28 նոյեմբեր, 2016 17:10

Շարունակվող ապրիլ․ Տիգրան Բերակչյան

Ապրիլի 2-ին Ջրականում (Ջաբրայիլում) ռազմական գործողությունների ժամանակ զոհված 19-ամյա Տիգրան Բերակչյանի մայրը ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմում է որդու ծառայության և մահվան մանրամասների մասին։

Ծանր հարվածից հետո մայրը դուրս է եկել աշխատանքից։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքում այսօր աշխատում է միայն հայրը։

Տիգրան Էդուարդի Բերակչյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Ջրականի (Ջաբրայիլի) դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի դեմ պայքարում։

Մահվանից տասը օր առաջ՝ մարտի 22-ին, Տիգրանը դարձել էր 19 տարեկան։
Տիգրան Բերակչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» շքանշաններով։
Ըստ բժշկական փորձաքննության՝ Տիգրանը պայթյունաբեկորային և հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի և ոտքի հատվածում։
Ջաբրայիլի դիրքերը պաշտպանող 18 զինծառայողի մահվան հանգամանքները պարզված չեն։

Ըստ ՀՔԱՎ գրասենյակի զեկույցի` Ջաբրայիլում տանկերը եղել են անսարք, շատերի մեջ վառելիքի փոխարեն ջուր է եղել, զինծառայողները բավարար քանակով ռազմամթերք չեն ունեցել։
Հանկարծակի եկած զինծառայողները երկար ժամանակ մարտի են բռնվել հակառակորդի հետ: Զուգահեռ կապ են հաստատել հրամանատարական շտաբի հետ՝ խնդրելով աջակցել և հայտնել հետագա գործողությունների մասին։ Որևէ պատասխան կամ հրահանգ չեն ստացել: Ապրիլի 2-ին, ժամը 07:30-ից կապը կորել է:

Տիգրանի հայրը՝ Էդուարդ Բերակչյանը, աշխատում է ՏրանսԳազ ՍՊԸ-ում ավտոփականագործ։ Մայրը՝ Եվգինե Բերակչյանը, մինչև որդու մահը որպես դայակ աշխատել է մանկապարտեզում։ Տիգրանի կրտսեր եղբայրը` Նարեկը, 16 տարեկան է, սովորում է 12-րդ դասարանում, ցանկանում է ընդունվել ուսումնարան, դառնալ ավտոդիագնոստիկ։ Ընտանիքի չորրորդ անդամը ծեր տատիկն է:

 

Ընտանիքին աջակցել ցանկացողների համար գործում է հաշվեհամար.

ՀայԲիզնեսԲանկ 11500642693226
ՀՀ դրամ
Էդուարդ Բերակչյան