25 դեկտեմբեր, 2016 15:28

Անանուն պետությունը

Մեր գործերը կարծես թե անդառնալիորեն վատ են։ Հայաստանում ոչինչ անվանված չէ։ Սպիտակում մի քանի օր առաջ երկու երեխայի դաժան սպանությունն ու մոր ինքնասպանությունը, կներեք ձևակերպման համար, ամեն ինչ «դրեց» տեղը։ Պարզվում է, այդ կինը հոգեկան լուրջ խնդիրներ ուներ և աշխատում էր ուսուցիչ։

Ինքնին հոգեկան խնդիրներով ուսուցիչ աշխատելը գուցե միջազգային պրակտիկայի շրջանակում է։ Դեղերով, բանով, հատուկ հսկողություններով և ևնույնիսկ պարտադիր այցերով հիվանդին պահում են կառավարելի «անկշռելիության» մեջ։ Բայց որ այդ վանաձորցի կինը համապատասխան ծառայությունների տեսադաշտում չի եղել, խոսում է այն մասին, որ այս պետության մեջ ոչ մի խնդիր ձևակերպված չէ։

Հենց սրանով է Հանրապետականի և Սերժ Սարգսյանի իշխանությունը սարսափելի։ Որովհետև մայրերը շարունակելու են սպանել իրենց երեխաներին ոչ միայն ակնհայտ հոգեկան շեղվածության, այլ պարզապես կյանքի հեռանկարի բացակայությունից նրանց «փախցնելու» համար։ Այս պետությունը ունի միայն մեկ գրպան և դա իշխանության գրպանն է։ Մինչդեռ մյուսները նույնպես ապրել են ուզում։ Մյուսները կյանքի և ապրելու հնարավորությունների անհամապատասխանությունից են խելագարվում։ Նրանք տեսնում են, որ Հայաստանն անուն չունի, մինչդեռ արտագաղթն ունի, որ քվեն անուն չունի, մինչդեռ ընտրակաշառքը ունի, որ պաշտոնյան անուն չունի, մինչդեռ նրա ճոխ կյանքն ունի, որ հեռուստատեսությունն անուն ունի, իսկ մարդու խնդիրը՝ ոչ, որ քրեական հոդվածն անվանված է, մինչդեռ հանցագործը՝ ոչ, որ պետպատվերով բուժվելն անուն չունի, մինչդեռ «մաղարիչն» ունի, որ երեխան անուն չունի, մինչդեռ պատգամավորների բոլոր երեխաները «մի քանի» անուն ունեն։ Այս ամենը խելագարեցնում է։ Պետությունը յուրաքանչյուրին բաժին ընկնող միջին վիճակագրական «Քաղաքացիական ակտիվ քայլի» մեջ է, մինչդեռ մարդիկ կան, որոնք ինտելեկտուալ կես մտքով աչքի չընկնելով իրենցից լավ են ապրում։ Բա իհարկե կխելագարվեն։

Եթե մի բան անվանված չէ, նրա տեղը չես իմանա։ Հայաստանում աղքատը անվանված չէ, այսինքն, նրա աղքատության պատճառները ձևակերպված չեն։ Ինչու՞, որովհետև երկրի բյուջեն թալանելիս ձևակերպումների հետևից չեն ընկնում։ Մարդիկ անկեղծ են միայն սեփական ագահության հետ։ Սոթք գյուղում ապրող 25-ամյա կինն ընդամենը օրեր առաջ ինքնասպանության փորձ է անում, որպեսզի մյուսների ուշադրությունը հրավիրի մահամերձ երեխայի վրա։ Կինը գրություն է թողել՝ ամուսնուն չմեղադրել։ Նա աշխատող ամուսին է։ Բարեբախտաբար փրկել են կնոջը։ Բայց դա չի նշանակում, որ երեխան փրկվելու է։ Այդ կինը գրություն է թողել հենց այն մասին, որ ինքը պետության տեսանկյունից մինչ այդ էլ գոյություն չուներ։ Ոչ տառաճանաչ ամուսին ունեցող այդ կինը գիտի, թե ինչ երկրում է ապրում, ինքը միակն է, որ գիտի իր տեղը։ Որ մեռնի էլ, չեն իմանալու։ Բայց պետության հետ ուզում է «երկխոսություն» սկսել իր մահով։

Պետությունը պետք է իմանա իր առողջի և իր հիվանդի տեղը։ Ով էլ լինի քաղաքացին, պետության բոլոր խաղադրույքներում ինքը պիտի լինի։ Պետությունը պետք է իմանա հոգեկան հիվանդի տեղը, նույնիսկ եթե հիվանդն ինքն իր տեղը չգիտի։ Մինչդեռ պետությունը գիտի ընդդիմադիրի տեղը, նրա տեղը, ով իրեն՝ պետության ներկայացուցչին, փողին ամենամոտը գտնվողին, մեղադրում է գողության համար։ Տոտալիտար բոլոր երկրներում իշխանությունը գիտի միայն ազատախոհի կամ ընդդիմացողի տեղը։ Նույնիսկ կենցաղային հարցերում իր հետ չհամաձայնվողի տեղը գիտի։ Ինքն իրեն այդպես է կառուցել։

Որովհետև երբ իշխանության ուշքն ու միտքը բռնազավթումն է, ընտրակաշառքն ու թալանն է, հիվանդ երեխան անհանգստություն չէ, հոգեկան խնդիրներ ունեցող կնոջ ձեռամբ երկու երեխաների սպանությունն անհանգստություն չէ, դրանից իշխանությունն ընդդիմադիր հայացքի հոտ չի առնում։ Այդ կինն ինքը իր խնդիրների հետ հաշիվը կփակի և բոլորս կտեսնենք, որ չկային այդ կինն ու իր երեխաները մինչև սպանությունն ու ինքնասպանությունը, չկան նաև հիմա՝ սպանությունից ու ինքնասպանությունից հետո։ Եվ այդքանից հետո ի՞նչ խնդիր է ունենալ մի երկիր, որի ամենաանվանված տարածքը գերեզմանոցն է, էլ ավելի անվանված՝ գերեզմանները, երբ վերջապես մարդը թողնում է անուն ազգանուն, նույնիսկ եթե նա հոգեկան հիվանդ է։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: