6 փետրվար, 2017 14:14

Կարո Փայլան․ Ես ենթարկվեցի ազգայնական ճակատի լինչի արշավին

«Ակօս» պարբերականում լույս է տեսել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հոդվածը իր հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ։ Փայլանը իր տպավորություններն է կիսել Բունդեսթագ կատարած այցից և ապա մանրակրկիտ անդրադարձել իր հանդեպ կիրառված պատժին, Թուրքիայում տիրող մթնոլորտին և առաջարկվող սահմանադրական փոփոխություններին։ Փայլանի համոզմամբ՝ Թուրքիան այսօր անցյալի սխալները կրկնելու շեմին է։

Անցյալ շաբաթ հրավիրվել էի Բեռլին՝ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողովի մասնակցելու։ Համաժողովի հաջորդ օրը գերմանացի մի խումբ պատգամավորների հետ այցելեցի Բունդեսթագ։ Ռեյխսթագ մտնելիս լսեցի դաշնամուրի հնչյուններ։ Ինձ ասացին, որ երաժշտությունը Գլխավոր ժողովի դահլիճից է, որտեղ հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվում։

Դահլիճը լեցուն էր։ Ներկա էին բոլոր պատգամավորները, կանցլեր Մերկելը և բոլոր նախարարները։ Ներկաները ոտնկայս ծափահարում էին դաշնամուրային կատարմանն ու ելույթներին։

Ի՞նչ կարող եմ ասել՝ հիացա։

Գերմանիայի խորհրդարանում հիշում էին նացիստական կառավարության գործած մեծ ոճիրի զոհերին, իսկ ես գալիս էի միանգամայն այլ միջավայրից՝ անցյալի վայրագությունների ճանաչումից խուսափող և այսօր վայրագություններն անպատժելիորեն շարունակող իմ երկրից․․․ Ցավ զգացի երկրիս համար և արցունքներն աչքերիս՝ մտա սրահ։

Դրանից մեկ շաբաթ առաջ էր, երբ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հարցով ելույթ ունենալիս հիշատակեցի այն ամենն, ինչ կատարվել էր ժողովրդիս հետ Օսմանյան ժամանակաշրջանում, ինչի համար արտաքսվեցի։

Ինձ՝ որպես հայ պատգամավորի, արգելվեց խոսել 102 տարվա վաղեմության դեպքերի մասին, մինչդեռ գերմանացի բոլոր խորհրդարանականները՝ ձախակողմյան, աջակողմյան, իշխող և ընդդիմադիր կուսակցությունները՝ կողք կողքի նստած, մեծ ինքնավստահությամբ առերեսվում էին իրենց անցյալի սխալներին։ Եվ ոչ ոք չէր մտածում, որ այդկերպ վարկաբեկվում է իր գերմանական ինքնությունը։

Թուրքիայում օր օրի դժվարանում է պատմության էջերի թերթումը։ Թույլ տվեք պարզաբանեմ՝ ինչպես եմ առերեսվել դրան։

Բեռլինի հիշատակի արարողությունից մեկ շաբաթ առաջ սկսելով սահմանադրական փոփոխությունների մասին ելույթս՝ ասացի․ «Մենք պատմական սխալ գործելու շեմին ենք։ Մեզ անհրաժեշտ է հանրային պայմանագիր, որը երկրում ապրող յուրաքանչյուր մարդ կկոչի «իմ սահմանադրություն»։

Նպատակս էր՝ պատգամավորներին հիշեցնել Օսմանյան սահմանադրության շուրջ բանավեճերը և գործած սխալները։

Իրականում քչերը գիտեն, որ մեր առաջին սահմանադրությունը մշակվել էր 1876թ․ բազմազգ հանձնաժողովի և գրվել Գրիգոր Օտյանի կողմից։ Այդ սահմանադրությունը սուլթան Աբդուլ Համիդը չեղյալ էր համարել, ապա սկսվել էր մենատիրության մի շրջան, որը տևել էր մինչև 1908թ․։ Մնացածը գիտեք՝ ժողովրդավարության որոնումներ, Թալեաթի և Էնվերի կազմակերպած հեղաշրջումը և մեծ աղետը․․․

Այսօր խորհրդարանում քննարկվող սահմանադրությունը «Ազգայնական շարժում» կուսակցությունն անվանում է «թուրք ազգի սահմանադրություն»։ Ես սարսափում եմ, քանի որ Թալեաթն ու Էնվերը նմանատիպ տրամաբանություն ունեին և փորձում էին կյանքի կոչել «թուրք ազգի սահմանադրությունը»։ Որոշները համարվում էին արժանի քաղաքացի, մյուսները՝ անգո։ Իրականում մի մասն իսկապես անգո դարձավ։ 1913-1923թթ․ տեղի էին ունեցել մեծ կոտորածներ, ցեղասպանություններ, բնակչության փոխանակումներ։ Կորցրեցինք հայ, ասորի, հույն, հրեա ժողովուրդների մեծամասնությանը։

Այդուհանդերձ, այս փաստերի հիշատակությունը փոթորկեց խորհրդարանը։ Իմ հանդեպ կիրառվեց աննախադեպ պատիժ, քանի որ ես արտասանեցի «ցեղասպանություն» բառը։ Ինձ արգելեցին մասնակցել երեք նիստի։ Իմ ելույթի սղագրությունը հանվեց խորհրդարանի արձանագրություններից։

Իմ ընկերներից շատերն ասացին՝ «Կարո, դու ճիշտ ես, սակայն այժմ ցեղասպանության մասին խոսելու ճիշտ ժամանակը չէ։ Մենք շարժվում ենք դեպի բռնատիրական ռեժիմ»։ Դա հասկանալի էր, քանի որ մամուլում աղմուկ էր բարձրացել  «ցեղասպանություն» բառի շուրջ։ Իմ երկու ազգակիցներն էլ լրատվամիջոցների հետ զրույցում իմ ելույթը որակեցին «անտեղի» և «անժամանակ»։

Ես զարմացած չեմ։ Որոշ մարդիկ այսպիսի ժամանակներում վախենում են և լռում․ դրանք հասկանալի զգացումներ են։

Իմ նպատակն էլ թեժ այդ քննարկումներում ամեն գնով ցեղասպանությունը հիշատակելը չէր։ Իրականում ես խորհրդարանում բազմաթիվ անգամներ էի ասել ցեղասպանություն կամ հայոց ցեղասպանություն, սակայն որևէ խնդիր դա չէր հարուցել։ Այս անգամ էլ իմ ժողովրդի հետ տեղի ունեցածը անվանեցի «ցեղասպանություն»։

Սակայն այս անգամ տեղաց վիրավորանքների տարափ, ճգնաժամ․․․ Ինձ առարկողներին ասացի՝ «Լավ, դուք անվանեք»։ Այդ գիշեր «Ազգայնական շարժում» կուսակցությունը սպառնաց «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չսատարել սահմանադրական փոփոխություններին, եթե ես չարտաքսվեմ խորհրդարանից։ Այսպիսով, երեք կուսակցությունների՝ AKP-ի [«Արդարություն և զարգացում»], MHP-ի [«Ազգայնական շարժում»] և CHP-ի [գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն - ՍիվիլՆեթ] միացյալ ձայներով իմ դեմ որոշում կայացվեց։ Ես ենթարկվեցի ազգայնական ճակատի լինչի արշավին։

Իմ նպատակը, սակայն, բանավեճ հարուցելը չէր, այլ ստիպել մարդկանց, որ դաս քաղեն անցյալից՝ այդպիսով կանխելով նույն սխալները։ Ես ցանկանում էի բացատրել, թե ինչպես Օսմանյան ժամանակաշրջանի վերջում սահմանադրության մշակումը բազմաազգ հասարակությանը տարավ դեպի միատարրություն, մատնանշել միանձնյա ռեժիմների չարաշահումներն ու աղետները և պարզաբանել, թե ինչ է այդ ամենը մեզ՝ 2017-ի սահմանադրություն գրողներիս համար նշանակում։

Ես շատ լավ ըմբռնում եմ, թե մեզ նման քաղաքական գործիչների սխալները ինչ աղետներ են բերել նախնիներիս գլխին։ Խորհրդարանի վերացման արդյունքում կհաստատվի Թալեաթի և Էնվերի սարսափելի մթնոլորտը։ Առաջարկվող սահմանադրությունը երկրի կառավարումը կախվածության մեջ է դնում մի հոգու կամքից։ Սա ոչ այլ ինչ է, քան այն ժամանակ տեղի ունեցած աղետի կրկնություն։

Տեսնել այս ամենն ու լռել նշանակում է դավաճանել այս երկրին, այս հողերին և ժողովրդին։

Ես անհանգիստ եմ։ Խորհրդարան, որը նախաձեռնել է «թուրք ազգի սահմանադրության» մշակումը, որը նախքան գործողությունների դիմելը ազատազրկել է քուրդ պատգամավորներին և չունի բավարար վստահություն՝ իր անդամներին գաղտնի քվեարկության հնարավորություն տալու և որը ամբողջ իշխանությունը հանձնում է մեկ մարդու, լավ բանի չի հանգեցնի։

Մտածեք դրա մասին։ Մենք շատ ենք տառապել։ Սակայն միայն մենք չենք տուժել։ Մի քանի հոգու մեղքով բոլորն էլ վարկաբեկվել։

Ինձ համար խնդիրը միայն իմ խոսքի ազատության, ընտրողների կամքի ոտնահարման կամ այդ բառը գործածելու մեջ չէ։ Դրանք էլ կարևոր են անշուշտ, սակայն ավելի կարևոր է հետևյալը․ Թուրքիան վճռականորեն բռնում է այն ճանապարհը, որի դեմ նախազգուշացնում է իր պատմությունը և արագորեն շարժվում է դեպի ազգային դաշինքի վերածված անհանդուրժողականություն և ավտորիտար ռեժիմ, որը զուրկ է վերահսկողության և հավասարկշռության մեխանիզմից։

Նոր ժամանակաշրջանում անտեսվածները կամ պիտի մատնվեն անձայնության, կամ ընդվզեն և կամ հեռանան երկրից, ինչպես 100 տարի առաջ էր․․․ Բոլորն էլ կվնասեն երկրին։ Մենք կարող ենք թևակոխել մի շրջան, որը կորստաբեր կլինի բոլորի համար։

Մինչդեռ միասնաբար կարող ենք հաղթել։ Տառապած այս հողում, որին 10 տարի առաջ հանձնեցինք Հրանտ Դինքին, յուրաքանչյուր ոք անհանգիստ է, և այդ անհանգստությունն անհիմն չէ։ Մենք՝ հայերս, դա շատ լավ գիտենք։ Այդ պատճառով դիմում եմ ձեզ՝ մեծամասնությանը։

Եկեք ուղղե՛նք պատմական սխալը, քանի դեռ ուշ չէ։

 

Թարգմանությունը՝ Ստելլա Մեհրաբեկյանի