30 հունվար, 2017 15:48

Ալիևը խոսել է Լելե Թեփեին հարակից գյուղի բնակեցման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է «կարճ ժամանակահատվածում» վերականգնել Ջեբրայիլի շրջանի Ջոջուք Մերջանլի գյուղը և «մարդկանց վերադարձնել իրենց հայրենի հողերը»։

«Գյուղի բնակիչները անհամբեր սպասում են Ջոջուք Մերջանլի վերադառնալուն։ Մենք կարճ ժամանակահատվածում կվերականգնենք այդ գյուղը։ Դա մեծ պատմական նշանակություն ունի»,- APA գործակալության փոխանցմամբ՝ «2014-2018թթ․ Ադրբեջանի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրին» նվիրված համաժողովին հայտարարել է Ալիևը։ Նա ասել է, որ գյուղը «օկուպացման տակ է եղել մի քանի ամիս» և ազատագրվել էր Հեյդար Ալիևի օրոք։

Իլհամ Ալիևի պնդմամբ՝ գյուղում անհրաժեշտ է վերականգնել ենթակառուցվածքները, կառուցել բժշկական հաստատություններ, մանկապարտեզ։ Ադրբեջանի նախագահը խոստացել է նախնական փուլում կառուցել 50 տուն, ապագայում՝ 100 և ավելի։ Ալիևը խոսել է նաև աշխատատեղեր բացելու մասին։

***
Լելե Թեփե բարձունքին հարակից Ջոջուք Մերջանլի գյուղի բնակեցման մասին լուրը անցյալ շաբաթ հայտնվել էր ադրբեջանական լրատվամիջոցներում։
Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ Իլհամ Ալիևը այդ կերպ «փորձում է նոր հիմնավորումներ գտնել 2016-ի Ապրիլյան պատերազմի համար և իր հանրությանը համոզել, որ մարդկային, ռազմական ու նյութական այն գինը, որ վճարեց Ադրբեջանը քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, լիովին արդարացված է»:

Ջոջուք Մերջանլի գյուղը 1993-ի աշնանը ռազմական գործողությունների ընթացքում անցել էր հայկական ուժերի վերահսկողության տակ, սակայն 1994-ի հունվարին ադրբեջանցիները կռիվներով հետ էին վերցրել: Այն շատ մոտ է շփման գծին, և այդ պատճառով՝ գրեթե հնարավոր չէր բնակեցնել:

2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանին հաջողվեց գրավել Լելե Թեփե բարձունքն ու հարակից բլուրները, արդեն Ջոջուք Մերջանլիում վերաբնակեցման հնարավորություններ են ստեղծվել: Քանի դեռ Լելե Թեփեն արցախյան ուժերի ձեռքում էր, Ջոջուք Մերջանլին և շփման գծին մոտ բնակեցված ադրբեջանական որոշ բնակավայրեր հայկական ուժերի ափի մեջ էին: Հիմա, երբ Լելե Թեփեն անցել է Ադրբեջանին, հակառակորդն ստացել է դիրքային առավելություն: