24 նոյեմբեր, 2016 17:44

Այս մարդու խոսափողը սեփական ստամոքսն է

ՀՀԿ-ին անդամակցող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն առաջին անգամ է լսում, որ  ժողովուրդը չի վստահում Հանրապետականին: «Եթե չեն վստահում, այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան շատ ձայն հավաքեց»,- զարմացել է այս մարդը լրագրողի տարակուսանքից:

Զգու՞մ եք՝ այս մարդու խոսափողը սեփական ստամոքսն է: Այս տղան հոգու խորքում ռուսերենն էլ կհամարի Հայաստանի պետական լեզու: Սա սովածին կհամարի հակազգային տարր, այսինքն, հականժդեհական: Այս նախկին ռադիոտեխնիկը հավանաբար կոռուպցիա բառն էլ չի լսել: Ենթադրում եմ, այս մարդու պատկերացրած տեղեկատվական տեխնոլոգիան սեփական կամ, քարը տրաքի, Կարեն Կարապետյանի սառնարանի հնարավորություններից հեռու չի գնում: Որտեղի՞ց է այս կիսաերիտասարդը որոշել, որ Հանրապետականն այդքան շատ ձայն է հավաքել: Եվ ինչու չի կարող մի քիչ ազնիվ լինել և ասել, որ նոր Սահմանադրությամբ պարզապես չի կարող նախարարի պաշտոնում հացի փող աշխատել առանց Հանրապետականին անդամագրվելու: Նոր Սահմանադրությունն արդեն իսկ խոսում է նրա փոխարեն, ինչու՞ է այս մարդը այդքան ակնհայտ ստում: Ինքն ի՞նչ է կարծում՝ իր անդամակցությամբ ՀՀԿ-ի հեղինակությունն ավելանալու՞ է: Դիցուք, Կարեն Կարապետյանն այդպիսի հույս ունի՝ որ ինքը կշիռ կհաղորդի Հայաստանի առաջին քաղաքական չարիքին՝ ՀՀԿ-ին: Ինչ-ինչ, գոնե ընտրություններում ՀՀԿ-ի հավաքած շատ ձայներից մի խոսեք: Գուցե ասեք նաև, որ մյուս կուսակցություններն էլ ընտրություններում քիչ ձայնե՞ր են հավաքել: Որտեղի՞ց գիտեք: ՀՀԿ-ն է նույնիսկ դա խոստովանում:

Եթե վախենում եք սոված մնալ առանց ՀՀԿ-ի, կշտացեք սուս ու փուս: Մենք ձեր սովածությունից տեղյակ չենք եղել: Դուք մեր սովածությունից տեղյա՞կ եք՝ ոչ: Մտցնու՞մ ենք ձեր աչքը մեր սովածությունը՝ ոչ: Ո՞վ է կուշտ մարդու ձեր նախատիպը՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը: Ասեք՝ իմանանք: Մենք էլ նախատիպերի կարիք ունենք: Մերն, իհարկե, սովածի և կուշտի հետ կապ չունի, բայց ուզում ենք հասկանալ հայերեն լեզվով իր հանցավոր մղումները խոստովանող մարդուն: Որովհետև առանց Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին սեփական աչքի առաջ ունենալու, հանցագործ չես դառնա: Ծույլ մարդիկ են, հասկանու՞մ եք, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է, բայց կուշտ մնալ է ուզում հենց Հանրապետականին անդամակցելով: Որովհետև Հանրապետականը հաց է երկնքից: Հանրապետական դառնալ բոլորը չէ, որ պատրաստ են: Սակայն Կարեն Կարապետյանը և Վահան Մարտիրոսյանը այն նոր հակամարտիրոսներն են, որոնք գալիս են մեզ ասելու՝ կա՛մ կմեռնեք, կա՛մ կդառնաք հանրապետական: Վահան Մարտիրոսյանը թաքուն հնչեղությունն է մի կարգախոսի, որը ամբողջ ձայնով լսվում է ՀՀԿ-ական դառնալու կամքի մեջ՝ մենք բոլորս Կարեն Կարապետյան ենք:

Պարոն նախարար, պարոն վարչապետ, հասկացանք, որ Հայաստանը ձեր երազանքների երկիրը չէ, հասկացանք, որ նույնիսկ Փարիզի, Լոնդոնի և Դուբայի ձեր իդեալները մարմնավորվում են ստամոքսից, հասկացանք, որ չեք սիրում Հայաստանը, որ մի օր գուցե ադրբեջաներենն էլ այստեղ պետական լեզու պատկերացնեք ու չսխալվեք, քանի որ գուցե ընդդիմացողներ չլինեն, բայց խնդրում եմ ձեզ՝ կա՛մ խոսեք Սահմանադրության միջից, կա՛մ լռեք: Մենք մարդ չլինելու ձեր հնարավորությունները չունենք, մենք Կարեն Կարապետյան չենք և չենք լինի: Մենք այնքան «վատն» ենք, որ ձեզ էլ ենք սիրում: Որովհետև Հայաստանը ուղղակի կփլվի հիմնահատակ, եթե մտքի և սրտի ծայրով ատենք ձեզ, հավատացեք, Հայաստանից ոչինչ չի մնա նման դեպքերում: Մենք պատրաստ ենք հաշվի նստել ձեր ստամոքսի հետ, չէ՞ որ մերի մասին տեղեկանում ենք միայն խոցի կամ քաղցկեղի դեպքում: Բայց ասում եմ ձեզ՝ կերեք սուս ու փուս, կերեք այնպես, որ մեր երեխաները չլսեն, թե ինչպես է «ճիշտ» ուտելը: Մեր հացն առայժմ Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը: Առավելևս՝ ՀՀԿ-ն: Ի դեպ, կարող եք չլվալ ձեր ատամները: Արդեն 18 տարի Հայաստանը հանդուրժում է անլվա բերանով մի կուսակցության: Ու չի պատրաստվում ինքն իրեն թափ տալ: Բարի ախորժակ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: