13 նոյեմբեր, 2016 21:12

Մենք՝ տականքներս, պետք է մտածենք մեր զինվորի մասին

Իշխանությունը երևի իր ընդդիմախոսին միայն տականք չէր ասել՝ ասեց։ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը գծեց այդ գիծը հասարակության և իշխանության միջև։ Էլ ինչի՞ համար են տանջվում։ Ամբողջ աշխարհը գիտի՝ ինչպես են վարվում տականքի հետ։ «Բաքվեցի» Վահան Մարտիրոսյանին էլ են տականք ասում, սեփական ընդդիմախոսին էլ։ Սաֆարովին ազատ արձակած հունգարացի կաշառակեր չինովնիկին էլ են տականք ասում, սեփական աշխատավարձի «արժանապատվությանը» կառչածին էլ։

25 տարվա ընթացքում պետական պաշտոնյան, քաղաքացու հարկերից սնվողը ե՞րբ էր հարկատուին տականք ասել։ Ո՞վ է հիշում։ Իշխանությունն անցնում է բոլոր սահմանները։ Հավանաբար, մեր հազար դրամը նրանց հաց ու ջրի նման է պետք։ «Դեֆոլտը» հենց դա է՝ երբ բյուջեն հնարավորություն չունի պահել զինվորին։ Փող կա, շատ կա, շատ-շատ կա։ Բայց դա զինվորի համար չէ, այլ՝ Խաչատուրովի, Հայկազ Բաղմանյանի, Վիգեն Սարգսյանի, Սերժ և Ալեքսանդր Սարգսյանների գրպանի ծախսի համար։ Իսկ զինվորի համար կանք մենք։

Քաղաքակիրթ մարդը սրան ասում է ԿՈՌՈՒՊՑԻԱ, մենք ենք, որ մեզանից ոչինչ չներկայացնելու պատճառով տեղի ունեցողին անվանում ենք «դեֆոլտ»։ Իշխանությունն էդ հազար դրամի անունը դրել է հանգանականություն։ Իբր մենք պետք է մտածենք մեր զինվորի մասին, մենք՝ տականքներս։ Գագիկ Մելիքյանը մեզ «տականք» ասելով զգուշացնում է, որ հարկ եղած դեպքում կկրակեն, որովհետև փամփուշտը,- հայտնի բան է,- տականքին է փնտրում և գտնում։ Մարտի 1-ի տասը զոհերը «տականք» չէի՞ն։

Այս մարդկանց, այսինքն, իշխանության, փամփուշտն առայժմ Ազգային ժողովի ճնշող մեծամասնությունն է։ Կքվեարկեն և հարցը կփակեն։ Գնա և վճարիր հազար դրամդ, որը ոչ հարկ է, ոչ էլ՝ տուրք։ Եթե երկարացրեցինք ընդդիմանալ, փամփուշտն անձամբ կգա։ Գագիկ Մելիքյանն առաջինն է, որ տեղեկացնում է այդ մասին։ Ազնիվ հոգի։

Բայց ամենավերևներում կես բանական մարդ չկա՞, որպեսզի հասկանա, թե որ դեպքերում են պետությունները դիմում հանգանակություններին։ Զինվորը պետական սահման է պահում։ Հայտնի է, որ ամբողջ աշխարհում զինվորի հանդեպ վերաբերմունքն առանձնահատուկ է, նա պետության գոյության կոնկրետ, փաստացի երաշխավորն է։ Որովհետև մեռնողն ինքն է։ Զինվորը հանգանակության օբյեկտ չէ, որովհետև նա պետության «սիրելիների» հերթագայությունում առաջինն է, հենց նրան մի բան է պատահում, պետությունը միջոցներ է ձեռք առնում։ Բայց երբ նա բանակը թողնում է, մտնում է արդեն մյուսների ողորմածության դաշտ։ Ասենք, ծառայությունից հետո քառօրյա պատերազմի հերոսի աչքը դուրս է գալիս, քաղաքացիներն անցնում են հանգանակության, որովհետև երկու աչքով նա անառիկ է պահել սահմանը։

Հանգանակությունների իմաստը ոչ միայն ողորմածությունն է, որն առանց Աստծո ընկալման իմաստ չունի, այլև որ ավելի վատ չլինի զուտ աշխարհիկ իմաստով։ Դու շա՜տ վատ ես ապրում, բայց գումար ես զոհաբերում ուրիշին, որ դիմացինը չմեռնի։ Զինվորը հաշմանդամ է դառնում պետական ինստիտուտների սահմանած ծառայության շրջանակում՝ լինի նա պայմանագրային, թե զինակոչային։ Քաղաքացին պետական ինստիտուտների բոլոր սահմաններով հարկեր և տուրքեր է մուծում։ Դրա դիմաց ինքը մասնակցում է ընտրություններին և ընտրվում։ Հենց ինքը մտնում է «պերմանենտ» հանգանակությունների դաշտ, այսինքն, ամեն ամիս պարտավորվում է իր քրտինքը փոխանցել ուրիշին, որի համար արդեն իսկ քրտնում էր, խաղի բոլոր կանոններով դառնում է 90-ականների այն երկրապահը, որը պատերազմից մտավ խաղաղություն և իշխանություններից պահանջեց իր թափած կամ չթափած արյան գինն ու ստացավ։ Մանվել Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Հայկազ Բաղմանյանը և ուրիշները այս փորձանքի դեմքերն են։ 

Սակայն հանգանակություններն աշխատում են սոցիալապես ամուր պետություններում։ Վերջին շնչի պետություններում հանգանակությունները կոռուպցիայի ստվերն են։ Այսինքն, ժողովրդից գումար հավաքենք, որպեսզի շարքայինները հասկանան, որ պետության մեջ իսկապես թալանելու ենթակա փող չկա։ Հանգանակությունները թալանի զուգահեռ փողն են, որոնք կաթիլ առ կաթիլ են ձևավորվում։ Քրտինքի կաթիլներից է բաղկացած հանգանակությունը։ Էդ կաթիլները թափողները,- Գագիկ Մելիքյանի կյանքը երկար լինի,- արդեն գիտենք՝ տականքներն են։ Այնքան այդպիսի տականքների գիտեմ՝ 100 հազար դրամ աշխատավարձի չեն ձգում։ Գագիկ Մելիքյանն ունի 27,6 միլիոն դրամ։ Ինքը ունի խոսքի իրավունք բոլոր հեռուստաընկերություններով ու կայքերով։ Նույնիսկ ընդդիմադիր կայքերն են նրան տեղ տալիս։ Տականքներինը միայն սոցիալական ցանցերն են։ Բոլորը չէ, որ կարդում են նրանց խոսքը։ Բայց Գագիկ Մելիքյանն այս անարդարությունն էլ կուղղի։ Մենք արդեն գիտենք նրանց։ Նրանց բերանը պետք է փակել։ Որպեսզի իշխանության ասելիքը չխլացնի այն փոքրամասնությունը, որին աշխարհի բոլոր լեզուներով անվանում են «ժողովուրդ»։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: