12 դեկտեմբեր, 2016 19:18

Արման Մկրտումյան. անպատժելիության «հմայքը»

Փաստաբանները ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից պահանջում են վարույթ սկսել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ: Մկրտումյանը դատական աշխարհի Սերժ Սարգսյանն է: Այս մարդը մասնագիտական «կյանքում» երբևէ որևէ արարքի համար պատասխան չի տվել:

ՄԻԵԴ-ը, սակայն, նման բարդույթներ չունի՝ իր վճիռներից մեկում նա նկատել է, որ 2007-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Մ-ն (այսինքն՝ Արման Մկրտումյանը) Բուզանդի փողոցում իրենց գույքը պահանջող ՀՀ երեք քաղաքացիներին, մեղմ ասած, ստիպել է հաշտվել գույքն առգրավողների հետ, այսինքն, քարը փեշից թափել և ընդունել առգրավողների առաջարկած գինը:

Այլ խոսքով, դատավորը չեզոք կողմից դարձել է շահագրգիռ կողմ: Պարզ է, որ երեք քաղաքացու համաձայնությունը չստանալով՝ Արման Մկրտումյանը նրանց օգտին վճիռ չի կայացրել:

Ո՞վ է Արման Մկրտումյանը՝ երազանք իրավական պետության թշնամի ցանկացած նախագահի համար: Նա այն դեմքերից է, որոնց մասին ասում են՝ ինչքան կոռումպացված, այնքան լավ: Որովհետև այսպիսի մարդիկ իրենց կոռումպացվածությամբ են կառավարելի: Դե հիմա պատկերացրեք, ինքն այսօր Վճռաբեկ դատարանի նախագահն է, այսինքն, ՀՀ բոլոր դատավորների նախագահը: Պարզ չէ՞, որ այս մարդու «ներքո» աշխատող բոլոր դատավորներն էլ պիտի կոռումպացված կամ նվազագույնը հաճկատար լինեն:

Սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանն ինքն էլ հրապարակային հայտարարել էր, որ մեր դատարաններն անկախ չեն, Մկրտումյանն այդ ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահն էր: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո էլ Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է:

Այս մարդու անունն ուղղակիորեն կապված է Հայաստանում ներդրումները խոչընդոտելու հետ: Երեք տարի առաջ ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը փաստերով շարադրեց, որ Արման Մկրտումյանի հովանավորած մի հայ գործարար իրեն քցել է ավելի քան 5 միլիոն դոլարով: Ոչ մի քրեական հետևանք:

Երկու տարի առաջ պարոն Մկրտումյանի հարազատ եղբայրը մանրամասն նկարագրեց, թե ինչպես է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ դառնալուց մեկ տարի հետո Արման Մկրտումյանն սկսել ձեռք բերել բազմաթիվ բնակարաններ ընդհանուր հաշվով 900 քմ: Այս մարդը, ըստ եղբոր, հարազատ հորն անվանել է խելագար: Համենայնդեպս 2009-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում հոր հայցը կա որդու դեմ, որով հայրը պահանջում էր փոխել իր ազգանունը որդու հետ ընդհանուր ոչինչ չունենալու համար: 

Հասկանու՞մ եք՝ Վճռաբեկ դատարանի նախագահ է մի մարդ, որը ներքին արգելակներ չունի: Իսկ եթե չկան այդպիսի արգելակներ, մնում է ունենալ արտաքին թափահաղորդիչ, այսինքն՝ «գազ տվող», որպիսին այս մարդու դեպքում Սերժ Սարգսյանն է: Արման Մկրտումյանը քաղաքացու անզորության կարևորագույն օղակն է Սերժ Սարգսյանի կառավարման տեսլականում: Բոլորը պետք է տեսնեն, թե ինչքան թույլ են պարոն Մկրտումյանի գործողությունների առջև, պետք է հասկանան, որ այդ մարդու դեմ խաղ չկա: Անպատիժ մարդը դատական համակարգում: Սա հենց այն է, ինչը ցանկացած պետության զրկում է դիմադրողականությունից:

Բոլոր ոլորտներն ունեն իրենց անպատիժները: Անպատժելիությունն է մարդուն դարձնում հանցագործ: Որովհետև պատժելի հանցագործը զսպիչ է հանցագործ լինելու այլ մղումների մոտ:

Պարզ է, որ Մկրտումյանի պարտության «աստեղային ժամն» էլ կգա, գուցե հենց Սերժ Սարգսյանի ձեռամբ: Եվ երբեմնի անպատիժ այս մարդը կդառնա իսկապես ողբերգական կերպար: Այսինքն, մարդը, որը ողբերգություն չի ապրել հոր և եղբոր հանդեպ թշնամությունից, ողբերգական կդառնա, երբ իշխանությունը փոխարինող կգտնի: Չէ՞ որ իշխանության մեջ հենց դա է ողբերգականը՝ ոչ թե՝ որ դու զրկվում ես անպատժելիությունից և հովանավորչությունից, այլ որ քեզ փոխարինում են: Ահա այդ ժամանակ է, երբ փոխարինվողը փորձում է հասկանալ, թե որտեղ է սխալվել: Ու, ըստ էության, չի էլ հասկանում է, որ սխալվել է ամենասկզբից, երբ որոշել է լինել անպատժելի: Որովհետև անպատժելիության «հմայքն» այն է, որ քեզանից բացի որևէ մեկով զբաղվելու ժամանակ չի տալիս, քո «հերոսն» ինքդ ես: Հատկապես, երբ քեզ թվում է, թե դու նաև մյուսների «հերոսն» ես:

Մի օր հանկարծ հասկանում ես, որ դու երբեք էլ պահանջված չես եղել, քեզ ընդամենը օգտագործել են, որ պետությունն առաջ է գնացել և դու այդ պետության մեջ կարող ես հետաքրքիր լինել միայն քրեական օրենսգրքին:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: