10 հուլիս, 2017 18:11

Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրան»-ին կոչ են անում վերանայել «տարօրինակ» որոշումը

Կանադահայ հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու դերասանուհի, ռեժիսոր Արսինե Խանջյանը արձագանքել են «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի հետ կապված աղմկահարույց պատմությանը։ Միջազգային կինոփառատոնի շրջանակում արդեն 5 տարի է, ինչ գործում է «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ այս տարի ներկայացված 37 ֆիլմից 2-ը դարձան ստեղծված վիճակի պատճառը: Այդ ֆիլմերն են՝ Փուրիա Հեյդարի Ուրեի գեղարվեստական «Ծիրանի այգիները» և Գագիկ Ղազարէի փաստավավերագրական «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդինը»: Ընդհանուր ծրագիրը անցնելու էր Կինոմատոգրաֆիստների միությանը պատկանող Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Իմանալով, որ վերոնշյալ ֆիլմերում գերիշխում է ԼԳԲՏ թեմատիկա, Կինեմատոգրաֆիստների միությունը որոշել է թույլ չտալ այդ ֆիլմերի ցուցադրությունը Մալյանի թատրոնում՝ հիմնվելով «հասարակական կարծիքի» կամ «հասարակական պահանջի» վրա: Խանջյանն ու Էգոյանը փառատոնի որոշումը համարում են «տարօրինակ» և կոչ են անում վերանայել այն։

«Մենք խորապես մտահոգված ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննությամբ և դրան հաջորդած՝ մի ամբողջ ծրագիր չեղարկելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի որոշմամբ։ Ատոմը գրեթե տասը տարի եղել է փառատոնի նախագահ, և անհանգստացնող է հանգամանքը, որ փառատոնը, որը մենք հպարտորեն ներկայացնում էինք միջազգային կինոհամայնքում ֆիլմերի և ռեժիսորների անունից, որոնք խոսում էին մարդու իրավունքների ոլորտի հրատապ հարցերի մասին, կարող է ճնշման ենթարկվել, հատկապես այն պարագայում, երբ նման գաղափարները քննարկման ու լուսաբանման կարիք ունեն։ 

Անշուշտ, հայ նշանավոր ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակը լավագույնս կարելի էր ոգեկոչել՝ հայկական ձայների նոր ֆիլմերի ցուցադրությունն ու տարածումն ապահովելով։ Մենք երբեք չենք լսել, որ նոր ֆիլմերի ծրագիրը չեղյալ հայտարարվի՝ կինոռեժիսորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։

Այս պնդումը, հետևաբար, անհեթեթ է թվում: Մենք կոչ ենք անում Փառատոնին վերանայել տարօրինակ այս որոշումը: Մենք հորդորում ենք Փառատոնին ներկայացնել մտորումների դրդող այս ծրագիրը, որն արտացոլում է այսօր Հայաստանում և Սփյուռքում առկա ձայների իրական բազմազանությունը»։

***

Օրերս հայտնի է դարձել, որ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրից հանել են «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմերը։ 

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը պարզաբանել էր․ «Մեր գործընկերներից մեկը Կինոմիությունն է, որոնցից մենք դահլիճ չենք վարձում, այլ իրենք այդ ինֆորմացիոն ծրագիրը ցուցադրում են Կինոյի տանը: Մենք պայմանավորվել էինք Ռուբեն Գևորգյանցի հետ, ով վերջերս մահացավ: Ծրագիրը պետք է ցուցադրվեր և հանկարծ պարզվեց, որ բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ հասարակության կողմից: Նոր ղեկավարներն էլ հայտնեցին, որ իրենք այսպիսի սգի չեն կարող նման ծրագիր ցուցադրել»։

«Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ «Կինեմատոգրաֆիստների միությունը, որոնց դահլիճում պետք է ցուցադրվեին ֆիլմերը, որոշեց գրաքննել այն՝ պահանջելով հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, հակառակ դեպքում ամբողջությամբ հանել ծրագիրը։ Կինեմատոգրաֆիստների միությունից մեզ հայտնեցին, որ իրենք սգի մեջ են (հունիսի 23-ին մահացել է կինեմատոգրաֆստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը) և իրենք ոչ մի ֆիլմ ցույց չեն տալու։

Արդյունքում «Ոսկե ծիրանը» որոշեց հեռացնել ամբողջ ծրագիրը, որտեղ առկա էին մոտ 40 ֆիլմ, որոնք ԼԳԲՏ հարցերից զատ անդրադառնում էին սոցիալական ոլորտին վերաբերող այլ խնդիրների, Ցեղասպանության հարցին, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությանը և այլն։  

Այս իրավիճակի պատճառը փոքրաթիվ մարդիկ են, որոնք հիմա էլ դուրս են եկել հայկական կինոարտադրության դեմ։ Կինեմատոգրաֆիստների միության որոշումը փաստացի ցույց տվեց, որ իրենք ոչ թե ֆիլմարտադրության շահերն են պաշտպանում, այլ որոշ մարդկանց, որոնք կարծում են, թե ֆիլմը չի կարող անդրադառնալ այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ԼԳԲՏ հարցերը։

Այդ մարդկանց մոտեցումը նման է խորհրդային մի ժամանակահատվածի գրաքննությանը, երբ ռեժիսորներին չէր թույլատրում անդրադառնալ եկեղեցուն կամ Հայոց ցեղասպանության հարցին։

Հասկանալով, որ սա ոչ միայն խտրականություն է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի դեմ, ստեղծագործական և արտահայտման ազատությունների ոտնահարում, այլ հարված նաև հայկական կինոարտադրությանը, մենք կոչ ենք անում Հայաստանի կինոարտադրողներին իրենց դիրքորոշումն արտահայտել հարցի շուրջ։

Մշակույթի նախարարությանը, որը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պետական աջակիցներից է, կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածը՝ բացառելու հետագա գրաքննությունները, և միջոցներ ձեռնարկել ծրագիրը վերականգնելու համար։ Հարկ է, որպեսզի «Ոսկե Ծիրան»-ը նույնպես վերանայի Կինեմատոգրաֆիստների միության հետ իրենց համագործակցությունը»։

Հորդորում ենք նաև այս տարվա Ոսկե Ծիրանին մասնակցող թե՛ տեղի և թե՛ արտասահմանյան հյուրերին արտահայտել իրենց դիրքորոշումը»,- ասվում է հաղորդագրությունում։