8 նոյեմբեր, 2016 13:24

Ներկայացվել է զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության նոր ծրագիրը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է զեկուցել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը Կենտրոնական բանկի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ավարտելու մասին, հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ բանակի 25-րդ տարեդարձի օրվանից, ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ:

Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ:

Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի:

«Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար: «Դա չափազանց կարևոր ծրագիր է: Դեռևս երկու տարի առաջ մենք սկսեցինք այս աշխատանքը՝ մշտապես համոզված լինելով, որ զոհվածների և հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է, և որքանով կարողանանք լավ զբաղվել ու որքանով ի վիճակի լինենք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով թեթևացնել, պարտավոր ենք անել:

Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը: Մենք միշտ էլ փորձել ենք առավելագույնը անել: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների ու մեծաթիվ երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը հիմնականում կարողացել ենք լուծել, հենց այդ, այսպես ասած, ցանկության և պետության պատրաստակամության արդյունքն է, և ձևը շատ ճիշտ է՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այսինքն, եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց զուգահեռաբար պետք է աշխատել ֆինանսների նախարարության, կառավարության հետ: Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. այսինքն, ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարձրացնելու վճարները: Պետք է հաշվարկել, տեսնել այսօրվա համակարգը, արդյո՞ք, կարող է վատթարացնել որևէ մեկի վիճակը: Կարծում եմ, որ շատ քիչ դեպքեր կարող են լինել, և հիմնադրամը իր կանոնադրության մեջ, միգուցե, նաև օրենքը պետք է այս հանգամանքը հաշվի առնեն, և հնարավորություն ընձեռվի, որպեսզի վիճակի վատթարացում չլինի: Շատ կարևոր է, որ, այս փուլում եկել ենք այդ հանգրվանին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշելով, թե ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ տարբեր հասարակական կառույցներ, անհատներ փորձում էին առանձին-առանձին ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր տուժել էին, հաշմանդամ դարձել, նաև այն ընտանիքներին, որոնք զավակ էին կորցրել, Սարգսյանը նշել է, որ պետք է համախմբել հնարավորությունները՝ այդ բոլոր մարդկանց առաջարկել, որպեսզի կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ կատարեն, և այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ: Նրա մոտեցմամբ՝ վերոնշյալ հիմնադրամը չպետք է ունենա մեծ աշխատակազմ, ըստ այդմ՝ պետք է քիչ գործառնական ծախսեր կատարի:

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ ծրագիրը նախագծված է հենց «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ զոհվելու դեպքում` նրա ընտանիքին:

Նա վստահեցրել է, որ անպայման կհետևեն, որպեսզի որևէ ընտանիքի նպաստի գումարը չնվազի: Իսկ ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, ապա այնպես կարվի, որ նրանց վրա այդ ամսական հազար դրամ վճարը չանդրադառնա, ասել է նախարարը: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ծրագրի տրամաբանությունն այնպիսին է, որ հիմնադրամը պետք է կարողանա ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում և ժամանակի մեջ հնարավորինս բարելավի փոխհատուցումների չափը, ընդարձակի շահառուների շրջանակը՝ դառնալով ավելի երկարաժամկետ ծրագրի սկիզբ: