27 փետրվար, 2017 16:30

Միհրան Պողոսյանը Պանամական գործը իր դեմ կատարված շոու է անվանել

«Արդեն բոլորին հասկանալի է ու պարզ է, որ համապատասխան քաղաքական ուժերի ու համապատասխան ուժերի կողմից [Պանամական փաստաթղթերի բացահայտումները] դա կատարված շոու էր, որն իր հանգուցալուծումը ստացավ ութ-ինը ամիս հետո»․ այսպիսի հայտարարություն է արել արդարադատության նախարարության դատական ակտերի կատարման հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերության կիրակնօրյա «Ռևոլյուցիա» հաղորդմանը։

«Հետք» էլեկտրոնային թերթը 2016թ․ ապրիլին բացահայտել էր, որ ԴԱՀԿ նախկին պետը Պանամայի օֆշորային գոտում երեք ընկերությունների բաժնետեր է։ Դրանից հետո Հատուկ քննչական ծառայությունը ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով հարուցել էր քրեական գործ, որը 2017թ․ հունվարի 24-ին կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը կարճման որոշումից հետո հայտարարեց, որ ՀՔԾ-ն ուղղակի քննչական գործողություն չի կատարել, անգամ հրապարակման հեղինակները չեն հարցաքննվել։

«Մենք ունենք, որ չկան բանկային հաշիվներ, չկա դրամական շարժ, և ակնկալվում է, որ չկա ձեռնարկատիրական գործունեություն»,- ասել է Միհրան Պողոսյանը՝ խոսելով իր մասնակցությամբ օֆշորային սկանդալի մասին։

Նա նշել է, որ ինքը մասնակցել է երեք քննչական գործողության, բացի իրենից՝ տասնյակ այլ մարդիկ ևս հարցաքննվել են, և «այսօր արդեն շոուն վերջացել է»։ Պողոսյանը, սակայն չի նշել այն «ուժերին», որոնք կանգնած են այդ գործընթացի հետևում։

Միհրան Պողոսյանն այժմ իշխող ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պայքարում է Ազգային ժողովի պատգամավորի մանդատի համար Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում։