24 նոյեմբեր, 2016 11:27

Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին (լրացված)

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել․ այս մասին նա հայտարարել է կառավարության նոյեմբերի 24-ի նիստում։

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ՝ Կարապետյանն իր այս քայլը հիմնավորել է՝ նշելով, որ իրեն վարչապետի պաշտոնում աշխատելու հրավիրել է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Բացի այդ՝ նա նշել է, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և իրենց կառավարությունը եղել է առաջին հերթին Հանրապետական կուսակցության կառավարություն։

Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Այս մասին նա կառավարության նիստի ավարտից հետո ասել է լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ կուսակցական դառնալու որևէ պարտադրանք չկա, սա իր որոշումն է։

Վարչապետի օրինակին կհետևի և ՀՀԿ-ին կանդամակցի նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Առաջիկայում ՀՀԿ-ին պատրաստվում է անդամակցել նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։