30 հուլիս, 2017 20:05

Թուրքական մամուլում հայկական թեմայով հրապարակումները քչացել են

Վերջին տարիներին և հատկապես ռազմական հեղաշրջման տապալումից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում փակվել են մի շարք թերթեր, որոնք մշտապես կենդանի էին պահում հայկական թեման ու քննարկում Հայոց ցեղասպանության հարցը: Շարունակվո՞ւմ է, արդյոք, այս միտումը, ո՞ր թերթերն են անդրադառնում հայական հարցին ու Հայաստանին, ո՞ր լրատվամիջոցներից կարելի է այլընտրանքային տեղեկություն ստանալ Թուրքիայի մասին․ այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է թուրքագետ Մելինե Անումյանի հետ:

- 2000-ականներին Թուրքիայում համեմատաբար ազատ մթնոլորտ էր, նկատելի էր որոշակի քննարկում նաև հայկական թեմայի, Հայոց ցեղասպանության։ Վերջին տարիներին և հատկապես հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ճնշվում է ազատ միտքը։ Կարո՞ղ ենք ասել, որ հայկական թեմայի քննարկումը դուրս է մղվել թուրքական մեդիայից։

- Այո, 2000-ականներին Թուրքիայում սկսել էին համեմատաբար ազատ քննարկվել նախկինում այստեղ տաբու եղած այնպիսի թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, Հայոց ցեղասպանությունը և Մեծ եղեռնից հետո Արևմտյան Հայաստանում ու հանրապետական Թուրքիայի այլ շրջաններում մնացած արևմտահայության բեկորների` ծպտյալ և այլադավան հայերին առնչվող խնդիրները: Դա, բնականաբար, առավելապես պայմանավորված էր Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացով և հարակից այլ գործոններով: Թեև վերջին տարիներին և, հատկապես, անցած մեկ տարում այդ միտումը որոշ չափով հետընթաց է ապրել, քանի որ անցյալ տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության հետևանքով այստեղ բռնի միջոցներով լռեցվում է մամուլի ձայնը և սահմանափակվում խոսքի ազատությունը, այնուամենայնիվ հարկ է արձանագրել, որ վերջին տարիներին ևս հայկական թեմատիկան շարունակել է որոշակի տեղ զբաղեցնել թուրքական մեդիայի էջերում:

Կարծում եմ` դրա հիմնական պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու տաբուն արդեն իսկ հաղթահարված է Թուրքիայում. «ջինը դուրս է եկել շշից», մինչդեռ նախկինում Հայկական հարցն այստեղ ավելի մեծ տաբու էր, քան անգամ քրդականը…  

Մեկ այլ պատճառ է այն փաստը, որ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային հարթակում տարեցտարի ավելի արդիական է դառնում` Հայաստանի Հանրապետութան վարած քաղաքականության շնորհիվ և սփյուռքահայ կառույցների ջանքերով, և Թուրքիան հարկադրված է լինում պատասխան քայլեր ձեռնարկել` ապրիլի 24-ին նախագահի մակարդակով ներկայացված «ցավակցական ուղերձների» և այլ միջոցներով: Իհարկե այդ քայլերը չեն կարող անարձագանք մնալ թուրքական մամուլի կողմից: Այսինքն` չենք կարող ասել, թե հայկական թեմայի քննարկումը դուրս է մղվել թուրքական մեդիայից, բայցևայնպես որոշ առումով նվազել են հայերի հանդեպ դրական վերաբերմունք արտահայտող հրապարակումները:

- Ի՞նչ լրատվամիջոցներ կարող եք առանձնացնել, որ վերջին տարիներին փակվել են  թուրքական իշխանությունների ուղղակի կամ անուղղակի ճնշմամբ, և որոնց էջերում կարելի էր անդրադարձներ հանդիպել հայկական թեմայի վերաբերյալ։

- Այն դեպքում, երբ մինչ ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում բանտարկված լրագրողների թիվը չէր անցնում 40-ից, ապա այս տարվա մայիսի 8-ի դրությամբ այն հասել է 162-ի: Վերջին մեկ տարում լրագրողների դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել Թուրքիայում, և բազում լրատվամիջոցներ են փակվել: Դրանց մեջ պատկառելի տեղ են զբաղեցնում քրդական լրատվամիջոցները, որոնք առավել շատ էին անդրադառնում Հայոց ցեղասպանության թեմային: Նրանց շարքում հիշատակման են արժանի հատկապես «Դիջլե» լրատվական գործակալությունը, քրդերենով լույս տեսնող «Ազադիյե Վելաթ» պարբերականը և «Օզգյուր Գյունդեմ» օրաթերթը: Մեծ եղեռնին բավականին ուշագրավ հոդվածներով հաճախ էր անդրադառնում նաև թուրքական հեղինակավոր  «Թարաֆ» օրաթերթը, որը ևս պատկանում է արտակարգ դրության հետևանքով փակված պարբերականների շարքին: «Թարաֆ»-ում պարբերաբար հրատարակվում էին Հայոց ցեղասպանության և ընդհանրապես Հայկական հարցի մասին այնպիսի հայտնի մտավորականների հոդվածներ, ինչպիսին է, օրինակ, Թաներ Աքչամը:

Հայկական թեմատիկային առնչվող հրապարակումներով հայտնի փակված օրաթերթերից են նաև Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող «Զամանը» և անգլալեզու Today’s Zaman-ը: Հայոց ցեղասպանություն արտահայտությունն առանց չակերտների էր գրում և Հայկական հարցին պարբերաբար անդրադառնում նաև թուրքական «Ռադիկալ» օրաթերթը, որը, սակայն, փակվել էր դեռ նախքան հեղաշրջման փորձը և արտակարգ դրության հայտարարումը:

- Դուք մշտապես հետևում եք թուրքական մամուլին. ո՞ր լրատվամիջոցներն են լուրեր հաղորդում հայկական թեմայի և  Հայաստանի մասին։

- Հայկական թեմատիկային և Հայաստանին համեմատաբար դրական հրապարակումներով  շարունակում են անդրադառնալ առավելապես ձախակողմյան կողմնորոշում ունեցող թուրքական պարբերականները, իսկ ընդհանրապես թուրքական լրատվամիջոցներում Հայկական հարցի վերաբերյալ լուրեր ու հոդվածներ հրապարակվում են` կախված որոշակի իրադարձությունից: Բնականաբար այդ նյութերի թիվն ավելանում է հատկապես ապրիլյան օրերին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում որոշակի հաջողություն գրանցելու ժամանակ: Ի դեպ, հարկ է նշել, որ օրինակ ծպտյալ և իսլամացված հայերի հանդեպ թուրքական մամուլում ընդհանուր առմամբ նկատելի է երկու տեսակի վերաբերմունք` բացասական և դրական: Բացասական, երբ թուրքական` հիմնականում աջակողմյան մամուլի էջերում իսլամացված ու հատկապես ծպտյալ հայերը դիտվում են որպես Թուրքիայի ամբողջականությանը սպառնացող վտանգ, ու դրական, երբ թուրքական ձախակողմյան պարբերականներում ներկայացվում են նման հայերի ապրումները:

Եթե բացասական վերաբերմունք արտահայտող հրապարակումներում թուրք ընթերցողներին կոչ է արվում զգոն լինել ծպտյալ հայերի նկատմամբ, ապա դրական հոդվածներում բերվում են նման հայերի անհատական պատմությունները, և փորձ է արվում ընթերցողների շրջանում էմպատիա առաջացնել բռնի իսլամացված հայերի, հատկապես Ցեղասպանության տարիներին թուրքերի ու քրդերի հետ ամուսնանալ հարկադրված հայ կանանց ապրած դրամաների հանդեպ:

- Թուրքական մեդիան դարձել է փոքր-ինչ միագիծ, բայց դարձյալ այն չենք կարող համեմատել ադրբեջանականի հետ. կան բազում ընդդիմադիր կայքեր։ Ո՞ր լրատվամիջոցներից եք Դուք Թուրքիայի մասին այլընտրանքային լրատվություն ստանում և  որո՞նք խորհուրդ կտաք կարդալ։

- Թուրքիայի մասին օբյեկտիվ լրատվություն հրապարակող այլընտրաքային լրատվամիջոցներից մեկը շարունակում է մնալ ձախակողմյան հայացքներ ունեցող «Էվրենսել»-ը, որը, բարեբախտաբար, առայժմ գործում է. արտակարգ դրության հետևանքով փակվել է միայն նրա մշակութային հավելվածը` «Էվրենսել Քյուլթյուր»-ը: Գլխավոր ընդդիմադիր թերթերից է քեմալական` Ժողովրդահանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Ջումհուրիյեթ»-ը, որն ի դեպ վերջերս համեմատաբար օբյեկտիվ է դարձել նաև հայկական թեմատիկայի նկատմամբ: Հետաքրքիր են «Դողան» հոլդինգին պատկանող «Հյուրիեթ» և «Փոսթա» պարբերականները, որոնք թեև Էրդողանի ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության կողմից համարվում են հակակառավարական մեդիա, սակայն զանազան ընդդիմադիր թերթեր կարծում են, որ դրանք իշխանամետ են: Եվ, իհարկե, Թուրքիայի մասին թուրքերեն լեզվով օբյեկտիվ տեղեկատվություն կարելի է ստանալ միջազգային այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներից, ինչպիսին է, օրինակ, CNN Turk-ը:

Զրույցը՝ Գոռ Երանյանի