18 հուլիս, 2017 12:21

Սիրիայում ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայման հարցում Մոսկվան «կարող է ճնշել գործընկերներին, սակայն չի անի դա»

Հուլիսի 17-ին Մինսկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Դիվանագետներն ընդունել են երկու համատեղ հայտարարություն՝ համացանցում սպառնալիքների դեմ պայքարի միջոցների և Երկրորդ աշխարհամարտի հուշարձանների պղծման անթույլատրելիության մասին։ Ռուսական «Կոմերսանտը» անդրադարձել է թեմային՝ նշելով, որ կազմակերպության ներսում «գործնական համագործակցության վիճակը շատ ավելի վատ է․ Մոսկվայի առաջարկած գաղափարը՝ ՀԱՊԿ-ի ուժեր տեղակայել Սիրիայում՝ դեէսկալացիայի գոտիներում, կազմակերպության անդամներն ընդունել են հոռետեսորեն» և, «ըստ ամենայնի, կյանքի կոչել չեն պատրաստվում»։

Ռուսական թերթի թղթակիցը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ընդունող կողմը՝ Բելառուսը, զարմացրել է նիստի մասնակիցներին՝ դաշինքի 15-ամյակին նվիրված ծրարների վրա գրելով ոչ թե ռուսերեն, այլ բելառուսերեն՝ «այն դեպքում, երբ կազմակերպության պաշտոնական լեզուն ռուսերենն է»։

«Թղթի վրա համագործակցությունից գործնական հավաքական գործողությունների անցումը, սակայն, դաշինքի անդամներին դժվար է տրվում,- գրում է «Կոմերսանտը»՝ հիշեցնելով Սիրիայում ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայման Մոսկվայի առաջարկը։ Գարնանը դեէսկալացիայի գոտիներում ուժեր տեղակայելու շուրջ պայմանավորվել էին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

«ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր ունի 2007-ից, սակայն դրանք երբեք որևէ տեղ չեն տեղակայվել։ Մոսկվան կարծում է, որ դրանց տեղակայումը Սիրիայում կարող է նշանակալիորեն ամրապնդել ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունն ու երաշխավորել Ռուսաստանի շահերի պաշտպանությունը սիրիական կարգավորման գործընթացում»։

«ՀԱՊԿ-ի մյուս անդամներին այդ գաղափարը չոգեշնչեց։ Անդամ երկրների ԱԳ նախարարները հրապարակավ հայտարարեցին, որ կդիտարկեն դաշինքի ուժերի ներգրավումը Սիրիայում, եթե դրա օգտին հանդես գա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Սակայն գործնականում բոլորն են հասկանում, որ նման բանաձև, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի։ ԱՄՆ-ը դժվար հավանություն տա մի նախաձեռնության, որի ակունքներում Ռուսաստանի ու Թուրքիայի հետ կանգնած է Իրանը»,- շարունակում է պարբերականը՝ ընդգծելով, որ Մոսկվայում «դեմ չեն ՀԱՊԿ-ի անդամների անհատական մասնակցությանը», սակայն երկրներից ոչ մեկը «դեռ նման ցանկություն չի հայտնել»։ 

«Կոմերսանտի» դիվանագիտական աղբյուրները շեշտել են՝ Մոսկվան «կարող է ճնշել իր գործընկերներին, սակայն «դա չի անի, քանի որ ՀԱՊԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, չի գործում մտրակի ռեժիմ»։

«Մինչև վերջերս այդ փաստարկի հետ կարելի էր չհամաձայնել՝ ասելով, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում չի նշանակում իր ներկայացուցիչներին, մինչդեռ ՀԱՊԿ-ի ղեկավարը 14 տարվա ընթացքում եղել է ռուսաստանցի Նիկոլայ Բորդյուժան։ Սակայն այս տարվա մայիսին նրան փոխարինեց հայ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որը դաշինքի ԱԳ նախարարների հետ իր առաջին հանդիպմանը խոսել է աշխարհում ՀԱՊԿ-ի դերի բարձրացման անհրաժեշտության մասին»,- եզրափակում է թերթը։

Երկուշաբթի օրը ՀԱՊԿ-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Էդվարդ Նալբանդյանը «գործընկերներին ներկայացրել է Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, մեր երկրում ապաստանած փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաև Սիրիայի ժողովրդին հայկական հումանիտար օգնության տրամադրման մանրամասները»։

Սիրիայում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ուժեր տեղակայելու Մոսկվայի առաջարկի մասին հայտնի էր դարձել հունիսին․ ռուսական կայքերը գրել էին, որ Սիրիայի դեէսկալացիայի գոտիներում կարող են տեղակայվել Ղազախստանի և Ղրղզստանի [ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Բելառուսի հետ մաիսին - ՍիվիլՆեթ] զինծառայողներ։ Ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը հայտնել էր, որ Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի և Բիշքեկի հետ։

Դրան նախորդել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը «Միր» հեռուստաալիքին, որում նա ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների, «ինչպես և պատրաստ են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները»։

Հունիսի 28-ին տված մամուլի ասուլիսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասել է, որ «բացի Սիրիա ուղարկվող հումանիտար աջակցության ծրագրից, որը մենք իրականացնում ենք, լրացուցիչ ծրագրի իրականացման հարց այս պահին չի քննարկվում»։

«Հատկապես այնտեղ զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց երեկ չի քննարկվել անվտանգության խորհրդի նիստում,- ասել է Սարգսյանը՝ շարունակելով։ - Առհասարակ հնարավոր է այդպիսի քննարկում, թե ոչ՝ ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու՝ իմ հանրային հարցազրույցներից մեկում ասելով, որ չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ մենք ցանկություն ունենանք որպես պետություն մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:

Վիգեն Սարգսյանը նկատի է ունեցել մարտի 29-ին ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումը, որին հայտարարել էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Սիրիայի ռազմական գործողություններում օգտագործելու հարց չի դիտարկվում։

«Հայ-ռուսական միացյալ զորախմբի օպերատիվ ծրագրերով չեն նախատեսվում համատեղ գործողություններ Սիրիայում։ Մեր միջև նման երկխոսություն չի տարվում»,- ասել էր պաշտպանության նախարարը։ Հիշեցնելով, որ Սիրիայում, ինչպես Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, առկա է մեծ հայկական համայնք, Վիգեն Սարգսյանն ասել էր, որ սիրիական իրավիճակի առնչությամբ ՀՀ բոլոր գործողություններում մշտապես հաշվի է առնվում այդ գործոնը։

Ստելլա Մեհրաբեկյան