6 փետրվար, 2017 11:45

Արծվիկ Մինասյան. Շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում. «Հետք»

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Հետք» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի բնապահպանական ոլորտի մի շարք խնդիրների՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանին, «Թեղուտ»-ին, Հայաստանի բնապահպանական անվտանգությանը և այլն:

Ըստ Մինասյանի՝ երկրի շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում և կան մի շարք ռիսկեր:

«Սրա հիմնական պատճառն այն է, որ տնտեսական և բնապահպանական նախաձեռնությունների հավասարակշռումը միշտ ստորադասվել է առաջին գործողությանը՝ տնտեսական նախաձեռնությանը: Իմ խորին համոզմամբ, բնական կապիտալը, որ մեր շրջակա միջավայրն է իր բոլոր տարրերով՝ հող, ջուր, ընդերք, մթնոլորտ, բուսական, կենդանական աշխարհն ու դրանց  դրսևորումները մենք որպես պետություն չենք արժևորել: Իսկ ցանկացած գործունեություն, որպեսզի կարողանանք գնահատել, պետք է իմանանք, թե ինչ արժեքի դիմաց է դա իրականացվում: Եթե մենք բնական կապիտալը արժևորած լինեինք, վստահ եմ,որ հանքարդյունաբերական շատ նախաձեռնություններ կամ չէին իրականացվի, կամ կիրականացվեին այնպիսի պահանջներով, որոնք թույլ չէին տա նման վիճակի առաջացում: Իսկ վիճակի արտացոլանքը նաև մարդկանց առողջության վրա է: Այս տեսակետից մենք ունենք անվտանգության շատ լուրջ խնդիր: Մենք խոսում ենք արդեն սերունդների անվտանգության մասին»,- նշել է նա:

«Հետք»-ը փորձել է պարզել նաև, թե որն է պատճառը, որ Ալավերդի քաղաքում  քաղցկեղով հիվանդների թիվը գնալով աճում է:

«Ես ուզում եմ այդ առնչությամբ արձագանքել, որ մեր համակարգի բացասական կողմերից մեկն էլ այն է, որ պատճառահետևանքային կապը լիարժեք չի ներկայացվում, և սա խնդիր է: Այդ հարցադրումը մենք դրել ենք. «Լավ, այդտեղ ունենք հանքարդյունաբերական ձեռնարկություն, որն արտանետումներ է իրականացնում: Որքա՞ն պատճառական կապ կա այդ տարածքում ապրող բնակչության հիվանդությունների և ձեր արտանետումների միջև»: Այդ ձեռնակությունների տերերը մեզ հետ շանտաժի լեզվով էլ խոսում են, ասում են՝ մի հատ նախ ապացուցեք՝ արդյոք մեր գործունեության հետևանքով է դա, ապա մեր նկատմամբ պահանջներ սահմանեք: Սա պարտադրում է մեզ հիմնարար քայլեր իրականացնել: Դրա համար եմ ասում, որ բնապահպանական անվտանգության և առհասարակ շրջակա միջավայրի պահպանության շատ լուրջ վերանայումների կարիք ունենք»,- ասել է Մինասյանը:


Մանրամասներն ամբողջությամբ «Հետք» պարբերականում: