Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով է ստեղծվել

ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով․ այս մասին ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,- ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նման հանձնաժողով ստեղծելու համար Արարատ Միրզոյանին դիմել էին Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները։