16 նոյեմբեր, 2016 13:12

Հայաստանում կոռուպցիայի մասին բարձրաձայնելը սոցիալապես ընդունելի չէ․ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

 

Հայաստանում մարդկանց 77%-ը կարծում է, որ մեր հասարակությունում սոցիալապես ընդունելի չէ բարձրաձայնել կոռուպցիոն դեպքերի մասին․ այս մասին ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2016. արդյունքները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով ասուլիսին։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ն իր Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր հետազոտությունն անցկացնում է երեք տարին մեկ, և սա չորրորդ անգամն է, որ Հայաստանն ընդգրկվել է հարցման մեջ։

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ ինչպես և 2013թ. դեպքում էր, այս տարի էլ Հայաստանի դեպքում պատկերն առավել մտահոգիչ է դառնում, երբ դիտարկվում են հարցման այն արդյունքները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի մեջ մարդկանց ներգրավված լինելու ցանկությանը և այդ պայքարում իրենց դերի ընկալմանը:

Մասնավորապես՝ հարցվածների 63%-ը կարծում է (2013թ. այդ տոկոսը նույնն էր), որ շարքային քաղաքացու ներգրավվումը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի փոխի: Սա ԱՊՀ տարածքում ամենացածր ցուցանիշն է, իսկ Եվրոպայի և Միջին Ասիայի ողջ տարածաշրջանում ավելի ցածր ցուցանիշ է գրանցվել միայն Չեխիայում (64%), և նույնքան՝ Հունգարիայում (63%):

Հարցվածների 52%-ն ասել է, որ չի ցանկանում որևէ ձևով ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, և սա ևս Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանի 42 երկրների շարքում ամենացածր թիվն է։ 2013թ․ Հայաստանում այս ցուցանիշը 57% է եղել։

Մյուս ցուցանիշը, որը, Վարուժան Հոկտանյանի խոսքով, նույնպես բավական մտահոգիչ է, կոռուպցիայի մասին բարձրաձայնելն է։ Հարցվածների 67%-ն ասել է (2013թ․ նույնպես 67% էր), որ չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե դրանց առնչվի կամ վկա լինի։ Այս ցուցանիշով ևս Հայաստանը տարածաշրջանի 42 երկրների շարքում վերջին տեղում է:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչը նշեց, որ եթե 2013թ․ Հայաստանում հարցված քաղաքացիների 21%-ն էր ասում, որ իշխանությունները ինչ-որ քայլեր անում են կոռուպցիան կրճատելու ուղղությամբ, ապա այժմ այդ թիվը նվազել է՝ հասնելով 14%-ի։ Միաժամանակ բարձրացել է նրանց թիվը, ովքեր ասում են, որ որևէ քայլ չի ձեռնարկվում, և դժգոհ են իշխանությունների քաղաքականությունից՝ 53%-ից հասնելով 65%-ի։

«Ո՞ր կառույցների պետական պաշտոնյաներն են ներքաշված կոռուպցիայի մեջ» հարցադրմանը 45%-ը պատասխանել է՝ պետական պաշտոնյաները։ Երկրորդ տեղում ՀՀ նախագահն ու նրա աշխատակազմն է՝ 44%, երրորդ տեղում՝ հարկային մարմինների պաշտոյաները՝ 43%։ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ դիտարկվել է ութ հաստատություն, և նախկինի պես առավել մաքուր են համարվում կրոնական առաջնորդները։

Հայաստանում հարցվածների 66%-ը կարծում է, որ երկրի հարուստները բավականին մեծ ազդեցություն ունեն երկրի քաղաքականության վրա։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանն այս ցուցանիշով մոտ է Արևմտյան Եվրոպայի (65%) երկրներին, քան ԱՊՀ (46%): Այս ցուցանիշով ռեկորդակիրներն Իսպանիան և Պորտուգալիան են՝ 88% և 85% համապատասխանաբար։

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այս տարվա հետազոտության գլխավոր հետևությունն այն է, որ եթե նախկինում մարդիկ խուսափում էին բարձրաձայնել կոռուպցիայի մասին, քանի որ կարծում էին, որ դրանով ոչինչ չի փոխվի, ապա այժմ մարդիկ սկսել են վախենալ հետևանքներից՝ ոչ միայն Հայաստանում, այլև նույնիսկ արևմտյան Եվրոպայի երկրներում։

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից