25 մայիս, 2017 14:30

Ընտրական գործընթացը կարևոր է, սակայն միայն ընտրություններով ժողովրդավարության չես հասնի․ Էդվարդ Ջերեջյան

Կյանքում և քաղաքականության մեջ մարդիկ են քաղաքականություն մշակում, երբեք չպետք է մոռանանք դա։ Սակայն հավասարապես կարևոր են երկրի ինստիտուտները․ մայիսի 23-24-ը Երևանում «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով անցած գիտաժողովին իր ելույթում նշեց ամերիկյան փորձառու դիվանագետ Էդվարդ Ջերեջյանը, որը դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ-ի ութ նախագահների օրոք։ «Անցումային շրջանի դասերը» խորագրով իր բանախոսությունը դեսպանը սկսեց անցած դիվանագիտական ճանապարհից մի շարք ուշագրավ դրվագներով, որոնց թվում ԽՍՀՄ ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի հետ հանդիպումն էր Վաշինգտոնում։

Ի՞նչ է ժողովրդավարությունը

«Ես քաղաքականության և պատմության ասպարեզներում անձի, անհատի դերակատարության ջատագովն եմ»,- նշեց դիվանագետը։

Մարդիկ, առաջնորդները իրավիճակ են փոխել

«Մարդիկ, առաջնորդները իրավիճակ են փոխել, հետևաբար ընտրական գործընթացը կարևոր է, սակայն միայն ընտրություններով ժողովրդավարության չես հասնի,- ասաց Ջերեջյանն ու հարցադրում արեց։ - Քանի՞ բռնապետ է ընտրվել»։ Նա կասկածի տակ դրեց ամբողջ աշխարհով մեկ տարածված այն մտայնությունը, որ ընտրությունները ժողովրդավարության առանցքային բաղադրիչն են։

«Իմ համոզմամբ՝ ժողովրդավարության առանցքային բաղադրիչը օրենքի գերակայությունն է, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հավասար սոցիալ-տնտեսական հնարավորությունները, քաղաքացիական հասարակության դերը՝ սա է ժողովրդավարությունը։ Հատկապես, օրենքի գերակայությունը և այն, որ ոչ ոք օրենքից վեր չէ, այդ թվում՝ երկրի ղեկավարը»,- ասաց դեսպանը։

Այդ ամենին հասնելը, բանախոսի խոսքով, հնարավոր չէ ուղիղ գծով․ պատահում են «շրջանցումներ», «միակողմանի երթևեկություն», «մեծ հիասթափություններ»։

Ջերեջյանն ասում է՝ ամենագլխավոր խնդիրներից մեկը աշխարհում, ոչ միայն այս տարածաշրջանում կամ Մերձավոր Արևելքում, վարչակարգերի համակարգային կոռումպացվածությունն է, որոնցից որոշները իրականում ավազակապետություններ են (կլեպտոկրատիա)։ 

«Դամասկոսի վարչակարգը ավազակապետություն է։ Այն ավելի վատն է, քան օլիգարխիան, քանի որ ենթադրում է, որ իշխանության մոտ գտնվողները թալանում են պետությունը, մարդկանց ունեցվածքը։ Դա հատկապես նշանակալի է Արաբական ընդվզման արմատների մասին խոսելիս»,- նշեց Ջերեջյանը։

Նա հիշեցրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքերը, թե «դա երբեք Սիրիայում տեղի չի ունենա, քանի որ իրենք ժողովրդին մոտ են կանգնած»։

Արաբական ընդվզումը ամբողջ Մերձավոր Արևելքի քաղաքական համայնապատկերի տեկտոնիկ փոփոխություն էր, որի հետևանքները դեռ շարունակվում են

Ի հաստատումն իր այս խոսքերի՝ Ջերեջյանը օրինակ բերեց արաբական աշխարհի ամենապահպանողական երկիր Սաուդյան Արաբիային, որը, նրա խոսքով, «գիտի, որ ժամանակը գնում է»։ 

«Նույնիսկ Սաուդյան Արաբիայի նման երկիրը շարժվում է դեպի տնտեսական և սոցիալական կառուցվածքային բարեփոխումներ,- նշեց բանախոսը։ - Դրա կարիքն ամենուր կա»։ 

Կոմունիզմից հետո հաջորդ «իզմ»-երը՝ տեռորիզմ ու էքստրեմիզմ

Ջերեջյանն ապա վերհիշեց իր 1992թ․ ելույթներից մեկը, երբ ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնականն էր։ Ելույթի առանցքն այն էր, որ հաջորդ «իզմ»-ը, որին առերեսվելու էր ԱՄՆ-ը կոմունիզմից հետո լինելու էր «էքստրեմիզմը»՝ ծայրահեղականությունը և «տեռորիզմը»՝ ահաբեկչությունը՝ աշխարհիկ կամ կրոնական քողի տակ։

Ահաբեկչության դեմ պայքարում ռազմական ուժի կիրառումը Ջերեջյանը համարում է խնդրի մի մասը միայն։ Մյուս մասը հանգում է հասարակական, սոցիալական խնդիրներին, որոնց թվում են՝ գործազրկության բարձր մակարդակը, օրենքի գերակայության, քաղաքական մասնակցության ցածր մակարդակը, քաղաքացիական հասարակության բացակայությունը, անբավարար կրթական կառույցները։ Նա ասում է, որ հենց այս ամենի հիման վրա են ծագում արմատական շարժումները։ Մյուս մասն էլ, դեսպանի համոզմամբ, չկարգավորված հակամարտություններն են, ինչպիսին է, օրինակ, պաղեստինյան հակամարտությունը։ 

Ու թեև դեռ 1992թ․ նա կոչ էր արել Մերձավոր Արևելքում անհապաղ քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնել, սակայն Վաշինգտոնի վարչակազմերն այդպես էլ «խոսքից գործի չանցան»։ 

«Մենք մեր որոշ կարևոր գործընկերների մեջ, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, չներարկեցինք քաղաքական և տնտեսական բարեփոխումներ»,- ասաց դեսպանը։

Ջերեջյանի խոսքով՝ անկարելի է Սաուդյան Արաբիայում «պարաշյուտով իջեցնել ժողովրդավարության ջեֆերսոնյան մոդելը․ անհրաժեշտ է նայել, ուսումնասիրել նրանց մշակույթը»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի իրաքյան արշավին՝ բանախոսը «մեծամտություն» որակեց այն։

«Ես դեմ էի այդ պատերազմին»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք փորձել են Բուշի վարչակազմում քարոզչություն տանել այդ պատերազմի դեմ, սակայն ձախողել են։

Հիմնական միտքը հանգում էր նրան, որ պետք չէ զինաթափել Իրաքի բանակը, այն երկրի անվտանգությունն է:

Ջերեջյանի ներկայացմամբ՝ Իսլամական պետության պարագլուխները գերազանցապես «Բաաս»-ի նախկին ռազմական և քաղաքացիական առաջնորդներն են։

Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում, ըստ դեսպանի, չափազանց կարևոր է, որ երկու երկրները կառուցեն իրական երկխոսություն և հարաբերություններ։ 

«Չափազանց կարևոր է աշխարհում խաղաղության և անվտանգության տեսանկյունից, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հաստատեն հարաբերություններ, որոնցում, չնայած տարբերություններին, հնարավոր լինի ընդհանուր հող շոշափել»։

Բանախոսի դիտարկմամբ՝ դա կարևոր է Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի տեսանկյունից։

Ռուսաստանը առանցքային խաղացող է Մինսկի գործընթացում, Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ երկրոդական

Դիվանագետի համոզմամբ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը ամենակարևորն է՝ արտաքին որևէ այլ ուժի համեմատ։ 

«Այսպիսով, եթե ԱՄՆ-ը մտադիր է կառուցողական դեր խաղալ Հարավային Կովկասում, մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները»։

Իր ելույթը Էդվարդ Ջերեջյանը եզրափակեց՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում ընթացող՝ ընտրություններում ռուսաստանյան միջամտության շուրջ «այս անհավանական ներքին բանավեճը» ինչ-որ կերպ կհանգուցալուծվի, և իրենք կկարողանան առաջ շարժվել դեպի այդ հարաբերությունների հաստատում։

 

Ստելլա Մեհրաբեկյան