12 ապրիլ, 2017 16:48

Վրաստանը հրաժարվում է «Գազպրոմի» գազից

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր հայտարարել է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ Վրաստանը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից գազ չի գնի։

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Կալաձեն ասել է, որ ավելի վաղ «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի կնքած պայմանագիրը՝ դեպի Հայաստան տարանցվող գազի դիմաց վճարի մոնետիզացիայի վերաբերյալ, թույլ է տալիս կախվածություն չունենալ ռուսաստանյան գազից։

«Ստացված գումարը մեզ թույլ է տալիս գազ գնել Ադրբեջանից, Իրանից»,- ասել է Կալաձեն՝ հավելելով, որ կայացվել է «ամբողջությամբ ադրբեջանական գազով լիցքավորվելու որոշում»։

Նա նաև ասել է, որ «Գազպրոմ»-ի հետ երկամյա պայմանագրի ավարտին Վրաստանը կունենա «ավելի ամուր դիրքեր», քանի որ կավարտվի գազի պահեստարանի շինարարությունը։

Ադրբեջանական գազն այսօրվա դրությամբ Վրաստանի գազամատակարարման հիմնական աղբյուրն է։

Ինչպես վկայում է Վրաստանի էներգետիկ և ջրային պաշարների ազգային կարգավորող հանձնաժողովի զեկույցը, 2016թ․ Վրաստանի կողմից սպառված բնական գազի 93,4 տոկոսը բաժին է ընկել ադրբեջանական գազին՝ SOCAR պետական ընկերությանն ու «Շահ Դենիզ» կոնսորցիումին (2,113 մլրդ խմ)։ Եկրորդ տեղում Ռուսաստանն է, որը Հայաստանին մատակարարվող գազի տարանցման դիմաց Վրաստանին տրամադրել է 122 մլն խմ կամ ընդհանուր սպառման 5,3 տոկոսը, Վրաստանի տեղական արդյունաբերությանը բաժին է ընկնում 6 մլն խմ գազ կամ ընդհանուր սպառման 0,3 տոկոսը։

2018թ․ Վրաստանում սկսվելու է ստորգետնյա գազի պահեստարանի շինարարությունը, որը նախատեսվում է գործարկել 2020թ․։

***

Հունվարի 11-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Գազպրոմ Էքսպորտ»-ի ղեկավարության հետ բանակցությունների երրորդ փուլից հետո հայտարարել էր, որ կառավարությունը «օպտիմալ որոշում» է կայացրել՝ ընդունելով «Գազպրոմ»-ի պայմանները Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման վերաբերյալ։

Ըստ համաձայնության՝ երկամյա համաձայնագրի առաջին տարում մասամբ կպահպանվի տարանցման դիմաց գազով վճարումը, իսկ երկրորդ տարում անցում կկատարվի ամբողջությամբ փողով վճարմանը։

Կախա Կալաձեի և «Գազպրոմ Էքսպորտ»-ի միջև բանակցությունների նախորդ երկու փուլերն անցկացվել էին անցյալ տարի՝ դեկտեմբերի 13-ին և դեկտեմբերի 23-ին, սակայն որևէ արդյունքի չէին բերել։ Վրաստանում ռուսաստանյան ընկերության հետ գործարքի դեմ բողոքի մեծ ալիք կա։

Կարդացեք նաև՝ «Գազպրոմ»-ը կարող է փոխել Իրան-Հայաստան գազի ենթակառուցվածքը և փոխարինել վրացական երթուղին։