10 դեկտեմբեր, 2016 15:58

Ինչպես դիմակայել տեղեկատվական տարափին․ Գևորգ Տեր-Գաբրիելյան

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը ներկայացնում է, թե ինչպես է պետք դիմակայել տեղեկատվական տարափին։ Նա խոսում է հանրային դիսկուրսի, վստահության, դավադրությունների տեսության և այլ հարցերի մասին։

Ինչ է հանրային դիսկուրսը

Դա այն ամբողջ ինֆորմացիայի տարափն է, որը մեզ շրջապատում է, մեզ վրա լցվում է: Այն կարող է գալ ցանկացած ալիքով՝ ինտերնետով, հեռուստատեսությամբ, մարդկանց հետ խոսակցությունով, մեր տեսածով: Ամեն ինչով՝ բոլոր ուղղություններով: Դա միայն խոսքը չէ՝ մեր տեսածն է, մեր զգացածը, ամեն ինչը: Եվ այդ դիսկուրսը, փաստորեն, մեզ շատ իմաստներով ձևավորում է: Ես դրա մեջ երեք կառուցվածքային միավոր կհստակեցնեմ: Մեկը՝ հենց անվանենք ինֆորմացիայի տարափ: Գիտենք, որ շատերը Ֆեյսբուքից դուրս են գալիս, հեռուստացույցը անջատում են: Ինչի՞ց է դա, որովհետև նրանք չգիտեն, թե ինչպես դիմակայեն ինֆորմացիայի տարափին: Մի կողմից դա է գալիս:

Հանրային դիսկուրսի մյուս մասն ավելի խորն է, դա գուցե և ինչ-որ երկխոսության մեջ է մտնում ինֆորմացիայի տարափի հետ: Դա կրթական համակարգից ստացած մեր հաղորդագրություններն են: Տարիներ շարունակ, եթե մենք սովորել ենք Հովհաննես Թումանյան, կամ, չգիտեմ, սովորել ենք, որ եղել է Տիգրան Մեծ, եղել է Հայկ և Բել, և այլն և այլն,- այդ բոլոր հաղորդագրությունները մեզ ինչ-որ չափով ձևավորել են, և դրանք այդ նույն հանրային դիսկուրսի շատ կարևոր մասն են կազմում:

Երրորդ գործոնը ես անվանում եմ սոցիալական ճնշում: Դա և՛ ընտանիքում է տեղի ունենում՝ ինչպես վարվել, ինչպես չվարվել, ինչ ավանդույթ կա, ինչ ադաթ կա, և՛ ավելի մեծ հասարակությունում, և՛ դպրոցում: Ասենք, երբ փոքր էի, վաղ գարնանը կարճ շալվարով գնացել էի դասի: Դասարանի տղաներն ինձ վրա ծիծաղում էին: Ոչ թե որովհետև կարճ շալվար չէր կարելի հագնել, դա ավելի ուշ, ավելի մեծահասակ տղաների պրոբլեմ է, բայց այլ դեռ շուտ էր հագնել եղանակի տեսակետից:

Այս իրադրությունը աշխատում է աշխարհի ցանկացած մասում: Այսինքն սա հանրային դիսկուրսի ճնշման գլոբալ ճգնաժամ է, որը գործում է և՛ արևելքում, և՛ արևմուտքում, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ ամենուր:

Վստահության մասին

Հասարակություններն իրարից տարբերվում են մի շատ կարևոր փոփոխականով: Ես դրանք անվանում եմ հաստ փոփոխական, անգլերեն՝ thick variable: Անվանենք դա վստահություն՝ վստահության մակարդակ: Դա շատ լավ Ֆրենսիս Ֆուկույաման է իր՝ «Վստահություն» (Trust: Social Virtues and Creation of Prosperity) կոչվող գործում քննարկել:

Սա շատ պարզ փոփոխական է՝ որքան են մարդիկ վստահում միմյանց և որքան են վստահում այս դիսկուրսներին: Թե որքանով են իրենց հարմարավետ զգում այս իրադրության մեջ, շատ առումներով որոշվում է վստահությամբ։ Իսկ վստահությունը հասարակություններում լինում է տարբեր տեսակների:

Կան ցածր վստահության հասարակություններ, կան բարձր վստահության հասարակություններ: Օրինակ, Միացյալ Նահանգներում դու կարող ես ընդունվել համալսարան առանց որևէ հարցազրույցի, զուտ թեստի հիման վրա և քո CV-ն ուղարկելով: Ոչ մի փաստաթուղթ չեն պահանջում: Հետո կգաս, կտեսնեն՝ ով ես: Դա բարձր վստահության հասարակություն է: Նույն պատճառով նախկինում այնտեղ վարկեր շատ էին տալիս, հետո եղավ մեծ փուչիկը [2008թ․ֆինանսա-տնտեսական ճգնաժամը], և հիմա վիճակը մի քիչ փոխվել է, բայց միևնույնն է:

Վստահությունը ինչի՞ց է գալիս․ նրանք սովոր են ենթարկվել ընդունված կանոններին: Ուրեմն մեծամասնությունը այդ վարկից մուծելու է իր պարտքերը: Իսկ ով չի մուծելու, նրանց կարելի է ապահովագրել և ապահովագրությունից ստանալ տարբերությունը: Այսինքն, վարկ ստացողների 10-15 տոկոսը կարող է՝ չմուծեն: Այդպիսին էր իրադրությունը մինչև  ճգնաժամը, հետո մի քիչ փոխվեց, բայց էությունը չի փոխվել: Միացյալ Նահանգները մնում է բարձր վստահության երկիր:

Եվ, ընդհակառակը, շատ երկրներ կան, որոնք բարձր վստահության երկիր չեն: Ես չեմ ուզում Հայաստանի օրինակը բերել, բայց Հայաստանը հենց դրանցից մեկն է: Ուղղակի էստեղ խոտորված է պատմությունը, որովհետև մենք Խորհրդային Միության պատմության պատճառով ենք ցածր վստահության երկիր։

Կան երկրներ, որտեղ ավանդույթն է այդպիսին: Օրինակ, Ֆրանսիան ավելի ցածր վստահության երկիր է: Այնտեղ ավելի հավանական է, որ քեզ գործի վերցնեն ծանոթի միջոցով: Այսինքն դու շրջանավարտ ես, գործ ես փնտրում: Դու պիտի ունենաս լավ հայրիկ, որն ունի լավ ընկեր, որպեսզի նա քեզ գործի վերցնի: Դիմումներով ավելի փոքր հնարավորություն ունես:

Ես Միացյալ Նահանգներում ունեի մի քանի վարկային քարտ և բանկային հաշիվ։ Երբ տեղափոխվեցի Մեծ Բրիտանիա, չնայած շատ ավելի կարևոր աշխատանքի էի անցել, քան ԱՄՆ-ում, բոլոր բանկերը հրաժարվում էին ինձ համար բանկային հաշիվ բացել: Պարզապես հաշիվ բացել, որ ես այնտեղ փող պահեմ: Իմ ընկերուհին, որի հայրը բանկի ղեկավար էր, զանգահարեց բանկի համապատասխան բաժանմունք, որ ինձ համար այդ հաշիվը բացեն: Դա ցածր վստահության շատ ակնառու օրինակ է:

Հիմա, երբ մենք Հայաստանում ունենք վստահության բացակայություն, ինֆորմացիոն այս տարափը և, բնականաբար, այս հանգամանքները դժվար իրավիճակի մեջ են դնում մարդկանց, և կարևոր նշանակություն է ձեռք բերում զտելը: Պետք է այս ամբողջ ինֆորմացիան զտես և իմանաս՝ ինչպես կողմնորոշվես: Ինչպես իմանալ՝ որ բժիշկի մոտ գնալ, ինչպես իմանալ՝ ռազմաճակատում ինչ վիճակ է, ինչպես իմանալ՝ որ սննդամթերքը գնել, որ խանութից, որ գնով, և այլն:

Ցածր վստահության հասարակությունում դու պիտի հենվես այն հաղորդագրությունների վրա, որոնց վստահում ես: Իսկ ինչի՞ն է մարդ վստահում ընդհանրապես:

Առաջինը հեղինակությունն է: Եթե ասում են՝ Հովհաննես Թումանյանն է ասել՝ «ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք», դա սովորաբար ավելի մեծ նշանակություն ունի, քան երբ անծանոթ մեկն է փորձում ինչ-որ խորիմաստ բան ասել:

Երկրորդ դեպքը գիտությունն է, որը հանրային դիսկուրսում հաճախ փոխարինվում է տվյալներով և թվերով: Իսկ երբեմն գիտական կամ պսևդո-գիտական բանաձևերով:

Երրորդը այն է, ինչ մենք անվանում ենք evidence: Այսինքն տեսանելի, այսինքն քո աչքով տեսար դա:

Չորրորդը վստահության ավանդույթն է, որը ես անվանում եմ հորիզոնական վստահություն: Այսինքն եթե կա ինչ-որ մեկը, ինչ-որ հաստատություն, որին դու վստահում ես երկար տարիներ, ապա հավանական է, որ կշարունակես նրան վստահել:

Ինչու՞ է ժուռնալիստիկան շատ կարևոր․ որ ասի, թե ինչ տեղի ունեցավ, որ այս տեսանելիությանը մոտեցնի տվյալների ու թվերի միջոցով:

Գիտությանը վստահելու դժվարությունը

Եթե մարդ սովորել է, որ աշխարհը յոթ օրվա մեջ է ստեղծվել, նա դժվարությամբ կհավատա, որ գիտությունը նաև ասում է` մարդը կապիկից է առաջացել: Նա դժվարությամբ կհավատա գիտության այլ դրույթներին ևս: Կգնա բժշկի, բժիշկը կասի՝ գիտությունը սա է ասում, իսկ դա նրան չի օգնի, թանկ կնստի, դեղ կառնի: Դրանից հետո կգնա շամանի մոտ, և գուցե շամանը նրան լիովին համոզի, որ գիտությունը սուտ է:

Ուրեմն՝ գիտությանը հավատալը նույնպես որոշակի դժվարություն է: Շատ ավելի հեշտ է առանց գիտությանը հավատալու, առանց ռացիոնալ փաստարկին հավատալու՝ հավատալ հեղինակությանը։

Հայաստանյան այսօրվա հասարակությունում հեղինակություններ չկան: Հեղինակությունները ճոճվում են՝ և՛ կենդանի հեղինակությունները, և ՛ այսպես ասած՝ մեր հեղինակությունների պանթեոնը: Դա ամբողջ աշխարհում է տեղի ունենում:

Այսինքն, մենք բոլորս կուզենայինք, որ լիներ Շեքսպիրը՝ աշխարհի ամենածանոթ եվրոպական անունը: Մենք ուրախանում ենք, երբ ասում ենք, որ Աստվածաշունչը աշխարհում ամենաշատը հրատարապված, ամենաշատ տպաքանակով երբևէ հրատարակված գիրքն է, բայց պարզվում է, որ աշխարհում ամենատարածված, բոլորին հայտնի անունը Եվրոպայում ծնված Ադոլֆ Հիտլերի անունն է: Դա առաջացնում է կոգնիտիվ դիսոնանս, և մենք հասկանում ենք, որ հեղինակությունների այն պանթեոնը, այն շարքը, որը մենք կուզենայինք, որ աշխարհում տիրապետեր, պարտադիր չէ, որ աշխարհում տիրապետի:

Աչքով տեսածի և հորիզոնական վստահության մասին

Վստահության մյուս մակարդակը աչքով տեսածն է: Դրա մասին շատ ենք խոսել, և հորիզոնական վստահությունը: Այսինքն, եթե դու ինչ-որ մեկին վստահել ես, ապա հավանական է, որ նորից վստահես: Եվ շատ կարևոր է այս արժեքը չխախտելը:

Ցածր վստահության պայմաններում շատ կարևոր է հորիզոնական վստահության արժեքը չխախտելը․․․ ընկերությունը, մանկության ընկերությունը, ծնողների ընկերների երեխաները, կոլեգաները, որոնք միմյանց հետ փորձ ունեն աշխատելու:

Օրինակ ես մի անգամ գործուղման էի գնացել: Ես՝ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ, մի պետական սեկտորի ներկայացուցչի հետ: Նախապես հակված էի նրան չվստահել: Դժվար գործուղում էր: Պիտի միջազգային հանրության հետ խոսեինք։ Այդ գործուղման ընթացքում մենք հանպատրաստից միմյանց այնպես օգնեցինք, որ դրանից հետո դարձանք ընկերներ և մինչև հիմա մեր համագործակցությունը, բարեկամությունը շարունակվում է: Դա արժեքավոր է, պահուստի պես կուտակում ես նման հարաբերությունները:

Ուրեմն կուտակել հարաբերություններ և ստեղծել հորիզոնական վստահության համակարգ: Լինի դա անձեր, թե կազմակերպություններ՝ հորիզոնական վստահության հարաբերություններ: Մյուս խնդիրը ո՞րն է: Երբ շատ դժվար է իմանալ, թե գիտությունը ճիշտ է, թե ոչ, երբ հեղինակությունները հարցականի տակ են, երբ հատկապես քո աչքով չես կարող տեսնել, որովհետև բարդ հարց է, ուրեմն ի՞նչ պետք է անես: Եթե երկուսը իրար վստահում են, իսկ այդ երկուսից մեկը և մի երրորդ անձ նույնպես իրար վստահում են, բնականաբար, որ դու քո կյանքի ապահովությունը ավելացնես, պիտի աշխատես այն երկուսին, որոնք իրար չգիտեն, միմյանց հետ կապել: Դա երբեմն ստացվում է, երբեմն չի ստացվում:

Հանրային վստահությունը այնքան է ցածրացել, որ եթե դու մեկին ճանաչում ես քառասուն տարի կամ ավելի և գիտես, որ նա կեղտոտություն չի արել, քո նկատմամբ  լավ է տրամադրված, սերում է որոշակի ակունքներից, որոնց դու հակված ես վստահել, ավելի շուտ նրա հետ գործ կունենաս, քան մյուսի հետ: Սկսում է ձևավորվել վստահության այս ցանցը, որը շատ կարևոր է երկիրը ցածր վստահության այս ճգնաժամից դուրս բերելու համար:

Բայց այստեղ շատ կարևոր է չսխալվել: Հենց վստահությունդ չարդարացավ, իսկույն այս կապը թուլանում է:

Դավադրությունների տեսության մասին

Ինչու՞ է ծաղկում դավադրությունների տեսությունը: Նախ, եթե գիտությանը չես վստահում, կամ գիտական հստակ պատճառահետևանքային կապ չկա իրադարձությունների մեջ:

Երկրորդ, եթե քո մոտիկ հեղինակությունները, քո հենասյուները, որոնց դու քո աչքով տեսնում, հավատում, վստահում ես, ճոճվում են կամ ընդհանրապես բացակայում:

Երրորդ, եթե դու վատ կրթություն ես ստացել, եթե կրթական համակարգն այդքան էլ հաջող չէ, և քեզ շատ բան չեն սովորեցրել, և այլն: Դու ինքդ քեզ չես հավատում, որ դու գործիչ ես այս կյանքում: Հետևաբար դու չես հավատում, որ քո շրջապատն է գործիչ այս կյանքում, և քեզ շատ ավելի հարմար է թվում կարծել, որ գործիչ ինչ-որ մեկ այլ գաղտնի ուժ է, որի մասին մենք շատ բան չգիտենք, բայց նա է կազմակերպում ամեն ինչ:

Դավադրությունների տեսությունը շատ ուժեղ կապված է աղմուկի հետ: Այն հորիզոնական վստահության վրա հիմնված չէ, կարելի է դեն նետել: Հաճախ հաճելի է որպես դեդեկտիվ կարդալ՝ թե ինչ մտածեց Օբաման, երբ Պուտինի հետ միասին որոշեցին, որ Ալիևին ասի՝ հայկական հողերը հանձնեն: Այդ ամբողջ դիսկուրսը իրականում զուտ աղմուկ է, այն կարելի է լրիվ դեն նետել:

Կա գիտական մոտեցում, որը կոչվում է Օկամի ածելի: Օկամը միջնադարյան անգլիացի փիլիսոփա էր, ով ասում էր, որ այն ամենը ինչի հստակ ապացույցը կամ տեսանելիությունը չունես, դե՛ն նետիր, հաշվի մի՛ առ, դրանով մի՛ զբաղվիր, դրա վրա ժամանակ մի՛ կորցրու:

Ի վերջո այս ամենը մարդուն դարձնում են ավելի իշխելի: Ինֆորմացիոն տարափը՝ աղմուկի հետ միավորված, բթացնում է։ Իսկ կրթական համակարգը, եթե վատն է, սխալ բաներ է սովորեցնում: Սոցիալական ճնշմամբ ուզում է, որ ենթարկվի: Արդյունքն այն է, որ մարդ ավելի իշխելի է: Եթե նա սկսում է հավատալ դավադրությունների տեսությանը՝ կոնսպիրոլոգիային, նա դառնում է շատ հեշտ իշխելի: Դրա համար զգուշացե՛ք կոնսպիրոլոգիայից:

Եթե հիմք ունեք կասկածելու, որ ինչ-որ կոնսպիրոլոգիական հարց կա, դիմեք ձեր վստահության պլատֆորմին: Տեսե՛ք՝ նրանք ինչ կասեն:

Կոնսպիրոլոգիայի դեմ պայքարելու լավագույն ձևերից մեկը թափանցիկությունն է: Եթե ասում են ՝ այսինչ կողմը, այսինչ դավադրությունը ինչ-որ բան է անում, հարց ես տալիս՝ ու՞ր է փաստը, ու՞ր է տեսանելիքը, ու՞ր է գիտական ապացույցը, ցու՛յց տվեք: Եթե չկա, իմաստ չունի: Դա շատ հեշտ է: Եվ քո կյանքում էլ՝ և՛ արժանապատվության համար, և՛ վստահության ցանցի մեջ մտնելու համար շատ կարևոր է թափանցիկությունը: Ինչքան քիչ բան թաքցնես, այնքան լավ: Այսօր ամբողջ «վիկիլիքսությունը», այդ Պանամայի թղթերը,- այդ ամենը ինչի՞ մասին է․ որ աշխարհը հասել է զարգացման այն մակարդակի, որ թափանցիկությունը տեխնոլոգիապես դառնում է գերիշխող:

Մենք պիտի սովորենք, որ ապրում ենք թափանցիկ աշխարհում։ Եվ ո՞վ է ուզում, որ թափանցիկություն չլինի, էլի անարդար իշխող ուժը: Անարդար իշխող ուժն է սերմանում գաղտնիություն: Ոչ մի թաքցնելու բան չկա: Մենք ենք, մեր սարերը: Ոչ մի բանից, ոչ մեկից, ոչ մի տեղից, ոչ մի գաղտնիք չկա: