25 հուլիս, 2017 14:02

Մերձավոր Արևելքի հաջորդ պատերազմը

Արդյոք երբևե խաղաղություն և կայունություն կհաստատվի Սիրիայում և Իրաքում։ Ի՞նչ է սպասվում Մերձավոր Արևելքին առաջիկայում։ Projectsyndicate.org կայքում հրապարակած հոդվածում այս և այլ հարցերի մասին է գրում Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար և փոխկանցլեր Յոշկա Ֆիշերը։ Ֆիշերը արտգործնախարար էր (1998-2005 թթ.), և նրա օրոք Գերմանիան աջակեց հակասադամյան միջազգային կոալիցիային Իրաքում։

Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո իսլամական պետությունը (ISIS) շուտով կարող է անցնել պատմության գիրկը։ Սակայն ԻՊ- ի պարտությունը և նրանց հռչակած Իրաքա-սիրիական խալիֆաթի վախճանը չի հանգեցնի խաղաղության Մերձավոր Արևելքում կամ թեկուզ վերջ դնի Սիրիայի ողբերգությանը։ Փոխարենը, հնարավոր է` նոր էջ բացվի տարածաշրջանի արյունալի և քաոսային պատմության մեջ, որը ոչ պակաս վտանգավոր է, քան նախորդ՝ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օսմանյան կայսրության անկմանը հաջորդած էջերը։

Բռնությունների այս շղթայի շարունակությունն ակնհայտ է թվում, քանի որ տարածաշրջանը շարունակում է անկարող մնալ ներքին հակամարտություններն ինքնուրույն լուծելու կամ խաղաղության հաստատուն հիմք ստեղծելու հարցում: Փոխարենը, այն շարունակում է մնալ 19-րդ և 20-րդ դարերի միջև ինչ-որ տեղ։

Իրանի հետ ցանկացած ուղիղ ռազմական առճակատում տարածաշրջանը կնետի հրդեհի մեջ՝ մեծապես գերազանցելով Մերձավոր Արևելքի նախորդ բոլոր պատերազմները

Արևմտյան տերություններն անմեղ չեն Մերձավոր Արևելքի դժբախտությունների համար: Օսմանյան կայսրության տարածքները Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև բաժանող Սայքս-Պիկոյի համաձայնագրի մասին ցանկացած հիշատակում Արաբական աշխարհում մինչև հիմա այնպիսի զայրույթ է առաջացնում, կարծես 1916 թ. գաղտնի ծրագիրը դեռ երեկ է մշակվել։

Չպետք է մոռանալ նաև տարածաշրջանում ցարական Ռուսաստանի ունեցած դերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրա իրավահաջորդ Խորհրդային Միությունը և Սառը պատերազմի մրցակիցը՝ Միացյալ Նահանգները, սկսեցին իրենց բազմաթիվ միջամտությունները:

Իրոք, հնարավոր է, որ ԱՄՆ-ն է այսօր տարածաշրջանում խառնաշփոթին ամենաշատ նպաստողներից մեկը: Ամերիկայի հետաքրքրությունը Մերձավոր Արևելքում սկզբում հիմնված էր  նավթային կարիքների վրա: Սակայն, Սառը պատերազմի սկսվելուց հետո տնտեսական շահը արագորեն վերածվեց ռազմավարական շահի` նպատակ ունենալով կանխել տարածաշրջանում հակաարևմտյան, խորհրդային բարեկամական կառավարությունների առաջացումը: Այնուհետև տարածաշրջանում վճռական ազդեցություն պահպանելու ԱՄՆ ջանքերը լրացվեցին Իսրայելի հետ սերտ անվտանգության գործընկերությամբ և, վերջապես, Սադդամ Հուսեյնի Իրաքի դեմ երկու հսկայական ռազմական միջամտություններով։

Ամերիկայի ներգրավվածությունը Աֆղանստանում նույնպես խորը հետևանքներ է ունեցել Մերձավոր Արևելքի համար: 80-ականներին ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ապստամբությունները, որոնք գործարկվեցին Խորհրդային Միության դեմ ջիհադի դրոշի ներքո, ԱՄՆ-ի երկու դաշնակիցներին՝ Պակիստանին և Սաուդյան Արաբիային վերածեցին երկու ռազմավարական սպառնալիքների։ Սա պարզ դարձավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ պարզվեց, որ Ալ-Կաիդայի ուղարկած 19 ահաբեկիչներից 15-ը եղել են սաուդյան քաղաքացիներ: Եվ Պակիստանն էր, որ ստեղծեց «Տալիբան» շարժումը, որը Ալ-Կաիդային հնարավորություն ընձեռեց ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ հարձակումները ծրագրելու համար։  

1991 թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագի սկսած Ծոցի առաջին պատերազմի հաջողությունը  12 տարի անց զրոյացրեց նրա որդին՝ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որի՝ Ծոցում նախաձեռնած պատերազմը պատճառ դարձավ մինչ օրս շարունակվող տարածաշրջանային աղետի։ Եթե Բուշ Ավագը նպատակ ուներ ազատագրել Քուվեյթը և չէր ձգտում իշխանափոխության Իրաքում, նրա որդու նպատակները շատ ավելի հավակնոտ էին:

Իսլամական պետության կործանումից հետո Մերձավոր Արևելքի պատմության հաջորդ էջը կորոշվի Սաուդյան Արաբիայի և շիա Իրանի միջև տարածաշրջանային գերիշխանության համար բաց, ուղղակի առճակատմամբ

Իսլամական պետության կործանումից հետո Մերձավոր Արևելքի պատմության հաջորդ էջը կորոշվի Սաուդյան Արաբիայի և շիա Իրանի միջև տարածաշրջանային գերիշխանության համար բաց, ուղղակի առճակատմամբ։ Տարածաշրջանում ակտիվ երկու պետությունները այս հակամարտության մեջ արդեն իսկ զբաղեցրել են իրենց հստակ դիրքերը՝ ԱՄՆ-ը՝ Սաուդյան Արաբիայի կողմ,  Ռուսաստանը՝ Իրանի։

Ներկայում «ահաբեկչության դեմ պատերազմը» ավելի ու ավելի է փոխարինվում այս հեգեմոն հակամարտությամբ։ Այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան և նրա չորս սուննի դաշնակիցները մեկուսացրին Կատարին՝ մասամբ վերջինիս՝ Իրանի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով, այդ հակամարտությունը հասավ  իր առաջին հնարավոր ճգնաժամային պահին հենց տարածաշրջանի կենտրոնում՝ Պարսից ծոցում:

Իրանի հետ ցանկացած ուղիղ ռազմական առճակատում տարածաշրջանը կնետի հրդեհի մեջ՝ մեծապես գերազանցելով Մերձավոր Արևելքի նախորդ բոլոր պատերազմները։ Ավելին, քանի դեռ Սիրիայում ծխում են հրդեհները, և Իրաքը թուլացած է իշխանության համար մղվող աշխարհիկ պայքարով, Իսլամական պետությունը կամ նրա իրավահաջորդի մեկ այլ մարմնացում, ամենայն հավանականությամբ, ակտիվ կմնան։

Մեկ այլ ապակայունացնող գործոն է  «քրդական հարցի» վերաբացումը։ Պետություն չունեցող քրդերը ապացուցել են, որ հուսալի զինյալներ են ԻՊ-ի դեմ պայքարում, և ցանկանում են օգտագործել իրենց նոր քաղաքական և ռազմական ազդեցությունը դեպի ինքնավարություն կամ նույնիսկ անկախ պետություն ընթանալու համար։ Այդ ամենի հետ առնչվող երկրների՝ նախ և առաջ Թուրքիայի, ապա Սիրիայի, Իրաքի և Իրանի համար,  այս հարցը պոտենցիալ casus belli է, քանի որ առնչվում է նրանց տարածքային ամբողջականությանը։

Հաշվի առնելով չլուծված այս հարցերը և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հեգեմոն հակամարտության սրացումները՝ տարածաշրջանի պատմության հաջորդ էջը չի լինելու խաղաղ։ Այո, հնարավոր է՝ ԱՄՆ-ը իրաքայան աղետից հետո հասկացել է, որ չի կարող հաղթել ցամաքային պատերազմը Մերձավոր Արևելքում՝ չնայած իր ռազմական հզորությանը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ձգտում էր դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից, ինչը բարդ էր  քաղաքական և ռազմական առումով։ Ահա թե ինչու Սիրիայի քաղաքացիական պատերազմում նա բացառեց ռազմական միջամտությունը, նույնիսկ՝ օդային. ստեղծված դատարկությունը շատ արագ լրացրեց Ռուսաստանը՝ բոլոր հայտնի հետևանքներով:

Օբամայի իրավահաջորդ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզում խոստացավ դուրս գալ տարածաշրջանից։ Սակայն ընտրվելուց հետո նա հրթիռակոծեց Սիրիան, մտավ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների հետ ավելի համապարփակ պարտավորությունների մեջ և ավելի բարդացրեց Իրանի հետ առճակատման հռետորաբանությունը։

Թրամփը դեռ սովորելու շատ բան ունի Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջան, որը չի սպասելու, որ նա հասցնի դասեր քաղել։ Լավատեսության որևէ պատճառ չկա։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի