26 հունիս, 2017 10:59

Ռուսական զենքի հերթական խմբաքանակն Ադրբեջանում է

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպառազինությունները առաջիկայում ուղարկվելու են մերձճակատային գոտի։ Նշվում է, որ ռուսաստանյան ռազմատեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին կշարունակվի։

Ռուսական զենքի նախորդ խմբաքանակը Ադրբեջան էր առաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին։

Իսրայելցի փորձագետ, Ռուսաստանում և Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը ադրբեջանական կայքերից մեկի հետ զրույցում ասել է, որ Իսրայելը Ադրբեջանին կմատակարարի նոր սպառազինություններ։ Մագենի խոսքով՝ «Իսրայելի վստահությունը Ադրբեջանի հանդեպ այնքան մեծ է, որ այդ երկիրը պատրաստ է ադրբեջանական բանակին մատակարարել ամենաարդի սպառազինությունները, որոնք չեն առաքվում աշխարհի այլ երկրներին»։ Փորձագետը նշել է, որ երկու երկրների միջև ստեղծվել են «ռազմավարական գործընկերության հիմքեր»։

«Իսրայելը վստահ է, որ Ադրբեջանին մատակարարվող արդի սպառազինությունները չեն ընկնի ոչ բարեկամական և խնդրահարույց երկրների ձեռքը։ Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է։ Կարծում եմ, որ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, միայն ընդլայնվելու է»,- հայտարարել է իսրայելցի փորձագետը։

***

Ռուսաստանն Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

5 մլրդ դոլարի գործարք Ռուսաստանի հետ

Տարեսկզբին Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ և հետաքրքրված է պաշտպանական նորագույն համակարգերով։ Ալիևն ասել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրվել են մոտ 5 մլրդ դոլարի գործարքներ, և դրանց մեծ մասը, ըստ Ադրբեջանի նախագահի, իրագործված է։

Ռուսաստանյան կողմը բազմիցս է հայտարարել, որ բարդ այս տարածաշրջանում ձգտում է ուժերի հավասարակշռություն պահպանել։ 2016թ․ապրիլին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին և Ադրբեջանին իրականացվող զենքի մատակարարումների շուրջ հետևյալ կարծիքն էր հայտնել․ «Եթե մենք մի րոպե պատկերացնենք, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել այդ դերից, մենք շատ լավ հասկանում ենք՝ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից, և այդ զենքի մահաբերության աստիճանը դրանից չի նվազի»։

«Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ 2010–2014թթ․ Բաքուն Մոսկվայի հետ կնքել է С-300ПМУ-2 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն, Тор-М2Э զենիթահրթիռային համալիրների մի քանի մարտկոց, մոտ 100 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ գնելու վերաբերյալ գործարքներ։ Կնքվել են նաև համաձայնագրեր 100-ից ոչ պակաս Т-90С տանկերի և БМП-3 մարտական մեքենաների մոտ 100 միավոր, 18 «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային սարքի, նույնքան ТОС-1А ծանր հրանետ համակարգի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռք բերման վերաբերյալ։

5 մլրդ դոլարի գործարք Իսրայելի հետ

2016թ․ դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության տարիներին կնքել են մոտ 5 մլրդ դոլարի գործարք։

«Ադրբեջանական և իսրայելական ընկերությունների միջև կնքված՝ պաշտպանական սպառազինությունների ձեռքբերման հետ կապված գործարքների արժեքը կազմում է մոտ 5 մլրդ, իսկ ավելի ստույգ՝ 4 մլրդ 850 մլն դոլար։ Այդ գործարքների մեծ մասն իրագործված է։ Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ և շատ գոհ ենք համագործակցության մակարդակից»,- ասել էր Ալիևը։

Ադրբեջանը զենք է գնում նաև Պակիստանից։ Այս տարվա մարտին Իսլամաբադ կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը պաշտպանական սպառազինություններ կներմուծի Պակիստանից։ Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի և Ալիևի հանդիպման ընթացքում։ 

Ստելլա Մեհրաբեկյան