18 նոյեմբեր, 2016 18:28

«Հայկական վերածնունդը» Գյումրիի ընտրությունները կվիճարկի Սահմանադրական դատարանում

33 պատգամավոր ստորագրություն է տվել, որպեսզի հոկտեմբերի 2-ին կայացած Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքները բողոքարկվեն Սահմանադրական դատարանում։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսացության անդամ Հովհաննես Մարգարյանը։

Նա նշեց, որ իրենք արդեն ունեն 33 պատգամավորի ստորագրություն և պատրաստվում են Սահմանադրական դատարանում բողոքարկել  Գյումրիի նորընտիր ավագանու մանդատների բաշխումը։ «Մենք բողոքարկում ենք, քանի որ չի կարող քաղաքացիների ավելի քիչ ձայներ ստացած քաղաքական ուժը առաջադրել քաղաքապետի թեկնածու։ Սա վտանգավոր է, քանի որ վաղը կարող է՝ խորհրդարանական ընտրություններում մի որևէ կուսակցություն, որը ստացել է օրինակ 11 տոկոս ձայն, բոնուսային համակարգի օգնությանբ հասցնի իր մանդատները 54-ի կամ ավելիի»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

Երեք կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստանը», ԳԱԼԱ-ն և «Հայկական վերածնունդը» վիճարկում են Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետը, որը վերաբերում է մանդատների 40 տոկոսից ավելին ստացած ուժին բոնուս հատկացնելուն: Այդ բոնուսի շնորհիվ է Գյումրիի քաղաքային  ընտրություններում «Բալասանյան» դաշինքը, որին սատարում էր իշխող Հանրապետական կուսակցությունը, ստացել է քաղաքի ավագանու 33 մանդատներից 17-ը (50 տոկոսից ավելի), թեև ընտրություններում դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 34 տոկոսը:

Հովհանես Մարգարյանը ՍիվիՆեթի հետ զրույցում ասաց, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ Վանաձորում ընդդիմադիր կուսակցությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը և Վանաձորի ավագանու նիստերը կբոյկոտեն այնքան ժամանակ, մինչև կկարողանան վերահաստատել խախտված արդարությունը։

Վանաձորում հոկտեմբերի 2-ի ընտրություններում ընդդիմադիր երեք կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Բարգավաճ Հայաստանը» միասին ստացել էին 18 մանդատ և հուշագիր ստորագրել քաղաքային իշխանությունը միասնաբար ստանձնելու մասին՝ հանդես գալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի դեմ, որոնք միասին ստացել էին 15 մանդատ։ Սակայն ավագանու առաջին նիստին քաղաքապետի ընտրության ժամանակ հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուն, քանի որ փակ, գաղտնի քվեարկությանը ընդդիմադիր եռյակի ավագանու չորս անդամ քվեարկեցին ՀՀԿ-ի թեկնածուի օգտին։