3 հուլիս, 2017 16:13

Թուրքիայի գլխավոր ընդդիմության «Արդարության քայլարշավը»՝ «ընդդեմ պատի» և «հանուն խաղաղության»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախաձեռնել է «Արդարության քայլարշավը» ի նշան կուսակից Էնիս Բերբերօղլուի՝ 25 տարվա ազատազրկման դեմ բողոքի։ Հունիսի 15-ին Անկարայից մեկնարկած երթը տևելու է 25 օր և ավարտվելու է հուլիսի 9-ին Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ, որտեղ ազատազրկված է Բերբերօղլուն։ Երթին միանում են հազարավոր մարդիկ։ 

Ինչպես հաղորդում է թուրքական Bianet կայքը, այսօր՝ հուլիսի 3-ին, արշավի 19-րդ օրն է։

Արշավից առաջ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենց երթը հանուն այն բանի է, որ «յուրաքանչյուր ոք ապրի խաղաղության մեջ»։   

Մեր քայլարշավն ընդդեմ ահաբեկչության է։ Այս երթը կազմակերպելու գլխավոր պատճառն այն է, որ անարդարությունների մակարդակը Թուրքիայում հասել է աներևակայելի աստիճանի։

Քըլըչդարօղլուն նաև տեղեկացրել է, որ Ստամբուլին մոտենալուն զուգընթաց կարող են սադրանքներ լինել և խնդրել է երթին միացող մարդկանց արձագանքել միայն ծափողջույններով։

«Եթե ժողովրդավարական գիտակցություն լիներ, այս տեսակ երթերին հասուն կարձագանքեին։ Սակայն մենք մեր առաջ ունենք պատ և քայլում ենք ընդդեմ այդ պատի։ Սա է մեր ամենամեծ խնդիրը,- Hurriyet Daily News-ի սյունակագիր Ահմեթ Հաքանին տված հարցազրույցում ասել է Քըլըչդարօղլուն։ - Մեր առաքելությունն է անցնել այդ պատի վրայով․․․ Եթե չպայքարենք դրա դեմ, ինչպե՞ս կարող ենք ժողովրդավարություն բերել այս երկիր»։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ազատազրկված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը արձագանքել է գլխավոր ընդդիմության նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ CHP-ի երթը պետք է միավորի բոլոր ընդդիմադիր խմբերին։ Դեմիրթաշը բանտում է անցյալ տարվա նոյեմբերի 4-ից։

Turkish Minute պարբերականի փոխանցմամբ՝ HDP-ն որոշել է քայլարշավին միանալ ավարտական փուլում՝ Ստամբուլում՝ հարյուր հազարավոր մարդկանցով։ Բացի այդ, Քոջայելի նահանգի Քանդիրա շրջանում երթին կմասնակցի HDP-ի պատվիրակություն՝ ի դեմս կուսակցության առաջատար դեմքեր Ահմեթ Թյուրքի, Միթհաթ Սանջարի, Ջելալ Դողանի․ վերոհիշյալ վայրում են ազատազրկված HDP-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, պատգամավորներ Ֆերհաթ Էնջուն, Չաղլար Դեմիրելը, Գյուլսեր Յըլդըրըմն ու Բեսիմե Քոնջան։  

Turkish Minute-ը շեշտում է, որ Քանդիրայի հատվածում երթի ժամանակ HDP-ի անդամները չեն կրելու կուսակցության դրոշը, այլ պարզելու են պաստառներ՝ «Արդարություն համանախագահներին» և «Արդարություն բանտարկված պատգամավորներին» գրություններով։ 

Մինչդեռ իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության համոզմամբ՝ գլխավոր ընդդիմությունը Թուրքիան «փորձում է տանել դեպի քաոս», իսկ Քըլըչդարօղլուն «օտարերկրյա շրջանակների բարձրախոսն է», որոնք «աշխատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության դեմ»։

ԱԶԿ-ի խոսնակ Մահիր Ունալը ասել է, որ CHP-ն «կոծկում է քաոս ստեղծելու իր ջանքերը արդարության գաղափարի չարաշահման միջոցով»։

 

«Եթե նրանք իսկապես անկեղծ լինեին, նրանք կսատարեին մեր ջանքերին՝ պատասխանատվության ենթարկել 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչներին»,- ասել է Ունալը։

Այս հայտարարությանը նախորդել է նախագահ Էրդողանի քննադատությունը․ Քըլըչդարօղլուի հայտարարությունները «վերլուծելով»՝ Էրդողանը «եզրակացրել է», որ նա օգտագործում է նույն քարոզչական լեզուն, ինչ միջազգային դերակատարները։

***

Հունիսի 14-ին թուրքական դատարանն իր վճիռը կայացրեց գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր, լրագրող Էնիս Բերբերօղլուի նկատմամբ։ Նա բանտում կանցկացնի 25 տարի։ Բերբերօղլուն մեղադրվում է պետական դավաճանության ու լրտեսության մեջ։ Ըստ դատարանի՝ ընդդիմադիր Cumhuriyet թերթին նա հանձնել է պետական գաղտնիություն ունեցող տեղեկություններ ու փաստեր, ինչպես նաև աջակցել է զինյալ ահաբեկչական խմբավորում ու զուգագեռ պետություն համարվող՝ ՖԵԹՕ-ին՝ իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կառույցին, որին պաշտոնական Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։

Cumhuriyet թերթը  2015թ. մայիսի 29-ին լուր էր հրապարակել հետևյալ խոսուն վերնագրով՝ «Ահա այն զենքերը, որ Էրդողանն ասում է գոյություն չունեն»։ 2014-ի հունվարին 19-ին Սիրիա մեկնող թուրքական բենռատարները կանգնեցվել էին, և պարզվել էր, որ դրանք զենք-զինամթերք են տեղափոխում, ոչ թե մարդասիրական օգնություն։ Թերթը պնդում էր, որ բեռնատարները պատկանում են ՄԻԹ-ին՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը, իսկ դրանցում առկա զենքերը տրամադրվելու են Սիրիայում կռվող ջիհադական խմբավորումներին։

Որպես ապացույց՝ Cumhuriyet-ի կայքը կցել էր դատախազության թղթածրարից իրենց հասած տեսանյութը։ Այս տեսանյութում, որի հրապարակումն արգելված էր,  երևում է, որ դեղամիջոցների համար նախատեսված տուփերի մեջ իրականում ականանետեր են ու այլ զինատեսակներ։  

Ստելլա Մեհրաբեկյան