21 դեկտեմբեր, 2016 17:13

Ռոհանիի այցը Հայաստան․ ԵՏՄ-ից մինչև Ղարաբաղ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երևան մեկնելուց առաջ Ռոհանին լրատվամիջոցներին ասել է, որ Հայաստանը կարող է Իրանին ելք տալ դեպի Սև ծով և կապել արևմտյան ու եվրոպական երկրների հետ։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ նախագահը: 

Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ

Նախագահի նստավայրում Իրանի ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությանը հետևել է երկու նախագահների առանձնազրույցը, ապա՝ հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Հասան Ռոհանին խոսել է երկու երկրների միջև պատմական բարեկամական հարաբերությունների մասին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է զարգացնել իր կապերն ու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում՝ էներգետիկ, տարանցման, մշակութային, գիտահետազոտական»,- հայտարարել է Իրանի առաջնորդը։

Իրանն ու Հայաստանը կարող են համագործակցել երկաթուղային ոլորտում և կապել Իրանը Սև ծովին՝ Պարսից ծոցի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի միջոցով, հավելել է նա։

Հասան Ռոհանին անդրադարձել է համագործակցությանը էներգետիկ ոլորտում՝ շեշտելով Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալների ավելացումը, ինչպես նաև Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։

Տնտեսական և առևտրային կապերի խորացման համատեքստում Ռոհանին կարևորել է երկու երկրների միջև բանկային հարաբերությունների հեշտացումը։ Անդրադառնալով Արաքսի ազատ գոտուն՝ Ռոհանին ասել է, որ այն կարող է նպաստել կապերի խթանմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ 

Նա նաև հատուկ նշել է իրանական և հայկական մասնավոր հատվածների հնարավորությունները և հայտարարել է, որ Իրանը ձգտում է զարգացնել կապերը Եվրասիական տնտեսական միության հետ։

Ղարաբաղի մասով, Իրանի նախագահականի հաղորդագրության համաձայն, Ռոհանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի՝ «որպես Իրանի երկու հարևան բարեկամական երկրների միջև բանակցությունները՝ երկուստեք շահավետության սկզբունքով հասնելու լուծման, որը կլինի արդար, կայունացնող և արդյունավետ երկու ժողովուրդների համար էլ»։

Իրանի ղեկավարը ահաբեկչությունը բնութագրել է որպես տարածաշրջանային ծանր սպառնալիք և վտանգավոր համաճարակ, որի դեմ պայքարում, նրա պնդմամբ, Հայաստանն ու Իրանը պետք է համագործակցեն։

Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Համատեղ հայտարարությունը

Երկու երկրների նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում կարևորվել է․

  • Երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ին Երևանում և 2016 թ. դեկտեմբերի 4-5-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և ընդգծվել դրանց իրագործմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
  • Այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը` երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով:
  • Միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես նպաստել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նոր լիցք հաղորդելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին:
  • Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը:
  • Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար և այլ համատեղ նախագծերի իրականացումը և փոխադարձ աջակցությունը:
  • Գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը:
  • Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
  • Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդումային գործունեության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը:
  • Տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարևորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը:
  • Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահները ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա:
  • Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայուն զարգացման:
  • Երկու պետությունների նախագահները կարևորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
  • Նախագահները զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը համարեցին օրակարգային՝ կարևորելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների իրագործումը:
  • Երկու երկրների Նախագահները մեծապես կարևորեցին Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը:
  • Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում պայքարելու այդօրինակ սպառնալիքների դեմ:
  • Երկու պետությունների նախագահները ընդգծեցին բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկելով որպես աշխարհում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորագույն գործոն, որի օրինակելի դրսևորումներից է երկու ժողովուրդների բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը՝ հիմնված միմյանց կրոնի ու մշակույթի նկատմամբ խորը հարգանքի ու հանդուրժողականության վրա:
  • Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ստելլա Մեհրաբեկյան