17 նոյեմբեր, 2016 14:17

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողների հատուցման նախագիծը

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է հազարական դրամ գանձել քաղաքացիների աշխատավարձերից։ Օրինագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 3-ը, ձեռնպահ՝ ոչ ոք։

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը նշեց, որ զոհված, վիրավորված ազատամարտիկների հարցը պետք է լուծել, և լավ է, որ նման փորձ արվում է։ Միաժամանակ նա ափսոսանք հայտնեց, որ օրինագիծը ներկայացվում է նման ձևով։ Բագրատյանի խոսքով՝ այն երկու կետով հակասում է Սահմանադրությանը և երեք այլ օրենքների։ Պատգամավորը նշեց, որ լավ կլիներ՝ նման օրինագիծ ներկայացնելուց առաջ հարցնել մարդկանց կարծիքը։

Ազգային ժողովը օրինագծի քննարկումն ավարտել էր նախօրեին։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրենքի նախագծին դեմ արտահայտվող պատգամավորներին հորդորել էր չսեղմել դեմ կոճակը։

Համաձայն նախագծի՝ հատուցման գումարները փոխանցվելու են 2017թ․ հունվարի 28-ից հետո գրանցվող դեպքերի համար։ Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ։ Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքնաչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրամաշնորհային միջոցերից, հատուկ այդ նպատակողվ թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից։