30 մարտ, 2017 12:21

Քի-Ուեստում կամ բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել․ Քոչարյանի գրասենյակ

2rd.am կայքը խնդրել է ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոոմոնյանին մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արված մի շարք մտքեր։

«Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»,- ասել է Սողոմոնյանը:

***

Օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր։ Առաջին նախագահը խոսեց իր ղեկավարած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջ քաշած խաղաղության ծրագրի մասին, որով իրենք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով՝ Տեր-Պետրոսյանն ասաց, որ որևէ կողմի համար իդեալական լուծում չի լինելու։