26 հուլիս, 2017 16:04

ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումով Վրաստանի 3000 քաղաքացի մեկնել և չի վերադարձել երկիր

Մարտի 28-ից՝ Եվրոպական Միության հետ առանց վիզայի ռեժիմի գործարկման օրվանից, Վրաստանի 55 հազար քաղաքացի է օգտվել վիզայի ազատականացումից, իսկ նրանցից 3 հազարը մինչ օրս չի վերադարձել, հաղորդում է Jamnews.net-ը։

«Արդյո՞ք այդ 3 հազար մարդը խախտել է առանց վիզային ռեժիմի 90 օրվա նախապայմանը, տվյալ փուլում հայտնի չէ, քանի որ, հնարավոր է, նրանց մի մասը տեղափոխվել է այնպիսի երկիր, որի հետ Վրաստանն առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր չունի»,- ասում է ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:

Նրա խոսքով՝ այդ 3000 հոգին, որոնք առանց վիզայի ռեժիմի նախատեսած 90 օրվանից հետո Վրաստան չեն վերադարձել, նույնականացվել են ներքին գործերի նախարարության կողմից:

«Հնարավոր է, որ նրանցից ոմանք տեղափոխվել են Ուկրաինա, մնացածները՝ Բելառուս կամ Թուրքիա: Նրանց մասին խոսել որպես 90 օրվա պայմանի խախտողների մասին, չի կարելի, սակայն մենք այդ անձանց ներառել ենք ռիսկի պոտենցիալ խմբի մեջ և մոնիթորինգ են անցկացնում, թե ովքեր են, որ շրջանից են մեկնել, նրանց կապերը, ինչը կարող է նրանց հետաքրքրել և այլն: Մեծ ռիսկեր դեռևս չկան, քանի որ երկրից դուրս եկող մարդկանց հիմնական զանգվածը վերադառնում է: Այն երկրներից, ուր ուղևորվում են Վրաստանի քաղաքացիները, մենք ազդակներ չենք ստացել»,- ընդգծել է Շալվա Խուցիշվիլին «Ինտերպրեսնյուզ» գործակալության հետ զրույցում:

Ներքին գործերի փոխնախարարն ասել է, որ գերատեսչությունը տվյալներ չունի նրանց մասին, ովքեր հատել են ցամաքային սահմանն ու Եվրամիության տարածքում հայտնվել այլ երկրներից:

«Օրինակ, ոմանք մեկնել են Բելառուս, այնտեղ են գտնվել մեկ շաբաթ, այնուհետև՝ տեղափոխվել Լիտվա: Այդպիսիք մեր տվյալներում չկան»,– հայտարարել է Խուցիշվիլին: