Արմեն Սարգսյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է սահմանադրական փոփոխությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տարեդարձի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

«Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության և հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ շրջանում աջակցության համար` միաժամանակ, նշելով, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում:

Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տարբեր ոլորտներում բարեփոխումների, ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման հարցերում:

Դեսպանի խնդրանքով Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին և սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացին: Այդ համատեքստում, խոսելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին, նախագահ Սարգսյանը կարևորել է Հիմնական օրենքի մշակման գործընթացի շուրջ հանրային քննարկումները և հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցությունը:

Զրուցակիցները խոսել են նաև ներդրումների մասին: Նրանք համաձայնել են, որ ցանկացած ներդրում պետք է պաշտպանված լինի ոչ միայն օրենքով, այլև բարենպաստ և գրավիչ միջավայրի առկայությամբ՝ կարևորելով այդ ուղղությամբ աշխատանքը և համատեղ ջանքերը:

ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ամերիկյան ծրագրերին և ներդրումային հնարավորություններին»,- ասված է նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Մեկնաբանել