2 դեկտեմբեր, 2016 12:57

Արևային կայաններն այսուհետ կարող են էլեկտրաէներգիան վաճառել ՀԷՑ-ին

Արևից էլեկտրաէներգիա ստացող կայաններն այուսհետ այն կարող են վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ)։

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է մի որոշման մասին, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը պարտավորվում է արևային ինքնավար կայաններից առաքվող էլէկտրաէներգիան գնել 42.645 դրամով` առանց ավելացված արժեքի հարկի։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 22-ին հայաստանյան մի քանի հեռուստաըկերությունների հարցազրույցում նշել էր. «Գազի գինը բա՞րձր է․ արևը շատ է, հնարավորությունը շատ է»: 

Այսուհետ մինչև 150 կՎտ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող արևային ինքնավար կայանները օրենքի սահմաններում կարող են իրենց ավելցուկը վաճառել ՀԷՑ-ին: Ըստ օրենքի` դա անելու համար այլևս չի պահանջվում լիցենզիա, և ամբողջ գործընթացը ազատված է հարկերից: