23 նոյեմբեր, 2016 16:35

Բելառուսում քննարկում են նախագահի ժամկետի երկարաձգումը, իսկ Ղազախստանում՝ Նազարբաևի պատվին մայրաքաղաքի անվանակոչումը

Բելառուսում առաջարկ է հնչել երկրի ընտրական համակարգը փոխելու և նախագահական լիազորությունների ժամկետն ավելացնելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի հայտարարել է, որ որոշում է ընդունվել 2018թ․ Սահմանադրության փոփոխության հանրաքվե անկացնել։

Առաջարկվում է հանրաքվեի դնել խորհրդարանի երկու պալատների և տեղական խորհուրդների պատգամավորների լիազորությունների ժամկետը 4-ից 5 տարվա, իսկ նախագահի լիազորությունները՝ 5-ից 7 տարվա ավելացնելու հարցը։

Բելառուսի լիբերալ-դեմոկրատների համոզմամբ՝ այդ փոփոխությունները «կամրապնդեն երկրի քաղաքական համակարգը, կտանեն հետագա ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության զարգացման, երկրի իշխանության ամրապնդման»։

Վերջին անգամ Բելառուսի Սահմանադրությունը փոխվել էր 2004թ․։ Այն ժամանակ հանրաքվեի արդյունքում երկրի մայր օրենքից հանվել էր նախագահի՝ երկու ժամկետ պաշտոնավարելու սահմանափակումը։

Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանել Նուրսուլթան

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մեկ այլ դաշնակից՝ Ղազախստանում էլ առաջարկ է հնչել երկրի մայրաքաղաքը առաջին և միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով անվանակոչելու վերաբերյալ։

Ղազասխստանի խորհրդարանի անդամ Քանիշ Սուլթանովը հայտարարել է, որ մայրաքաղաքը կարող է վերանվանվել Նուրսուլթան։ Իսկ պատգամավոր Զագիպա Բալիևան հանդես է եկել Աստանան Նազարբաև անվանակոչելու նախաձեռնությամբ։

Ղազախստանի խորհրդարանի մեկ այլ անդամ հայտարարել է, որ մայրաքաղաքի վերանվանման մասին որոշումը կարող է ընդունվել մեկ ամսվա ընթացքում։

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1990-ից և հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավարն է։

Ստելլա Մեհրաբեկյան