18 մայիս, 2017 14:56

2040թ․` 4 մլն բնակիչ․ Սերժ Սարգսյանի ժողովրդագրական թիրախը՝ արտագաղթի և ծնելիության անկման պայմաններում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին հանդես եկավ ուղերձով։ Սերժ Սարգսյանը խոսեց ամենատարբեր խնդիրների մասին, որոնց թվում՝ սոցիալական և տնտեսական։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի։ Սա այն դեպքում, երբ 2008-ից ի վեր Հայաստանից արտագաղթել է 355 հազար մարդ և միտումը ոչ միայն պահպանվում է, այլև գնալով՝ ահագնանում։

«Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը»,- ԱԺ-ում հայտարարեց Սարգսյանը։

«Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում:

Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասաց ՀՀ նախագահը։

Ծնելիության անկում, արտագաղթի ու մահացությունների աճ․ ինչպե՞ս կանխել ժողովրդագրական աղետը

Մինչդեռ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2017թ․ առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ ժողովրդագրությանը վերաբերող թվերը մտահոգիչ են, իսկ միտումները հակառակի մասին են վկայում։

Եթե 2016թ․ հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել էր 9 125 երեխա, ապա 2017թ․՝ ընդամենը 8 534:

Դրան հակառակ՝ աճել է մահերի թիվը․ եթե 2016թ․ առաջին եռամսյակում մահացել է 7 744 մարդ, ապա այս տարի մահերի թիվը աճել է 4 տոկոսով՝ 8 037։

Բնական հավելաճի` ծնվածների և մահացածների թվերի տարբերության մասով ցուցանիշները ևս տագնապալի են։ Ծնվածների և մահացածների թվերի տարբերությունը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 497, որն ամենամեծն է վերջին յոթ տարվա ընթացքում։

Այս ամենին զուգահեռ՝ նվազել է ամուսնությունների թիվը․ 2017թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է 3 544 ամուսնություն այն դեպքում, երբ 2015թ․ այդ թիվը 4 348 էր:  

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ հրապարակված այս ցուցանիշները կանխատեսվել էին դեռ 2013-ին։