11 հուլիս, 2017 12:53

Իրանը նախազգուշացնում է Ղարաբաղում «բռնություն հրահրող դավադրությունների» մասին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առնչությամբ՝ նշելով, որ հակամարտության թեժացումը «չի բխում ոչ հայ, ոչ ադրբեջանցի ժողովուրդների շահերից»։

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, արտաքին գերատեսչության խոսնակ Բահրամ Քասեմին հույս է հայտնել, որ տարածաշրջանում «կլինի ավելի շատ կայունություն և խաղաղություն» և նախազգուշացրել «բռնություն հրահրող թշնամական դավադրությունների մասին»։

«Իրանը ջանք չի խնայի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Քասեմին։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը վերլուծել է վերջին օրերին իրանական շրջանակներում հնչող հայտարարությունները՝ Արցախի Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների արդյունքում Ալխանլու գյուղում խաղաղ բնակիչների թվում գրանցված զոհերի վերաբերյալ, որոնց թվում մանկահասակ երեխա է եղել [Արցախի ԱԳՆ-ն իր հայտարարությունում նշել է, որ ՊԲ-ն ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը։ Ադրբեջանը գնդակոծումն իրականացրել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից՝ «խաղաղ բնակիչներին օգտագործելով որպես կենդանի վահան» - ՍիվիլՆեթ]:

Ոսկանյանը նշում է, որ մանկահասակ աղջկա սպանվելու կապակցությամբ մասնակի կամ ամբողջական ադրբեջանամետ դիրքորոշումներով Իրանում այս օրերին աչքի են ընկել միայն Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետ Հասան Ամելին, Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մանսուր Հաղիղաթփուրը և նույն խորհրդարանի՝ Ուրմիայից ընտրված պատգամավոր Ռուհոլլահ Հազրաթփուրը:

«Նշված անձանցից բոլոր երեքն էլ ներկայացնում են Ատրպատականի թյուրքալեզու շրջանների ծայր արևելքը և արևմուտքը. առաջին երկուսը սերում են Արդաբիլից, իսկ վերջինը՝ Ուրմիայից»,- գրում է իրանագետը ու հավելում, որ Ատրպատականի կենտրոն Թավրիզը ներկայացնող իրանցի որևէ քաղաքական, կրոնական կամ հասարակական գործիչ նշված իրադարձության կապակցությամբ ադրբեջանամետ հայտարարությամբ կամ դիրքորոշմամբ առայժմ հանդես չի եկել, «ինչը ցուցիչ է առ այն, որ պանթյուրքական եզրաբանությամբ՝ «Մեծ Ադրբեջանի մայրաքաղաքում» Բաքվի բռնապետական վարչակարգը լրջորեն զիջել է դիրքերը՝ Իրանի ներսում ադրբեջանամետ լոբբինգ ապահովելու գործում և որոշակի հաջողության հասել միայն Ատրպատականի «ծայրամասային» հատվածներում, ինչը այդքան էլ տպավորիչ չէ՝ հաշվի առնելով հատկապես ադրբեջանական ծախսված ռեսուրսների ծավալները»:

«Բռնություն հրահրող թշնամական դավադրությունների» տակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը թերևս նկատի ունի Իսրայելին, որը վերջին շրջանում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին թե քաղաքական, թե ռազմական առումներով։ Իսրայելի քաղաքական և փորձագիտական շրջանակները հայտարարում են Ադրբեջանին անվերապահ օժանդակության մասին։

Հուլիսի 4-ի լարվածությունից առաջ՝ հունիսի 22-ին, իսրայելական Jerusalem Online պարբերականը հրապարակել էր հոդված՝ «Կատարելագործված հրթիռային համակարգը փորձարկվել է Իսրայելում և ապա օգտագործվել Ադրբեջան-Հայաստան հակամարտությունում» խորագրով հոդված, որն ուղեկցվում էր տեսանյութով։

Կայքը գրում էր, որ Իսրայելի Rafael ռազմարդյունաբերական ընկերությունը Փարիզում կայացած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է նոր՝ հինգերորդ սերնդի Spike հրթիռ (Spike LR II կամ Spike 2), որն ունի 5,5 կմ հեռահարություն, երբ արձակվում է ցամաքից և 10 կմ հեռահարություն՝ կործանիչից արձակվելու դեպքում։ 

«Նոր հրթիռը առաջին անգամ կիրառվել է մի քանի շաբաթ առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Ադրբեջանի ցամաքային ուժերի տեսագրությունում երևում է, թե ինչպես է արձակվում հրթիռը, որը ոչնչացնում է հայկական զինված ուժերի SA-8 զենիթահրթիռային համալիրը։ Օտարերկրյա հաղորդագրությունների համաձայն՝ Հեզբոլլահը նույնպես ունի այս տեսակի հակահրթիռային համալիր»,- գրել է թերթը։

Մի քանի օր անց Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ՀՀ իր պաշտոնակից Արա Բաբլոյանի հետ զրույցում շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը բացասական հետևանքներ կունենա։ Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադդրբեջանի միջև «հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»։

***

Հուլիսի 4-ին ԼՂ ՊԲ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ կիրառել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։

Ավելի ուշ ԼՂ ՊԲ-ն հաղորդել էր պատասխան գործողությունների և ադրբեջանական կողմում հնարավոր կորուստների մասին` որոշ ժամանակ անց հրապարակելով հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։

Հայտարարություններով են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ինչպես նաև ՄԱԿ-ը։

Ստելլա Մեհրաբեկյան