8 նոյեմբեր, 2016 10:45

Իշխանությունը երկնքի՞ց է, թե՞ ժողովրդից

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, henaran.am կայքի հետ հարցազրույցում խոսելով իշխանության որակի մասին, հետևյալ հարց ու պատասխանն է ունեցել.

– Սրբազա՜ն, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ իշխանություն ունենք այսօր, արդյո՞ք քրիստոնեական սկզբունքներին հետևող ու հոգևոր արժեքներով առաջնորդվող ղեկավարներ ունե՞նք:

– Իշխանությունը Աստծուց է, ասում է առաքյալը, բայց սրա բացատրությունն էլ կա։ Իշխանություն կա օրհնություն է, իշխանություն կա պատիժ և խրատ է։ Թե որն է ժողովրդին բաժին հասել, ինքը ժողովուրդը պետք է որոշի։ Որոշելու համար էլ պետք է առաջնորդվել Ավետարանով։ Բացե՛ք Սուրբ գիրքը, տեսե՛ք՝ Աստված Ձեզանից ինչ է պահանջում, կատարե՛ք այն, ինչ պահանջում է Ձեզանից։

Այսինքն՝ Աստծո կամքով մեզ բաժին է հասնում «պատիժ կամ խրատ», իսկ ժողովրդին մնում է միայն համակերպվել Աստծու տվածի հետ: Քանի որ ըստ եկեղեցական դոգմատիկայի՝ Աստված կատարյալ է, հետևաբար նրա որոշումները ևս, ուստի պետք չէ վիճարկել Աստծու ուղարկած իշխանության գոյությունը: Եթե մեզ «պատիժ» իշխանություն է ուղարկել, ուրեմն արժանի ենք, պետք է համակերպվենք ու սպասենք այն երջանիկ պահին, երբ մեզ կուղարկի «խրատ» կամ ժողովրդի մասին մտածող իշխանություն: Պետք է ուղղակի դիմանանք ու սպասենք Աստծու ողորմածությանը:

21-րդ դարում Եվրոպայում կրթություն ստացած եպիսկոպոսից լսել կարծիք, որ իշխանությունն Աստծուց է տրված, առավել քան տարօրինակ է: Իշխանության ծագման ու նրա լեգիտիմության աղբյուրի վերաբերյալ նման պնդումները արդիական էին միջնադարում և բացարձակ միապետությունների դարաշրջանում, երբ եկեղեցին լեգիտիմացնում էր բացարձակ միապետությունները՝ պնդելով, որ Աստծուց ստանալով բացարձակ  իշխանությունը՝ միապետը երկրի վրա իրականացնում է Աստծու կամքը:

Հիմա, երբ Հայաստանը կանգնած է ժողովրդավարական պետություն կառուցելու մարտահրավերների առաջ, հասարակության որոշակի շերտի մոտ վստահություն ու հավատ վայելող բարձրաստիճան հոգևորականի կողմից իշխանության ծագումը Աստծուց բխեցնելն անհասկանալի է: Եթե, իհարկե, եկեղեցու որոշ հոգևորականներ լծված չեն գործող իշխանությանն ու ներկայիս իրավիճակը լեգիտիմացնելու «սուրբ» գործին: Մի կողմից հասարակության տարբեր շերտերի շրջանում՝ սկսած մանկապարտեզներից, Առաքելական եկեղեցին ակտիվ քարոզ է տանում՝ մարդկանց մեջ ամրապնդելու իր նկատմամբ հավատը, մյուս կողմից ձեռք բերված հավատն ու վստահությունը որոշ դեպքերում օգտագործվում է միջնադարյան մտածելակերպ ու ընկալումներ ձևավորելու համար:

Եկեղեցու ու պետության հստակ ու փաստացի տարանջատումը հրամայական է: Եկեղեցու բարձրաստիճան շատ հոգևորականներ սերտաճել են իշխանություններին՝ տարատեսակ ծառայություններ մատուցելով նրանց: Կոմֆորմիզմի ու հպատակության քարոզը եկեղեցու ներկայացուցիչների կողմից պարզապես հարված է քաղաքացիական հասարակությանն ու նրա ինստիտուտներին: Հպատակներից, այլ ոչ թե քաղաքացիներից բաղկացած հասարակությունը այն հումքն է, որի վրա կառուցվում են ավտորիտար ու տոտալիտար վարչակարգերը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: