4 փետրվար, 2017 15:24

Հայկական շարիաթ  

 

Հայու գենի հաջորդ թիրախը մերկ կինն է: Արսինե Խանջյանը մերկ նկարահանվել է կինոնկարում: Ու դրանից հետո խոսում է մարդու իրավունքներից, նաև ազատ, արդար ընտրություններից: Այսինքն, եթե մերկացել է, չպե՞տք է խոսի: Մարդու իրավունքներին հակացուցվա՞ծ է մերկ դերասանությունը:

Նա, ով Արսինեի դերասանական այս քայլը կնոջ անպատկառության թեմա է դարձրել, հին հունական կամ հին հռոմեական պատմության և արվեստի կողմերը չի նայել, այլ խոսքով՝ դպրոցական դասագիրք չի բացել: Այդ դասագրքերում անգամ Միլոսյան Վեներա կա: Եվ մերկ տղամարդիկ էլ կան: Կա Միքելանջելոյի Դավիթը: Աշխարհի պատմության կամ արվեստի ցանկացած թանգարաններում կգտնեք իրական մարդկանց մերկ քանդակներ: Վերածննդի դարաշրջանի ստեղծագործությունների մի մասը մերկ կանայք են: Հայ նկարիչների ստեղծագործություններ կան, որոնցում նրանք իրենց հայ սիրեցյալներին են պատկերել: Եվ կարծես թե «հայու գենի» ծպտունը չի լսվել: Այդ իմաստով նույնիսկ Նժդեհի արձագանքից տեղեկություններ չկան:

Ընկերնե՛ր, ձեզ ո՞ւմ անունից է սարսափեցրել Արսինեի մերկությունը՝ Հայրենիքի՞: Ավելի սարսափելի չէ՞, երբ Հայաստանում երեխաներ կան, որոնք անկողին են մտնում հագուստով հենց այն ժամին, երբ Բաբուխանյան Հայկը ՀՀԿ-ի փողերով դեռ խմում է Երևանի ռեստորաններից որևէ մեկում: Ձեզ պահեք ձեր շարիաթը: Նույնիսկ սերը հնարավոր չէ առանց կնոջը կամ տղամարդուն մերկ տեսնելու մղումի: Դուք վատ գիտեք կյանքը: Դուք կարծես կողքից եք մտել դրա մեջ: Արսինեն պետք է մերկանա, որովհետև մարմինն առաջին տեղում չէ, առաջին տեղում պլաստիկան է, մարմինը միջոց է, ընկերներ: Մարմինն ասելիք է, ինչպես ասելիք է գիրքը, նկարը, Ռոնալդուի ոտքը, չկեղծված քվեն, Օպերայի շենքի մի շտրիխը և նույնիսկ ատոմային ռումբը, որն ավելի շուտ կարիք ունի պայթելու ոմանց գլխում, քան՝ աշխարհի վրա, 37-ի հարգելի հեռավոր շառավիղներ:

Եթե Արսինեն մերկացել է, նշանակում է չմերկանալն այլընտրանք չէ: Յուրաքանչյուրը գտնում է միակ խոսքը, միակ միջոցը, միակ շարժումն իր իմացած միակ ճշմարտությունը պատմելու: Եթե այդ ճշմարտությունը հնարավոր լիներ պատմել ինչ-որ մի կայքով, հազիվ թե հնարավոր լինեին Ֆրիդա Կալոն կամ Ֆրանսուա Օզոնը: Հայաստանում այսօր բնորդուհիներ կան գեղարվեստական համալսարանում, ձեր կարծիքով նրանք խոսքի իրավունք չունե՞ն: Առանց մարմնի չես մերկանա: Նույնիսկ եթե աշխարհի բոլոր հագուստները կրես, մարմինը պետք է ունենա իր խոսքի իրավունքը:

Ռեժիսուրայի հետ ձեր հակամարտությունը ձեր գնացած դպրոցի դեմ է, ձեր ավարտած համալսարանի դեմ է, ձեր սովորած հայերենի դեմ է, ձեր կռիվ տված օրենքների դեմ է: Դուք ահա մերկացաք խոսքի մեջ, և պետք է ասեմ, որ ես կրկին նայում եմ մերկ Արսինեի կողմը: Ամբողջ աշխարհը գիտի, որ մերկ կինը թեմա չէ ինքնին, նա թեմա է, եթե հանիրավի մերկ է և նույնիսկ՝ հանիրավի հագնված: Դուք ո՞ր դարում եք, հարգելի հավատաքննիչներ:

Մոռացե՛ք, որ Արսինեն պիտի լռի: Նա հենց խոսքի իրավունքն է վաստակել այն «մարմնով», որով խաղացել է: Խոսքի իրավունք ունեն նույնիսկ նրանք, ովքեր «հայու գենի» համոզված կրողներ են, նրանք, ովքեր քվեն առանց 5 հազար դրամի չեն պատկերացնում, նույնիսկ Առաքել Մովսիսյանն ու Գալուստ Սահակյանն ունեն խոսքի իրավունք: Բայց վայ մեզ, եթե այդ ամբողջ իրավունքից դուրս մնաց Արսինեն: Որովհետև հենց Արսինեի խոսքի իրավունքն է հնարավոր դարձնում նրանցը:

Մտածե՛ք այս մասին, ընկերներ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: