19 հուլիս, 2017 15:47

Իրանի խորհրդարանը հաստատել է Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը

Իրանի խորհրդարանը հաստատել է Հայաստանի և Իրանի միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է Mehr News գործակալությունը, Իրանի խորհրդարանի այսօրվա նիստին ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել 145, դեմ՝ 3 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Նիստին ներկա էր 203 օրենսդիր։

Մեղրի-Նորդուզ անցակետն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունն ապահովելու, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից:

Ինչպես հաղորդում է Թեհրանի «Ալիք» օրաթերթը, վկայակոչելով խորհրդարանի հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտոր Կարեն Խանլարյանին, օրինագծի հաստատումը «պատմական նշանակություն ունի» և «տրամաբանական շարունակությունն է» 2016թ․ դեկտեմբերի 21-ին Իրանի և ՀՀ նախագահներ Հասան Ռոհանիի և Սերժ Սարգսյանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու շուրջ պայմանավորվածության։

Խանլարյանի տեղեկություններով՝ դեմ է քվեարկել երկու պատգամավոր՝ Լահութին և Ղազիփուրը, որոնցից վերջինը իր դիրքորոշումը հիմնավորել է քաղաքական փաստարկներով՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության համատեքստում։

Կողմ քվեարկողները օրինագիծն անվանել են «ռազմավարական նշանակության» փաստաթուղթ, որը մեծ նշանակություն ունի Իրանի տնտեսության զարգացման համար, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն Իրան-Հայաստան առևտրաշրջանառության աճին, այլև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ առևտրաշրջանառության ծավալներին։

2016թ․ դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Այցի ընթացքում Իրանի և Հայաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում ի թիվս այլ բաների կարևորվել էին Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը, երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումն և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացումը։