18 նոյեմբեր, 2016 15:40

1000 դրամը վստահելու ճգնաժամը

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ հավանություն տվեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է հազարական դրամ գանձել քաղաքացիների աշխատավարձերից։ Օրինագծին կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 3-ը, ձեռնպահ՝ ոչ ոք։

Չնայած քաղաքական ու հասարակական շրջանակներում առկա հակասական ու ոչ միանշանակ դրական վերաբերմունքին՝ խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց օրինագիծը:

Որքանով են խորհդարանում տիրող տրամադրությունները համընկնում հանրային տրամադրություններին, շատ դժվար է ասել: Նախ՝ հանրային կարծիքի ուսումնասիրություն չի իրականացվել, հանրային քննարկումներ չեն անցկացվել: Բացի այդ՝ հասարակությունը նման իրադարձություններին արձագանքում է պոստ ֆակտում, երբ որոշումն արդեն ուժի մեջ մտած է լինում:

Բանակը համեմատաբար լեգիտիմ ինստիտուտ է, և անգամ եթե նրա հետ կապված դժգոհություններ կան, հանուն անվտանգության կամ անվտանգության ընկալման, դրանք մի կողմ են դրվում։

Վստահության ճգնաժամը՝ բարեփոխումների լուրջ խոչընդոտ 

Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի շուրջ արձագանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գործող իշխանությունները հանրային վստահության լրջագույն խնդիր ունեն:

Տիրող անպատժելիության մթնոլորտի պատճառով դժվար է հավատալ իշխանության խոստումներին, առավել ևս՝ աջակցել նրանց նախաձեռնած բարեփոխումներին: Հիշատակված օրենքի նպատակի հետ կապված գրեթե առարակություններ չեղան, հիմնականում համակարծություն էր տիրում, որ պետք է օգնել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորականների ընտանիքներին: Սակայն այդ օգնությունը կազմակերպողների ու կազմակերպման ձևի հարցում իշխանությունը լուրջ դիմադրության հանդիպեց:

Իշխանությունների գործելաոճի նախկին փորձը հիմքեր է տալիս լուրջ կասկածներ ունենալու, որ ռեսուրսները կարող են անարդյունավետ վատնվել կամ հայտնվեն որոշ անձանց գրպաններում:

Դեռ թարմ են «ապրիլյան պատերազմի» հիշողությունները, երբ որևէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվեց բանակում տեղ գտած կազմակերպչական ու մատակարարման ոլորտում եղած թերացումների համար, որոնց մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ անգամներ գրվել ու խոսվել է:

Իշխանությունը բավարարվեց միայն մի քանի միջին ու բարձրաստիճան զինվորականների աշխատանքից ազատելով: Երբ չեն աշխատում օրենքով ու Սահմանադրությամբ նախատեսված պատժի մեխանիզմները, անվստահության ճգնաժամը խորանում է:

Իշխանության ներկայացուցիչներն այդ խոչընդոտը հաղթահարելու համար դիմեցին քրեական ու կղերական մտծողության օգնությանը:

Հանրության վստահությունը շահելու համար նրանցից ոմանք հայտարարեցին, թե այդ հիմնադրամից գումար գողանալը «շանտղություն կլինի», կամ որ «թալանչիներին պետք է Աստված պատժի»: Իրավական պետությանը ոչ հարիր այս վստահեցումները ուղիղ հակասության մեջ են մտնում պետական մտածելակերպի ու իրավական պետության հիմնական դրույթների հետ:  Քաղաքացիներին ինչ-որ բանում վստահեցնելու համար «քֆուր ուտելը», մեղմ ասած, նոնսենս է, ավելի շատ՝ հատուկ է քրեական աշխարհին, իսկ պատժելը Աստծու վրա թողնելը արդեն իսկ կղերական համայնքի մտածելակերպի արտահայտություն է:

Բարեփոխումների մեկնարկի համար առաջին արդյունավետ քայլն օրենքի առաջ բոլորին հավասարեցնելն է և օրենքով օրինազանցներին պատժելու մեխանիզմի ներդրումը: Եթե չկան նման դրսևորումներ, անվստահության ու անպատժելիության մթնոլորտում բարեփոխումներ անելու վերաբերյալ իշխանությունների հավաստիացումները ոչ այլ ինչ են, քան դատարկ խոսքեր, իսկ հասարակության համար՝ հերթական անգամ իրենց գրպանը մտնելու դրսևորում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: