31 մարտ, 2017 15:02

Մեղրին հանձնելու տարբերակ չի եղել․ Օսկանյանը հակադարձում է Տեր-Պետրոսյանին

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հակադարձում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը պնդել էր, թե 2001թ․ ամերիկյան Քի Ուեստ քաղաքում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում քննարկվել է Մեղրիի շրջանը Ադրբեջանի հետ փոխանակելու տարբերակը։

Այսօր Երևանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի ղեկավարների հրավիրված ասուլիսին լրագրողներն Վարդան Օսկանյանի հարց ուղղեցին, թե արդյոք Մեղրիի փոխանակման հարց է քննարկվել Քի Ուեստում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 2001թ․ քննարկվել է Մեղրին փոխանակելու տարբերակը։ Տեր-Պետրոսյանը քննադատություն էր հնչեցրել նաև ղարաբաղյան կարգավորման 2007թ․ ընդունված Մադրիդյան սկզբունքների մասին՝ նշելով, որ դրանց «հայրը» Վարդան Օսկանյանն է։

Այսօրվա ասուլիսին Վարդան Օսկանյանը ափսոսանք հայտնեց, որ առաջին նախագահը նման հայտարարություն է արել․

«Ցավում եմ, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է Հայաստանի տարածքի հետ կապված Մեղրիի խնդիրը, դա ես ցավով եմ արձանագրում։ Այդպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել։ Ընդամենը 90-ական թվականներից մի ծրագիր կար՝ [Փոլ] Գոբլի ծրագիրը, որը գոյություն է ունեցել և՛ 90-ականներին, և՛ 2000-ականներին, բայց ոչ սկզբնական շրջանում, որ էլ հետո իշխանությունը չէր կարող դրան լուրջ վերաբերվել։ Ցավում եմ, որ այդ խնդիրն այս պահին նորից շահարկման առարկա է դարձել»։

Վարդան Օսկանյանը նշեց, թե մինչև 2008-ը ժողովուրդը մի քանի բան է ապացուցել, որոնք այժմեական են այսօրվա Ղարաբաղի շուրջ ծավալվող այս դիսկուսի համար․

«Առաջինը, որ հնարավոր է, հակառակ Ղարաբաղի հարցի առկայության, խաղաղությունը պահպանել։ Երկրորդ, հնարավոր է զարգանալ այդ պայմաններում, նույնիսկ՝ երկնիշ տնտեսական աճով, հնարավոր է աղքատությունը կրճատել, արտագաղթը կանգնեցնել, և այդ բոլորը կարելի է անել առանց դրսից պարտք վերցնելու։ Հնարավոր է նաև հավելումն այդ բոլորի արձանագրել առաջընթաց հենց Լեռնային Ղարաբաղի բանակցություններում և պահպանել խաղաղությունը»։

Վարդան Օսկանյանը նշեց, որ այդ տարիներին իրենց հաջողվել է ամրագրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթում, և հենց այդ փաստը միջազգային հանրությունն ընդունել է․ «Դա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է, մենք նպաստել ենք դրան և ակտիվ դիվանագիտության արդյունքում կարողացել ենք դա ձեռք բերել»։

«Ցուցաբերելով այս պարտվողական, թույլ մոտեցումը, ես կարծում եմ, որ դա որևէ դրական բան չի կարող ունենալ մեր հետագա գործունեության վրա՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության մեջ»,- ասաց Վարդան Օսկանյանը։