24 նոյեմբեր, 2016 14:45

Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ էին վերադարձնել յոթ շրջանները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Հարցազրույցի այդ հատվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

- Ձեր կարծիքով հնարավո՞ր է որևէ դիվանագիտական փոխզիջում և այդ հենքով՝ ամուր խաղաղության հաստատում: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոխզիջումը:

- Իհարկե: Սկզբունքորեն, Մինսկի խմբի ողջ գործունեությունը ուղղված է դրան: 2007-ին,- այն ժամանակ ես դեռ վարչապետ էի,- համանախագահները մեզ ներկայացրեցին առաջարկներ՝ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը երեք սկզբունքների հիմքով. առաջին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, երկրորդ՝ պետությունների տարածքային ամբողջականություն, երրորդ՝ ժողովուրդների հավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:

– Գլուխկոտրուկ…

– Ոչ: Ոչ մի դեպքում: Այդ սկզբունքները ոչ մի դեպքում չեն հակասում միմյանց: Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը`մայրաքաղաքին և ժողովրդին, որը հավաք կերպով բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից: Չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի, այս սկզբունքները միմյանց չեն հակասում: Այն բանից հետո, երբ մենք ստացանք համանախագահների առաջարկները, մենք՝ հայկական կողմերը, ասացինք, որ դա այն փաստաթուղթը չէ, որ մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք այդ սկզբունքների և այդ փաստաթղթի շուրջ վարել բանակցություններ: Երկար ժամանակ Ադրբեջանը չէր համաձայնվում, եթե չեմ սխալվում՝ 2008-ի հունիսին,- դա իմ և Իլհամ Ալիևի միջև առաջին հանդիպումն էր,- ադրբեջանական կողմը տվեց իր համաձայնությունը: Սակայն վերադառնալով Բաքու՝ նրանք տարածեցին հայտարարություն, թե նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն չունի: 2008թ․ խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում, և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք Մայնդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, համաձայն որի՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են՝ որպես անվտանգության գոտի: Այսինքն՝ այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր՝ ովքեր են մասնակցում…

- Այսինքն՝ հանրաքվե…

– Այո: Հանրաքվե: Հանրաքվե, և դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կենսագործումն է: Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ: 2011-ին, կարծես, թվում էր, մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ և Ադրբեջանի նախագահին, հաջողություններ մաղթեց: Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանի նախագահին և ինձ նամակներ հղեց նույն բարեմաղթանքներով: Իսկ Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին: Ցավոք, Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ սկբունքից:

- Այսինքն՝ Դուք հանդիպեցիք, որպեսզի ստորագրեք…

– Այո: Այո: Այո: Հաշվի առնելով, որ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները համոզված էին, որ մենք կստորագրենք: Բայց Ադրբեջանը հրաժարվեց…

- Դուք դուրս եկաք ստորագրելու փաստաթո՞ւղթը, ինչպե՞ս դա եղավ:

– Փաստաթղթերը պատրաստ էին: Ռուսաստանի նախագահը, բացելով այդ հանդիպումը, ասաց, որ շատ լավ է, որ հասանք այս օրը, որ խաղաղ համաձայնագիր է… Ելույթ ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը: Ապա ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը, ասաց, որ, իհարկե, ուզում են, որ լուծումը լինի խաղաղ ճանապարհով, բայց դեռ հարցեր ունեն: Եթե չեմ սխալվում, թվարկեց 8, թե 9 կետեր:

Թարգմանությունը՝ Թաթուլ Հակոբյանի