«Հայաստան» համահայկական հիմնադրամը այսօր Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին տրամադրել է միանվագ ֆինանսական աջակցություն։
Գումարը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր և օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան ըստ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացված ցուցակի՝
Երևան – 36 930 000 դրամ,
Կոտայքի մարզ – 16 020 000 դրամ,
Լոռու մարզ – 16 645 000 դրամ,
Շիրակի մարզ – 13 330 000 դրամ,
Արարատի մարզ – 11 740 000 դրամ,
Արմավիրի մարզ – 9 795 000 դրամ,
Գեղարքունիքի մարզ – 9 985 000 դրամ,
Սյունիքի մարզ – 8 630 000 դրամ,
Արագածոտնի մարզ – 7 960 000 դրամ,
Տավուշի մարզ – 7 925 000 դրամ,
Վայոց Ձորի մարզ – 4 890 000 դրամ։
Այս տարվա մարտին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ էր տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարին
«Տաշիր»-ը Ռուսաստանի Դաշնության մասշտաբով գործող բազմապրոֆիլ ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ, ինչպես նաև կառուցապատման, անշարժ գույքի առևտրի և ժամանցային ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերություն:
Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 000-ը: Ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքում: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում: Ընկերությունների խմբի բիզնես-գործունեության հիմքում ընկած է առևտրային անշարժ գույքի կառուցապատումը և կառավարումը, ընդ որում՝ առաջնային ուղղություն է անշարժ գույքի առևտուրը:
«Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է կառուցապատման ռուսական շուկայի առաջատարը, առևտրային և բնակելի անշարժ գույքի ոլորտում ժամանակակից բարձր տեխնոլոգիական օբյեկտների ստեղծողը, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2,5 մլն քմ: