ՀԱԷԿ-ը 65 օրով կանգնեցվել է պլանային վերանորոգման

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկը հուլիսի 1-ից 65 օրով կանգնեցվել է՝ պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀԱԷԿ-ից։

Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում է ռեակտորի միջին նորոգում, երկու գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգում, վեց շոգեգեներատորների տեխնիկական զննում, տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրում, վթարային, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, N 3 և 4 շոգետուրբինների ընթացիկ նորոգում, տուրբագեներատոր-3-ի հիմնանորոգում, գլխավոր շրջանառու խողովակաշարի և գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի արատորոշման աշխատանքներ:

Մեկնաբանել