23 մարտ, 2017 16:51

Գերմանիային նացիզմի մեջ մեղադրող Թուրքիան չի ընդունում իր գործած ցեղասպանությունը․ Independent-ի անդրադարձը

Independent-ում լույս է տեսել բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածը՝ ««Նացիստական գործողությունների» համար մեղավոր է Էրդողանի Թուրքիան, այլ ոչ թե մարդասեր Գերմանիան» վերնագրով։ Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիայի հասցեին հնչող մեղադրանքներին։ Ֆիսկը նշում է, որ Գերմանիան պարբերաբար զղջում և ընդունում է, որ Հոլոքոստ է իրականացրել, մինչդեռ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, չի էլ ընդունում հայերի հանդեպ ցեղասպանություն գործելու փաստը։ Հոդվածը կրճատումներով, թարգմանաբար՝ ստորև։

Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Անգելա Մերկելի Գերմանիան նացիստների հետ համեմատելու մեջ ինչ-որ անպարկեշտ բան կա։ Ըստ Էրդողանի՝ Գերմանիայի կողմից Բեռլինում թուրքերի քաղաքական ցույցերը արգելելը «նացիստական գործելաոճի» կիրառման օրինակ է` մի բան, որ պարբերաբար անում է Էրդողանը։ Կարևոր չէ, որ Գերմանիան ամեն օր զղջում է Եվրոպայի հրեաներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացնելու համար, իսկ Մերկելի արտասովոր և մարդասիրական, թեպետև իր համար քաղաքականապես վնասակար որոշումը՝ Մերձավոր Արևելից փախստականներին իր երկրում ապաստան տալը, բավական չէ Հիտլերի հանցագործությունների դիմաց մեղքերը քավելու համար։ Կարևորը, ըստ Էրդողանի, այն է, որ սեփական ազգը երկրորդ համաշխարհային պատերազմում հերոսաբար չեզոք մնաց։

Նացիստները, որոնց այսքան ցուցադրաբար ատում է Էրդողանը, բավականին շատ էին սիրում Թուրքիային։ Թուրքիան ոչ միայն չեզոք մնաց պատերազմում, այլև նացիստական թերթերը 1930-ականների սկզբին բազմիցս գովաբանում էին Առաջին համաշխարհային պատերազմի ավերակների վրա բարձրացած «թուրքացված» պետությունը։ Սա նուրբ ակնարկ էր Օսմանյան Թուրքիայի «ռասսայական մաքրությանը» 1915թ. Օսմանյան կայսրության կողմից մոտ մեկ ու կես մլն քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ ցեղասպանությունից հետո՝ մի կոտորած, որը խորապես ոգեշնչեց Հիտլերին Եվրոպայի հրեաների բնաջնջման իր սեփական որոշման հարցում։

Պատերազմից առաջ մի քանի թերթերի տված հարցազրույցներում Հիտլերը անդրադարձել էր Եվրոպայի մոռացկոտությանը հայկական ջարդերի հարցում։ 1939թ․ Լեհաստան ներխուժելուց առաջ իր գեներալների հետ հանդիպման ժամանակ Հիտլերը նույնիսկ հարցադրում էր արել՝ «Ո՞վ է այժմ հիշում հայերի ցեղասպանությունը»։ Սա հրեաներին սպանելու բաց հրավեր էր, որոնք այն ժամանակ կազմում էին միայն Վարշավայի բնակչության 30 տոկոսը։

Հիտլերի դիվանագետների և Վերմախտի սպաներից մի քանիսը ավելի վաղ եղել էին Օսմանյան թուրքերի խորհրդատուներ և, ըստ էության, 1915 թ. հայկական ջարդերի ականատեսն էին։ Նրանք ավելի ուշ որպես գերմանացի սպաներ հայտնվեցին օկուպացված Խորհրդային Միությունում, որտեղ 1941թ․ հունիսին էսեսականները սպանեցին տասնյակ հազարավոր հրեաների։

Եվ եթե Մերկելի Գերմանիան իր զղջումն է արտահայտում հրեական Հոլոքոստի համար, Էրդողանը չի էլ ընդունում 1915 թ. Թուրքիայի՝ իր հայ քաղաքացիների նկատմամբ գործած սպանդը։ Այն թուրքերին, որոնք բարձրաձայնել են ցեղասպանությունը, թուրքական պետությունը սպառնացել է ազատազրկմամբ։

 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի