15 դեկտեմբեր, 2016 12:13

Վրաստանի քաղաքացիները ապրիլից ԵՄ կճամփորդեն առանց վիզայի

Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կկարողանան ճամփորդել Եվրոպական Միության Շենգենյան գոտու երկրներ ամենաուշը ապրիլի վերջից, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի անդամ  Անդրեյ Մամիկինսը, որը Վրաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացման համազեկուցողն է։

Ինչպես հաղորդում է Agenda.ge կայքը,  Մամիկինսն ասել է, որ Եվրոպական խորհրդարանը որպես վերջնական ամսաթիվ առաջարկել է ապրիլի երկրորդ կեսը՝ Վրաստանի հետ վիզաների ազատականացման համար։

«Մնացել են որոշ տեխնիկական մանրամասներ։ Հավանաբար Վրաստանի վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կստորագրվի ապրիլի 7-ին։ Ապրիլի 15-ին որոշումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում, և սկսած ապրիլի վերջից՝ Վրաստանի կենսաչափական անձնագիր ունեցող բոլոր քաղաքացիները կարող են ճամփորդել ԵՄ պետություններ առանց վիզայի»,- ասել է Մամիկինսը։

Նա հավելել է, որ Վրաստանի համար մուտքի արտոնագրերից հրաժարման քվեարկությունը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում տեղի կունենա կա՛մ հունվարին, կա՛մ փետրվարին։ Սրան կհաջորդեն «բարդ ընթացակարգեր», այդ թվում ` ԵՄ անդամ երկրների 24 պաշտոնական լեզուներով:

«Այս գործընթացը չի կարող ութ շաբաթից ավելի տևել։ Ահա այստեղից էլ բխում է մինչև ապրիլի վերջ վերջնական ժամկետը» - ասել է Մամիկինսը։