20 փետրվար, 2017 17:17

Սահմանադրական բարեփոխումները մեկ անձի նպատակները երաշխավորելու համար չեն․ Բակո Սահակյան

Սահմանադրական բարեփոխումները մեկ անձի նպատակները երաշխավորելու համար չեն, այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

Բակո Սահակյանը քվեարկել է Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում, որից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է․

«Այս քայլով մենք ուզում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մեր երկրի զարգացման և շենացման համար։ Սահմանադրական բարեփոխումները ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու համար են, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում տվյալ երկրի կյանքը կառուցելու։ Բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլև՝ ազնիվ չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Բակո Սահակյանը:

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում ընթանում է սահմանադրական հանրաքվե: Հանրաքվեի քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 48.115 քաղաքացի, տեղեկացնում է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: 

Քննադատները նշում են, որ սահմանադրական փոփոխություններով Բակո Սահակյանը ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը իր նախագահության երկրորդ ժամկետից հետո։

***

ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավանություն է տվել օգոստոսի 15-ին։

Փոփոխությունների հիմքում ընկած է անցումը կառավարման կիսանախագահական համակարգից նախագահական համակարգի։ Հայեցակարգով վերացվում է վարչապետի պաշտոնը, կառավարության ուղղակի ղեկավարումը ստանձնում է նախագահը։

Արցախի ընդդիմադիր գործիչները մտավախություն են հայտնում, որ ԼՂՀ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանին վերընտրվելու Ազգային ժողովի կողմից անցումային շրջանում՝ մինչև 2020թ․, իսկ դրանից հետո կրկին զբաղեցնելու նախագահի պաշտոնը արդեն փոփոխված սահմանադրության պայմաններում։

Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․։ ԼՂՀ գործող սահմանադրությամբ՝ նա իրավունք չունի նորից զբաղեցնել նախագահի պաշտոնը։