13 մարտ, 2017 13:15

ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ամրապնդում է արժեքների կամուրջը․ Պյոտր Սվիտալսկի  

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՍիվիլՆեթի հետ զրուցել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի, դրանից բխող հնարավորությունների, Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը ԵՄ աջակցության և այլ հարցերի մասին։  

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մասին

Փետրվարի վերջին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ ավարտվել են բանակցությունները Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ։

Իսկապես, համաձայնագրի բովանդակության շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտին են հասցվել, ինչպես հայտարարեցին նախագահ Սարգսյանն ու Եվրոպական  խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 27-ին։ Պետք է համբերատար սպասել դրա ստորագրմանն ու գործարկմանը, քանի որ այժմ երկու կողմերի իրավաբանական ծառայությունները պետք է ուսումնասիրեն տեքստը, հաստատեն օգտագործված բոլոր եզրույթներն ու արտահայտությունները, փնտրեն՝ արդյոք կան տեխնիկական հակասություններ, անհամապատասխանություններ։ Այս գործընթացի համար օրեր են պահանջվում, սակայն հուսանք կողմերը մարտին այս համաձայնագիրը կկարողանան նախաստորագրել։ Նախաստորագրում նշանակում է հաստատում, որ այն, ինչ թղթի վրա է, արտահայտում է բանակցությունների արդյունքը։ Նախաստորագրումից հետո այս համաձայնագիրը պետք է թարգմանվի ԵՄ բոլոր պաշտոնական լեզուներով, ԵՄ-ն կձգտի ստանալ Խորհրդի հավանությունը ստորագրման համար, այսինքն՝ բոլոր անդամ պետությունների հավանությունը։

Այսպիսով, բավականին բարդ գործընթաց է, սակայն Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ բովանդակության շուրջ բանակցություններն ավարտվել են շատ լավ արդյունքով, հաջողակ կերպով, և այժմ հերթը տեխնիկական մասինն է, որը հուսով եմ կընթանա առանց խոչընդոտների։

Եվ այս համաձայնագրի գործարկման համար անհրաժեշտ բոլոր մյուս քայլերը կիրականացվեն ժամանակացույցին համապատասխան։ Այս ժամանակացույցը քննարկվել և համաձայնեցվել է ՀՀ նախագահի՝ Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ ունեցած հանդիպումների ժամանակ։ Կարծում եմ՝ այժմ ապահով ճանապարհի վրա ենք։ Ամենակարևորն այն է, որ մենք ունենք բանակցությունների հաջող ավարտ։ 

Առևտրի և ներդրումների մասին

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, շատերի կարծիքով, շարունակությունն է Ասոցացման համաձայնագրի, սակայն դրանք, ըստ էության, տարբեր են։ Արդյոք սա շարունակությո՞ւնն է, թե՞ նոր ձևաչափ է։

Պետք է օգտագործենք պաշտոնական եզրույթը՝ գործընկերություն, ասոցացում տերմինը ասոցացման համաձայնագրի հետ է կապված, որոնք ունեն Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան, ուստի և նրանք անվանում են ասոցացման երկրներ։ Հայաստանը գործընկերության երկիր է։ Կարծում եմ՝ այս համաձայնագիրը արտացոլում է առավելագույնը, որ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մաս է կազմում մեկ այլ ինտեգրացիոն նախագծի։ Ասոցացման համաձայնագրից բավականին մեծ բովանդակություն է պահպանվել, մասնավորապես քաղաքական, նույնիսկ կարող եմ ասել՝ պահպանվել է ողջ բովանդակությունը որոշակի փոփոխություններով, տարբեր եզրաբանություններով։ Սա նշանակում է, որ հիմա մենք ունենք շատ ամուր հիմք՝ քաղաքական համատեքստի, տարբեր բնագավառների, ներառյալ անվտանգություն զարգացման համար, ինչը նոր տարր է։ Նաև ունենք ամուր արժեհամակարգ։ Հայաստանի հետ համաձայնության քաղաքական մասը ներառում է ասոցացման նախորդ համաձայնագրի դրույթները, ինչը խոսում է այն մասին, որ համագործակցում ենք ընդհանուր արժեքների զարգացման ուղղությամբ՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն։ Կարծում եմ՝ Հայաստանի ժողովրդի համար ևս շատ կարևոր է, որ այս համաձայնագիրը ամրապնդում է արժեքների կամուրջը, կապելով Հայաստանին ԵՄ-ի հետ, եվրոպական այլ երկրների հետ։ Նվազ հավակնոտ օրակարգով ստիպված էինք սահմանափակվել առևտրաշրջանառության ու ներդրումների մասով։

Ասոցացման համաձայնագրից բավականին մեծ բովանդակություն է պահպանվել, մասնավորապես քաղաքական, նույնիսկ կարող եմ ասել՝ պահպանվել է ողջ բովանդակությունը որոշակի փոփոխություններով, տարբեր եզրաբանություններով

Այլ երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրերը հիմնված են օրենսդրությունների ներդաշնակեցման և արտոնությունների փիլիսոփայության հիման վրա։ Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ առևտուրը հենված է արտոնությունների վրա։ Հայաստանի հետ հնարավոր չէ դա ունենալ, սակայն ես վստահ եմ, որ առևտրաշրջանառության մասը ներառում է մի շարք շատ կարևոր տարրեր, որոնք կնպաստեն ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների աճին։

Դեռ առկա է ներդրումների պաշտպանության մասը, որն այժմ չի կարող լիովին արտացոլվել համաձայնագրում, սակայն դա ԵՄ-ի ներքին պատճառներով է պայմանավորված։ Հայկական կողմը շահագրգռված էր ներդրումային պաշտպանության լիարժեք գլուխ ունենալու մեջ, սակայն պետք է սպասել, քանի որ կլինի այսպես կոչված «ռանդեվու» դրույթ, որը մեզ՝ ԵՄ-ին ու Հայաստանին, կպարտավորեցնի կրկին միասին նստել և քննարկել ներդրումների պաշտպանության պայմանավորվածությունները։ Սա շատ կարևոր է, քանի որ և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն, շահագրգռված են Հայաստանում եվրոպական ներդրումների ծավալի աճում։ Ես դեռ հավատում եմ, որ այս համաձայնագիրը կխրախուսի եվրոպական ներդրողներին՝ Հայաստանը  նկատի ունենալ  բիզնես գործունեություն ծավալելու համար։

ՀՀ նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բավական երկար և շատ կառուցողական քննարկում են ունեցել, թե ինչպես խթանել եվրոպական ներդրումները Հայաստանում։ Այդ քննարկման հիման վրա կարող եմ ասել, որ փոխադարձ հետաքրքրություն կա։ Ես ինքս բավական երկար քննարկում եմ ունեցել Հայաստանի վարչապետի հետ՝ ԵՄ ներդրումները Հայաստանում խթանելու վերաբերյալ։ Կարող եմ ասել, որ մի քանի կարևոր բարելավումներ արվել են։ Օրինակ՝ ներդրողները բողոքում էին Հայաստանում հսկիչ գների առկայության մասին, որոնք օգտագործվում են ներկրվող տեխնոլոգիաների համար մաքսատուրքերում։ Վարչապետը բավական արագ, նաև մեր խնդրանքով արձագանքեց, որ եվրոպական գործընկերները վստահելի են այնքան, որ այնտեղ տրամադրված հաշիվ-ապրանքագրերն ընդունվեն Հայաստանում որպես հիմք։ Եվրոպայում հաշիվ ապրանքագիր ունենալը բավական է, ստիպված չես անդրադառնալ հսկիչ գներին՝ ներկրվող ապրանքի արժեքը որոշելու համար։ Եվրոպական ներդրողների այս պահանջը բավարարվել է, կան նաև այլ տարրեր, որոնք դեռ քննարկման փուլում են։ Ես տեսնում եմ շատ մեծ պատրաստակամություն, ինչը նորություն է Հայաստանի համար։ Հայաստանի կառավարությունը բավական կառուցողական կերպով հաշվի է առնում մեր խնդրանքը։

Սակայն կան նաև այլ, առավել կարևոր հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը, որը կարևոր գործոն է, երբ եվրոպական մեծ ընկերությունները դիտարկում են մեծ ներդրումները, նրանք հաշվի են առնում ավելի մեծ՝ քաղաքական, անվտանգության ռիսկերը։

Ապրիլյան ընտրությունների մասին

Եվրոպական Միությունը Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման թափանցիկությունն ապահովելու համար մեծ ներդրում է կատարել, ավելի քան՝ 7 միլիոն եվրո։ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ԵՄ-ն ոչ միայն գումար է ներդնում, այլև քաղաքական վստահելիություն։ Արդյոք ԵՄ-ն հայաստանյան ընտրությունների գործընթացում շահագրգիռ կո՞ղմ է։

Իսկապես, Եվրոպական Միությունը բավական խոշոր ներդրումներ է կատարել Հայաստանում, և ոչ միայն գումարի տեսքով։ Թերևս, եթե նայենք ֆինանսական կողմին, այն ևս աննախադեպ է. ԵՄ-ն Արևելյան գործընկերության որևէ այլ երկրում երբեք այս չափի ներդրումներ չի կատարել։ Այնպես որ, սա նախադեպային է, բայց նաև ավելին է, քան պարզապես ֆինանսական ռեսուրսները: ԵՄ-ն բավականին ակտիվ է եղել Հայաստանում լայն կոնսենսուսի հասնելու ուղղությամբ տարվող աշխատանքի, քաղաքական ուժերի շրջանում ընտրություններին նախապատրաստվելու, տեխնոլոգիաների ներդրման առումով:

Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում ընտրություններն անցկացվեն առավել թափանցիկ, ազատ և արդար

Հետևաբար, այո՛, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում ընտրություններն անցկացվեն առավել թափանցիկ, ազատ և արդար: Վստահ ենք՝ սա ինքնին Հայաստանի համար անչափ կարևոր է, քանի որ Հայաստանի ապագան, քաղաքական ու տնտեսական զարգացումը մեծապես կախված են ընտրությունների անցկացումից ու վստահության վերակառուցումից։ Քաղաքացիները պետք է ընտրությունները դիտարկեն որպես իրենց քաղաքական դիրքորոշումն ու նախընտրությունները արտահայտելու միջոց։ Քաղաքացիները պետք է լինեն արդար ընտրությունների անցկացման վերջնական դատավորները։

Եթե ընտություններից հետո չլինեն բողոքի ցույցեր, ընտրությունների արդյունքից բողոքող մարդիկ, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում,  ԵՄ-ն չի՞ ունենա այլ չափանիշ՝ որոշելու ընտրությունների արդար լինել-չլինելը։

Մեզ համար ելակետ են Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ-ն, միջազգային դիտորդների կարծիքները։ ԵՄ-ն սերտորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ, այնպես որ, ընտրություներից հետո մենք կունենանք կատարվածի համապարփակ ու օբյեկտիվ պատկերը։ Հաջորդիվ, իհարկե, տեղական դիտորդների գործունեությունն է։ ԵՄ-ն մեծ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրել տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություններին աջակցելու համար։ Իհարկե, նույնիսկ ամենաժողովրդավարական պետություններում միշտ կան բողոքողներ, որոնք գոհ չեն արդյունքից, որոնք կարող են տեսնել ընտրական գործընթացի թերությունները։ Մենք, որպես ԵՄ, հենց սկզբից նշում ենք բողոքների ներկայացման և դրանցով զբաղվելու թափանցիկ մեխանիզմի անհրաժեշտությունը, ԿԸՀ-ի դերի, ինչպես նաև դատական համակարգի դերի շատ կարևոր լինելը։ Հուսով ենք՝ սա կարվի այնպես, որ բոլոր հնարավոր կասկածները ցրվեն։

Կառավարությունը, ԿԸՀ-ն, քաղաքացիական հասարակության մեր գործընկերները դրսևորում են առավելագույն բարի կամք և ջանք՝ Ընտրական օրենսգրքին համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար

Հայացք նետելով մինչ այս կատարված նախապատրաստություններին, տարբեր շահագրգիռ կողմերի ջանքերին, մենք կարող ենք գոհ լինել, քանի որ բոլոր ինստիտուտները՝ կառավարությունը, ԿԸՀ-ն, նաև քաղաքացիական հասարակության մեր գործընկերները, դրսևորում են առավելագույն բարի կամք և ջանք՝ այս ամենը Ընտրական օրենսգրքին համապատասխան կազմակերպելու և  արդյունավետ իրականացնելու համար։ Սակայն գործընթացը բավական դժվար է, որովհետև նոր բաներ կան, տեխնոլոգիաների մի մասը ևս պահանջում է մանրակրկիտ փորձարկում։ Մենք հուսով ենք, որ այս բարդ գործընթացը՝ սկսած ընտրողների նույնականացման համակարգի տեխնոլոգիայի ներդրումից մինչև լրատվամիջոցների հասանելիություն, այնուհետև ընտրությունների օրվա գործողություններ, դրանից հետո բողոքների ուսումնասիրման մեխանիզմներ,- այս ամենը կարվի հնարավոր լավագույն ստանդարտներին համապատասխան։

Մենք առանձնացրել ենք 1 միլիոն եվրո, որը պետք է փոխանցվի ՀՀ իշխանություններին ընտրությունների հետ կապված գործընթացների համար, սակայն ընտրություններից հետո միայն։ Այդ 1 միլիոն եվրոն կփոխանցվի միայն այն պայմանով, եթե ԵՄ-ն ու անդամ պետությունները գոհ լինեն բոլոր գործընթացների իրականացումից։

Ինչպե՞ս է այդ 1 միլիոն եվրոն օգտագործվելու պետության կողմից՝ գնալու է բյուջե՞, թե՞ ուղղվելու է հետընտրական ծախսերին։

Այդ գումարը կփոխանցվի բյուջե՝ հոգալու կառավարության կատարած լրացուցիչ ծախսերը։ Կլինեն նաև ընտրական գործընթացի հետ կապված այլ ծախսեր։

Ինչպիսի՞ն է ԵՄ դիրքորոշումը ՀՀ նոր Ընտրական օրենսգքրի նկատմամբ՝ հաշվի առնելով ներկայացված նորարարական փոփոխությունները, որոնցից ոմանք այլ երկրներում չեն կիրառվել։ 

Մենք երբեք Ընտրական օրենսգրքի բովանդակության վերաբերյալ  պաշտոնական տեսակետ չենք հայտնել, սակայն ուշադիր հետևել ենք քննարկումներին ոչ միայն Հայաստանի ներսում, այլև ՀՀ կառավարության, Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ-ի հետ։ Մենք մեր ներդրումն ենք ունեցել քննարկումներում։ Հավատում ենք, որ այս Ընտրական օրենսգիրքը շատ լուրջ փորձարկման կենթարկվի, որովհետև օրենսգրքի որոշ տարրեր բավականին նոր են։ Եզրահանգումներ կարող ենք անել այս տարրերի փորձարկումից հետո միայն։

Ընտրությունների լույսի ներքո Ընտրական օրենսգիրքը ավելի կզարգանա և կբարելավվի հաջորդ ընտրությունների համար

Ինչպես գիտեք, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի կողմից արված քննադատական դիտողություններից որոշները ևս հաշվի են առնվել Ընտրական օրենսգրքի նախագծում, որոշները՝ ոչ։ Մենք հասկանում ենք, որ քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը շատ լուրջ վերապահումներով են մոտենում ընտրական օրենսգրքի որոշ տարրերի, այդ թվում՝ դիտորդների և լրատվամիջոցների թվի սահմանափակումներին, ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսպես կոչված ապատեղեկատվության տարածման համար պատժիչ միջոցառումներին։ Մենք հուսով ենք, որ այս սահմանափակող տարրերի՝ գործնականում կիրառման անհրաժեշտություն չի լինի, որպեսզի մենք ընտրության օրն ու դրան հաջորդող օրերին կարողանանք խուսափել լրացուցիչ հակասություններից։

Ես խորապես համոզված եմ, որ ընտրությունների լույսի ներքո ընտրական օրենսգիրքը ավելի կզարգանա և կբարելավվի հաջորդ ընտրությունների համար։ Սա անմիջականորեն առնչվում է խնդիրներից մեկին, որն ըստ իս, հիմա բավականաչափ չի արտացոլվում, այն է՝ կանանց դերը ընտրական գործընթացում։

Կառավարության խոստումների հիման վրա մենք հույս ունենք, որ ընտրական ցուցակներում և որպես վերջնարդյունք՝ խորհրդարանում, կանանց թվի հարաբերակցությունը վերջապես կաճի ընտրություններից հետո։ Մենք գտնում ենք, որ Հայաստանում ընտրությունները ոչ թե վերջնական քայլ են, այլ շարունակական գործընթաց։ Ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը շարունակական գործընթաց է, ուստի մենք հուսով ենք, որ ընտրությունները կլինեն որակական առումով անչափ կարևոր քայլ առաջ՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացման գործում։

Ընտրությունների ոչ գոհացուցիչ արդյունքները ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։

Թույլ տվեք պարզ ասել, որ կառավարության և ընտրությունների անցկացման համար պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչների հետ իմ բոլոր շփումներում ես ստանում եմ հավաստիացում, որ կարվի ամեն ինչ՝ այս ընտրությունները արևմտյան ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացնելու համար։ ՀՀ նախագահը ևս փետրվարի վերջին Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ հանդիպելիս հստակ բարձրաձայնեց սա։ ՀՀ իշխանություններն օգտագործում են ցանկացած առիթ՝ հայտարարելու, որ հասկանում են ընտրությունների կարևորությունը, և որ անելու են ամեն ինչ, որպեսզի ընտրությունները համապատասխանեն բարձրագույն չափանիշներին։ Ես այդ հայտարարություններին կասկածելու որևէ առիթ չունեմ, քանի որ, ինչպես ասացի, իմ աշխատանքային շփումներում նախկին մի քանի ամիսների ընթացքում ես տեսել եմ մեծ բարի կամք ու քրտնաջան աշխատանք, որի շնորհիվ այս հայտարարությունները շատ վստահելի են դառնում։

Ընտանեկան բռնության մասին օրենքի մասին

Ակնկալվում էր, որ դեռ 2016թ․ Հայաստանն ընդունելու էր Ընտանեկան բռնության մասին օրենք, ինչը քաջալերվում է ԵՄ-ի կողմից։ Հայաստանում որոշ շրջանակներ պնդում են, թե ԵՄ-ն հարկադրում է, որ նման օրենք ընդունվի։

Հայաստանն իր իսկ նախաձեռնությամբ է հայտարարել, որ կընդունի Ընտանեկան բռնության մասին օրենք։ Մեզ այժմ ասվում է, որ այն ուղղակի հետաձգվում է, սակայն ՀՀ կառավարությունից ոչ ոք մեզ չի ասում, որ այդ օրենքի նախագծից լիովին հետ են կանգնում։ Ամենայն հավանականությամբ, այդ օրենքը կընդունվի ընտրություններից հետո։ Սա շատ կարևոր օրենք է Հայաստանի համար, քանի որ երկիրը մեծապես կշահի քաղաքականության մեջ և գործարար կյանքում կանանց դերի խթանման, ինչպես նաև հասարակությունում կանանց դերի նոր ստանդարտների ներկայացման արդյունքում։ Այսպիսով, այս օրենքը կարևոր է Հայաստանի համար, և հուսով եմ՝ հայաստանցիները կհասկանան, որ Եվրոպայում չեն ցանկանում Հայաստանին որևէ բան պարտադրել։ Դա չէ նպատակը, հարցը ձեր ապագային է վերաբերում։ Դուք եք որոշում՝ ինչպիսի ապագա եք ունենալու։ Իհարկե, միշտ կգտնվեն օտարերկրացիներ, որոնք կփորձեն խորհուրդ տալ ձեզ այս կամ այն հարցի շուրջ, բայց ես լիովին վստահում եմ Հայաստանին, որ այն բավական հասուն է՝ ինքը որոշելու՝ որն է երկրի ու հանրության համար լավը։

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին

ԵՄ-ն Հայաստանին աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարում։ Մյուս կողմից՝ Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, որտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը բավական բարձր է՝ ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը։

Մենք կարող ենք գոհունակությամբ նշել, որ վերջին ամիսներին նկատել ենք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արագացմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Ուրախ ենք, որ իրավիճակի ախտորոշումը, կոռուպցիոն ռիսկերի զատորոշումը կառավարության ու մեր, նաև այլ գործընկերների կողմից նույնական է։ Նշածս քայլերը վերաբերում են հիմնականում որոշ օրենսդրական ակտերի, մասնավորապես՝ ապօրինի հարստացման դեմ օրենքին, որը թեև ուժի մեջ կմտնի այս ամառ, արդեն իսկ ընդունված է և շատ լավ օրենք է։

Կան նաև այլ ծրագրեր, այդ թվում այնպիսիք, որ ԵՄ-ն տարիներ շարունակ  լիովին աջակցել է, օրինակ՝ Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծմանը, որն ավարտական փուլում է։ Փոփոխության առումով այն, ինչ ունենք այժմ, շատ կարևոր նոր օրենսդրական նախագծեր են, ինստիտուտներ հիմնելու ծրագրեր։ Այսպիսով, ունենք օրենքներ, ունենք ինստիտուտներ, մնում է հանրային արձագանքը, հանրության աջակցությունը։ Հասարակությունը պետք է լիովին տեղեկացված լինի, անհանդուրժող լինի կոռուպցիայի հանդեպ։ Պետք է հենվենք նաև պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց քաղաքական կամքի դրսևորման վրա՝ այս բոլոր դրույթների իրականացման հարցում։ Ես շատ լավ զրույց եմ ունեցել վարչապետի հետ։ Մեզ ներկայացվել են կոնկրետ քայլեր, որ ներկայիս կառավարությունը նախատեսում է իրականացնել, և մենք մտածում ենք՝ ինչպես կարող է ԵՄ-ն օգտակար լինել։ Մեր հանդիպմանը վարչապետի խնդրանքը կարող է ստանալ ԵՄ աջակցությունը։ Այժմ մենք աշխատում ենք դրան կառուցողական պատասխան տալու ուղղությամբ, և հավատում ենք, որ Հայաստանը կարող է մեծ առաջընթաց ունենալ։ Ես միշտ բերում եմ Վրաստանի օրինակը, որը այժմ բավական հաջող պայքարում է կոռուպցիայի դեմ, և երկիրն այդ առումով շատ ավելի դրական է ընդունվում, քան անգամ որոշ ԵՄ անդամ պետություններ։ Եթե հետադարձ հայացք նետենք քսան տարի առաջվան, Վրաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի վատ էր, քան Հայաստանում։ Այնպես որ, այո՛, դուք կարող եք դա անել։

Մոտ մեկ տարի առաջ մամուլի ասուլիսին Դուք դժգոհեցիք հակակոռուպցիոն պայքարի առաջընթացի մասին։ Դինամիկան փոխվե՞լ է։

Այո, փոխվել է։ Նույնիսկ մինչև ամառ՝ դեռ նախորդ կառավարության օրոք, մենք ստանում էինք դրական ազդանշաններ, օրենսդրական որոշ նախագծերի շուրջ աշխատանքները դեռևս այդ ժամանակ սկսվեցին, ուստի կա տեսանելի փոփոխություն։ Ինչպես ասացի, պետք է լինել համբերատար, հետևել՝ ինչպես են միջոցառումներն ու ծրագրերն իրականացվում։ Կոռուպցիայի դեմ պայքարի դեպքում կարող ես ունենալ վեհ նպատակներ և հայտարարություններ անել, սակայն, ինչպես ասում են անգլիացիները՝ the taste of pudding is in the eating [պուդինգը համով է ուտելով]։ Ամենակարևորը օրենքների լավ կիրառման վճռականությունն է. իմաստ չունի ունենալ խիստ օրենքներ, որոնք չեն կիրառվում։ Եվրոպական այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենադժվար մասը օրենքների կիրարկումն է։

Քաղաքացիական հասարակության մասին

Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ինչ դեր ունի այս ամենում։

Մենք համարում ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը երկրի ուժեղագույն կողմերից մեկն է։ Հայաստանը կարող է հպարտանալ իր վառ քաղաքացիական հասարակությամբ։ Քաղաքացիական կազմակերպությունները հիմնականում բողոքում են՝ ամենուր, ժողովրդավարական երկրներում էլ։ Դա է նրանց դերը՝ այլընտրանքային տեսակետը ներկայացնել, հակադրվել կառավարությանը, ներկայացնել հանրությանը հուզող հարցերը։ Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, կարող է շատ ավելի մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում՝ բարելավելու տարբեր ոլորտներ՝ պետական կառավարման համակարգում և տնտեսության մեջ։ Մենք խոսում էինք կոռուպցիայի մասին․ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոռուպցիայի դեմ պայքարում շատ մեծ ներուժ ունեն, շատ լավ մասնագիտական փորձ։ Ինձ շատ է ոգևորել նոր վարչապետի հայտարարությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հակակոռուպցիոն խորհրդում համատեղելու ուժերը քաղաքացիական հասարակության հետ։ Սա լավ է, երբ ես հանդիպումներ եմ ունենում որոշ կազմակերպությունների հետ՝ հայ իրավաբանների, «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» և այլոց հետ, ես տեսնում եմ, որ մարդիկ տեղեկացված են թեմայից, ծանոթ են այլ երկրների փորձին և կարող են օգնել կառավարությանն ու տարբեր ինստիտուտներին՝ ավելի արդյունավետ պայքարելոի կոռուպցիայի դեմ։ Հայաստանի քաղաքացիական հասարակության խնդիրը թույլ ֆինանսական հիմքերն են, այն պետք է տեղական ֆոնդերից օգտվելու ավելի լայն հնարավորություններ ունենա։

Մեկ բարելավում կատարվել է՝ ՀԿ-ների մասին օրենքը, որը թույլ է տալիս մասնավորապես սոցիալական ոլորտում աշխատող քաղհասարակության կազմակերպություններին գումար աշխատել՝ իրենց ծառայությունների դիմաց։ Սա ևս բազմաթիվ եվրոպական երկրների փորձն է։ Քաղհասարակության կազմակերպությունների կողմից մատուցվող սոցիալական ծառայություններն ավելի էժան են, քան պետության կողմից մատուցվողը, և երբեմն ավելի արդյունավետ են։ Մենք աջակցում ենք դրան, ինչպես գիտեք, ներկայում ԵՄ-ն ունի քաղաքացիական հասարակության մարզային փոքր կազմակերպություններին աջակցելու բազմամիլիոնանոց ծրագիր։ Մենք սկսել ենք նաև նոր ծրագիր, որը Սփյուռքի քաղաքացիական կազմակերպություններին կապում է տեղականների հետ։ Եվ մենք ցանկանում ենք շարունակել, քանի որ երբ Հայաստանը համեմատում ենք ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ հետխորհրդային երկրների հետ, այն աչքի է ընկնում իր վառ քաղաքացիական հասարակությամբ։ Ուստի, մեր գործընկերները պետք է խրախուսեն ուժեղ քաղաքացիական հասարակությունը՝ դրանից վախենալու փոխարեն։

Ի՞նչ կասեք երկրի զարգացման գործում և խնդիրների բարձրաձայնման մեջ լրատվամիջոցների դերի մասին։

Լրատվամիջոցների դերը կարևոր է։ Հայաստանում այդ դաշտում կա բազմակարծություն, և ՍիվիլՆեթն էլ հայկական լրատվամիջոցների դաշտում բազմակարծությանը մեծապես օժանդակող լրատվամիջոց է։ Այն, ինչ անում եք, Հայաստանում բազմակարծությանը նպաստելու կոնկրետ օրինակ է։ Այստեղ ևս, իհարկե, հիմնական խնդիրը անկախ լրատվամիջոցների ֆինանսական կայունությունն է։ Որևէ երկրում առանց կայուն ֆինանսական հիմքի չի կարող անկախ լրատվամիջոցը գործել։

Երկրորդ կարևոր կողմը Հայաստանում քաղաքական տարատեսակ ազդեցությունից անձեռնմխելի լինելն է։ Բոլոր հասարակություններում էլ դժվար է անկախ մնալ, թեկուզ ժողովրդավարական արևմտյան հասարակություններում։ Սակայն ես հավատում եմ, որ հայ լրագրողները կդիմակայեն բազմատեսակ ճնշումներին, կխուսափեն ինքնագրաքննությունից։ Կարող եմ ասել, որ Հայաստանի հետ համագործակցության իմ փորձը բավական դրական է։ Ես կարող եմ հենվել օբյեկտիվ լրատվության, իմ հայտարարությունների շատ ճշգրիտ փոխանցման վրա՝ չնայած լինում են նաև անհիմն շահարկումներ։ Շատ երկրների նման՝ հայկական լրատվամիջոցները սիրում են շահարկումներ անել, երբեմն բամբասել։ Չնայած այս կեղծ լուրերի տարածման պատուհասը ամենուր է՝ ես հուսով եմ՝ դուք կդիմակայեք սրան։ Առաջիկա ընտրարշավը մեծ փորձ կլինի ՝ թե որքանով հայկական լրատվամիջոցներն ու բնակչությունը կդիմակայեն այս փորձությանը։

Զրույցը՝ Ռուբինա Մարկոսյանի

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի