21 նոյեմբեր, 2016 16:55

Երկնքում Աստված, երկրի վրա՝ ՀՀԿ

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները հաճախ են դիմում Աստծո օգնությանը: Տպավորություն է, որ եկեղեցուն ու Աստծուն նրանք օգտագործում են Հայաստանում իրենց իշխանությունը լեգիտիմացնելու համար: Այդ մեթոդով իշխանությունները լեգիտիմացվում էին միջնադարում, բացարձակ միապետությունների դարաշրջանում։

Քանի որ Հանրապետական կուսակցությանը ժողովրդավարական ճանապարհով չի հաջողվում իշխանությունը լեգիտիմացնել, նրանք օգնության են կանչում եկեղեցուն, որն էլ իշխանությունը բխեցնում է Աստծուց: Ինչքան խորանում է իշխանության լեգիտիմության ճգնաժամը, ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան համակարգված ու ինտենսիվ է դառնում իշխանությունը Աստծուց բխեցնելու քարոզչությունը:

Արդեն անդրադարձել ենք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, որում նա բառացի ասում է․ «Իշխանությունը Աստծուց է, ասում է առաքյալը, բայց սրա բացատրությունն էլ կա։ Իշխանություն կա օրհնություն է, իշխանություն կա պատիժ և խրատ է...»։

Որոշ ժամանակ անց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, Ազգային ժողվի ամբիոնից խոսելով ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի մասին, հայտարարեց, որ «բանակի ունեցվածքը թալանողներին Աստված կպատժի»:

Եվ ահա շատ չանցած՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եպիսկոպոս Աջապահյանի առաջ քաշած, գեներալ Սեյրանի զարգացրած թեզի տրամաբանության շրջանակներում հայտարարեց, որ ոչ ավել, ոչ պակաս «Իրենք Աստծո միջնորդներն են»:

«Բոլոր հավատացյալ մարդիկ մտածում են այդ ձևով, որ Աստված կպատժի, բայց մենք բոլոր գործերը չպետք է թողնենք Աստծո վրա: Մենք Աստծո միջնորդներն ենք, պետք է այդ գործերին օժանդակենք, որ կարողանանք օգտակար լինել...»,- հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը...

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: