18 փետրվար, 2017 09:08

Ընտրակեղծարարները

Ընդդիմադիր ուժերը մի վտանգավոր թեզ են շրջանառում՝ այս ընտրություններում իշխանության կեղծիքի հնարավորությունները պակասել են:

Գուցե պակասել են, սակայն իշխանության հիմնական կեղծիքը ոչ թե միջոցներն են, թե ինչպես է հասնելու հաջողության, այլ հենց իր թեկնածուները, ասենք, Սամվել Ալեքսանյանը՝ «Հիսուսից հետո երկրորդ մարդը»:

Իշխանության կեղծիքը քաղաքացին է, որն ինքը ոչ մի կեղծիքի մեջ ներգրավված չէ, բացի այն մտայնությունից, որ Ալեքսանյանը «Հիսուսից հետո երկրորդ մարդն է»: Բոլոր մեծահարուստները ունեն ողորմածության այս փառապսակը: Իշխանության թեկնածուն անայլընտրանք կեղծարարն է իր հնարավորություններով, այնքան անայլընտրանք, որ, իսկապես, որպես կեղծարար չի էլ կարող դիտարկվել:

Միհրան Պողոսյանը կեղծիքների կարիք չունի: Նույնիսկ եթե մտադիր է փող բաժանելուց բացի ահաբեկել ընտրողներին կամ տեղական ընտրական հանձնաժողովների անդամներին: Կեղծիքը ոչ միայն իր հնարավորություններն է, այլև՝ իր այլընտրանքի բացակայությունը:

Եթե Միհրանը թեկնածու է, սա արդեն կեղծիք է, քանզի նա քաղաքական, սոցիալական կամ տնտեսական ոչ մի տեսլական չունի: Նա ունի միայն իշխանության մեջ մնալու հույս: Երբ ընդդիմադիր ուժերն ասում են, որ ընտրություններում իշխանության կեղծիքի հնարավորությունները պակասել են, դրանով նրանք պակասեցնում են հետընտրական ապատիայի իրենց հիմքը որպես անարդար պարտության պատճառ: Իշխանությունը դեմ կտա նախընտրական իրենց լավատեսությունը և թեման կփակի:

Բառապաշարի, մտակերտվածքի և հաջողության հասնելու միջոցների մեջ խտրություն չդնելու առումով սա ուրիշ իշխանություն չէ, Մանվել Գրիգորյանը նույն Մանվել Գրիգորյանն է, Հայաստանում քաղբանտարկյալներ չտեսնող Արփինե Հովհաննիսյանը նույն Արփինե Հովհաննիսյանն է:

Տեղամասերու՞մ են պակասելու կեղծիքի հնարավորությունները: Ի սեր Աստծո: Մենք վաղուց Հայաստանում այնքան մարդ չունենք, որ չկարողանանք կաշառել և չստանալ մեր ուզածը:

Եթե Վիգեն Սարգսյանը ՀՀԿ ցուցակի առաջին համարն է, դա բավարար չէ՞, որ միայն բանակով ապահովես այդ կուսակցությանն անհրաժեշտ քվեների մեկ քառորդը: Չնշանակե՞ց, որ ամեն օր մահվան աչքերի մեջ նայող զինվորը դարձավ ընտրակեղծարար:

Եվ, փաստորեն, էդ մեղքից դուրս են մնում կամ էս ընթացքում զորացրվածները, կամ,- ներեք ինձ,- ծառայության ընթացքում մահացածները:

Եթե Միհրանը թեկնածու է, սա արդեն կեղծիք է, քանզի նա քաղաքական, սոցիալական կամ տնտեսական ոչ մի տեսլական չունի: Նա ունի միայն իշխանության մեջ մնալու հույս:

Եթե կեղծիքի միջոցները պակասել են, համենայնդեպս, մնացել են նրանք, որոնք ոչինչ մտադիր չեն զիջել: Եվ նրանք բռնության փոխարեն մեզ առաջարկում են մեթոդը՝ հնդկական սերիալը, Ղարաբաղի վրա հայրենասիրություն սարքելը, աղքատությունը, դատական համակարգը, օլիգարխներին: Սրանք բոլորը փոխարինում են քվեատուփ լցոնելուն, տեղամասերում հանձնաժողովականներին ծեծելուն, վստահված անձանց կաշառելուն, թեպետ այս վերջինը, կարծում եմ, դեռ կլինի: Որովհետև քաղաքացին նույնպես չի փոխվել:

Ուրեմն, ինչպե՞ս կարող են այս ընտրությունները լինել ավելի արդար: Դա հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ իշխանությունն ինքը չի ուզում փոխվել: Դրա համար նա գտնում է իր «համախոհին»՝ քաղաքացուն, որը տեսիլքներ չունի:

Ընդդիմադիր ուժերի գործն այս իմաստով բարդ է, նրանք չունեն այն զենքը, որը աղքատ մարդուն կստիպի հրաժարվել Միհրան Պողոսյանի 100 դոլար և Սամվել Ալեքսանյանի 50 հազար դրամ ընտրակաշառքից: Նաղդի հոտառություն ունեցող մարդը նվաստացումների հիշողությամբ չի ապրում, նա շփում է ձեռքերը և սպասված հյուրի նման ընդունում Միհրանի և Սամվելի «բանագնացներին»:

Իսկ ձևավորված Ազգային Ժողովում, թե ինչ օրենքներ կընդունվեն նույն օլիգարխների ձեռամբ, արդեն հետաքրքիր չէ: Սերիալներն արդեն լրացնում են քաղաքակրթական այն սովը, որը հաջողությամբ խլացնում է  յուրաքանչյուրի ստամոքսահյութի անիմաստ աղմուկն ու հուսահատությունից բոլոր ուղղություններով հեռացող մարդկանց անեծքը: «Ռամը մեզ օգնական»:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: