին Տարոն Մարգարյանն է։ Սիրուն չի։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: