12 դեկտեմբեր, 2016 14:31

Փաստաբանները պահանջում են վարույթ սկսել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ

Մի խումբ փաստաբաններ դիմել են  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Նրանք պահանջում են հանձնաժողովից պարզելու, թե արդյոք հարուցվե՞լ է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ (լուսանկարում):

Իրենց հայտարարությունում փաստաբանները նշում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016թ․ հոկտեմբերի 27-ին «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռում արձանագրվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

«Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 և 155 հոդվածների, ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը վերապահված է բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Այդ կապակցությամբ խնդրում ենք հայտնել, թե արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ Ա.Մկրտումյանի նկատմամբ, թե ոչ»,- ասված է փաստաբանների հայտարարությունում:

Հայտարարության տակ ստորագրել է 36 փաստաբան։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը նույնպես ստորագրել է դիմումը, ներկայացրել է նաև փաստաբանների անունները։