16 դեկտեմբեր, 2016 13:13

Մտքի 800 հեկտարը

Մտավորականության հետ Սերժ Սարգսյանի արցախյան հանդիպումն, ըստ իս, ևս մեկ պարտություն էր այդ ճակատում: Մտքի մոտ 50 ներկայացուցիչ փոքրամասնություն էր մեկ մարդու ներկայությամբ: Ինքնին հանդիպումը մտահոգիչ չէ, ինքնին Սերժ Սարգսյանի հետ նույն միջավայրում հայտնվելը մտահոգիչ չէ: Մտահոգիչ է, երբ միտքն առերեսվում է անմտությանը ու զիջում «800 հեկտար»:

Առ այսօր այնտեղ նստածներից ոչ մեկը Սերժ Սարգսյանից մտքի կես տող չի լսել, ինչու՞ էր կարծում, որ հատկապես իր հարցին պատասխանելիս էր լսելու այդ միտքը: Մենք արդեն կյանքի անորակության մի փուլում ենք, երբ սերիալները և թանգարանների փոխարեն կառուցվող եկեղեցիները թեմա չեն, թեման միտքն է, իսկ միտքը չկա:

Որովհետև ձեր մտքի դիմաց ինքն իր անքննելի անմտություն է առաջարկելու, ասենք, հետևյալ տողով∙ «2008 թվականից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործենք»: Այսպիսի նախադասություններ ասում են մարդիկ, որոնք ընդդիմախոս չունեն: Էլ չեմ ասում, որ ապրիլյան պատերազմը յուրօրինակ բռնության գործիք էր Հայաստանում, որը մեզ արժեցավ ստույգ 800 հեկտար և Սերժ Սարգսյանի իշխանության ամրապնդում: Թե՞ առանց բռնության են մարդիկ «Սասնա ծռերի» օրերին հայտնվել բանտերում: Մտավորականությունը մի խավ է, որը սերիալի, եկեղեցու փոխարեն թանգարանի և այլ խնդիրների մասին պետության առաջին դեմքի հետ խոսում է այն ժամանակ, երբ հիմնարար խնդիրներ չկան: Ընդ որում չկան նաև իրենց՝ մտքի ներկայացուցիչների աշխատանքի պատճառով: Իսկ մեր հիմնարար խնդիրներից ոչ մեկը, ասենք, «տոկոս խփելը», դատական համակարգի իսպառ բացակայությունը, իշխանության անպատժելիությունը լուծված չէին:

Մտավորականը որևէ բարդույթի բացակայությունն է, նրա նախագահն ավարտվում է այնտեղ, որտեղ իր մտքի իշխանությունն է: Եվ ձեզ ինչու՞ է թվում, որ «թարս աճած խիյարի» գաղափարախոսը որևէ հարցի պատասխանն ուներ: Մտավորականը մի մարդ է, որը սուտը լսելիս պայթում է: Չէ՞ որ նա ստում էր ամեն վայրկյան: Այս դեպքում՝ ինչպե՞ս: Սուտը այն է, երբ մարդն ըստ էության չէ: Չէ՞ որ նա ձեր ոչ մի հարցի պատասխանը չուներ: Կամ, որ ավելի ըստ էության է, նա ուներ պատասխաններ, որոնք չեն քրտնեցնում: Իսկ մտավորականը քրտնեցնողն է: «Մարդիկ, ովքեր իրենց համարում են մտավորականներ, չդատապարտեցին հուլիսյան դեպքերը»,- ասում է Սերժ Սարգսյանը: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա, երբ մտավորականը չի դատապարտում բռնությունը:

Եվ ինչու՞ է պետության առաջին դեմքը մտքի ներկայացուցչի հետ խոսում մուննաթով՝ չդատապարտեցիք հուլիսյան բռնությունները: Լավ արեցին, չդատապարտեցին: Հավաքել եք, որ դա՞ս տաք: Եթե «նախագահը» մուննաթ է գալիս մտքի ներկայացուցչի վրա, ուրեմն ինքն ուզում է նրան ձևել իր հագով: Եվ եթե մտքի ներկայացուցիչը չի դատապարտել հուլիսյան դեպքերը, մի նայիր մտավորականի կողմը:

Հուլիսը հիմնարար խնդիրները՝ ընտրակեղծիքները, կաշառակերությունը, քվեի համար 10 հոգի սպանելը, Գյումրիում Ավետիսյանների մահվան հանդեպ պետական ամենաբարձր մակարդակով արհամարհանքը, սեփական հագով Սահմանադրություն պարտադրելու հարցը չլուծած իրականության ծնունդ էր:

Ինչու՞ պիտի մտավորականը դատապարտեր հուլիսի  դեպքերը, եթե նա լռել է մնացած բոլոր խնդիրների ժամանակ: Սա ի՞նչ «ազգային համաձայնության» միջավայր է: Ու՞ր է նախագահի անհարմարության զգացումը: ՈՒ՞ր է  մտքի այն ներկայացուցիչը, որի թեկուզ հորանջը դիրքորոշում է և հավասարարժեք «Սահմանադրությանը»: Ի վերջո այս ամբողջ հանդիպումից հետո ու՞ր է առաջին դեմքի որևէ մտքի առիթով հասարակական այն բանավիճային մթնոլորտը, որը շարունակում է միտքը, չասվածը: Չկա: Պարզապես չկա: Մտավորականն այն մարդն է, ում հարցը թեմա է, իսկ պատասխանը միայն Աստված գիտի՝ թեմա՞ է, թե՞ ոչ:

Ռուսաստանում տաղանդավոր երգահան կա՝ Յուրի Շևչուկ: Հիշու՞մ եք՝ Պուտինի աչքերի մեջ նայելով ասում էր՝ ինձ ձեր օգնականը խնդրել է սուր հարցեր չտալ: Քրտնեց Պուտինը: Ամաչեց Պուտինը: Եվ խոսեց առանց դիմակի: Ահա Շևչուկի հաջողությունը: Նա ստիպեց Պուտինին խոսել առանց դիմակի: Այսինքն, բռնապետի նման՝ այո, մենք կճնշենք ձեր բողոքի գործողությունը: Ինչքա՞ն ավելի մարդկային է սա՝ երբ բռնապետը չի խաղում: Մտավորականը, դերասանը, երգիչը, դրամատուրգը պետության առաջին դեմքի աչքերի և մտքի միջից խաղացողին վնասազերծողն է: Իսկ այս մարդը Մանսուրյանի համար է խելագարվում: Մանսուրյանի համար խելագարվողը պետք է ըստ Մանսուրյանի էլ խոսի: Կամ նույնիսկ՝ ավելի լավ, քան՝ Մանսուրյանը:

Հայտնի բան է, որ գրքի ընթերցումն ավարտած ընթերցողը մի քիչ ավելի հանճարեղ պետք է լինի, քան՝ հեղինակը: Իսկ Ղարաբաղում մենք ի՞նչ տեսանք: Կամ ի՞նչ լսեցինք: Չէ՞ որ այդ հանդիպումը պետք է «գիրք» դառնար, ո՞վ է տեսել գրքի հերոսը խաղա ընթերցողի հետ: Իսկ Մանսուրյանի համար խելագարվողը նրա աչքերի մեջ նայելով բողոքի գործողությունների հանդեպ հրեշավորությունների արդարացում է շարադրում՝ ԱՄՆ-ում բողոքի գործողությունների ժամանակ քանի՞ մարդ են սպանում: Մտավորականն այն մարդն է, ով այս հանդիպումից հեռանում է մեռած: